ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ երգի օր» համերգային ծրագրի մասնակիցներին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նախօրեին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայ երգի օր» համերգային ծրագրի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նրանց հրաշալի կատարումների համար և մասնավորապես նշեց. «Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ համերգը կայացավ Կոմիտասի ծննդյան օրը: Դա մեր հարգանքի և հիշատակի տուրքն էր մեծ արվեստագետին: Նշանակալի էր նաև տարբեր երկրների կատարողների մասնակցությունը համերգին: Վստահ եմ, որ Հայաստանի հողի ու ժողովրդի հետ շփվելուց հետո՝ առավել ևս կկապվեք հայ  երգարվեստին»:

Այնուհետև, շնորհակալանքի ու երախտագիտության խոսքեր ասացին ներկաները՝ շեշտելով, որ շատ հուզված ու տպավորված են Հայաստանից, մշակութային կոթողներից ու ժողովրդից:

Արտահայտելով իր ջերմ զգացումները՝ շվեդացի կոմպոզիտոր և երգիչ  Քրիսթեր Վիկմարկն ասաց. «Ուրախ եմ, որ հանգամանքների բերումով առնչվել եմ Կոմիտասի ստեղծագործություններին և լինելով Հայաստանում խորապես հասկացա նրա երգարվեստի մեջ ներփակված քնքշությունն ու սերը: Որքան էլ որ հեռվից փորձես ճիշտ մեկնաբանել երաժշտությունը, այնուամենայնիվ, միայն ստեղծագործողի հայրենիքում լինելով կարող ես ավելի լավ ճանաչել ու հասկանալ նրան: Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է և ես ուզում եմ խնդրել՝ ավելի լավ պահպանեք Երևանի հին շինությունները, որոնք կրում են անցյալի հետքերն ու գեղեցկությունը»:

Իրենց տպավորություններն արտահայտեցին նաև Կարինե Հելլման-Գևորգյանը (Շվեդիա, Ստոկհոլմ), Ադել Ազրոյանը (ՌԴ, Մոսկվա), Բեթինա Հովսեփյանը (Իրան, Թեհրան), Սար Սարգսյանը (ԼՂՀ, Հադրութ):

Դաշնակահար Իռենա Կոֆմանը (ԱՄՆ, Մայամի) հայ ժողովրդի, նրա մշակույթի և մասնավորապես Կոմիտասի հանդեպ իր խոր հարգանքը հայտնելով՝ նշեց, որ այս ամենից հետո, ինքն իրեն հայ է զգում և շարունակելու է ընդլայնել կապը հայ երաժշտարվեստի հետ: Ապա ավելացրեց, որ Ֆլորիդայի համալսարանը, որտեղ ինքն աշխատում է, կրթաթոշակներ է տրամադրում շնորհալի երտասարդներին և ուրախ կլինի երբևէ այնտեղ տեսնել նաև հայ տաղանդավոր ուսանողների:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարի ճանապարհ և բարի վերադարձ մաղթեց արվեստագետներին և վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հաջորդ  փառատոները լինեն ավելի ընդգրկուն ու տպավորիչ:

Scroll Up