«Մեր Անկախությունը մեծ ձեռքբերում է, և այն իրավունք չունենք կորցնելու».Գայանե Աբգարյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում հյուրընկալված պարսկերեն լեզվի ուսուցչուհի, գրող Գայանե Աբգարյանը, ով 11 տարի ապրել ու աշխատել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրեն հայրենադարձ չի համարում, թեև ծնողները 1946-ին են հայրենադարձվել:

«1993թ. մայրիկիս ուղեկցությամբ մեկնեցի Թեհրան՝տեսակցելու քեռիներիս, այնտեղ ծանոթացա ապագա ամուսնուս՝ հայրենասեր մի հրաշալի հայորդու՝ Արմոնդի հետ, ամուսնացա և մնացի Թեհրանում: Կարծես նախախնամություն էր, որ պետք է հենց ծնողներիս ու հարազատներիս ծննդավայրում գտնեի իմ երջանկությունը, իմ կյանքի երկրորդ կեսին: Կարմիր դիպլոմով ավարտել էի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ունեի իրավագետի միջազգային դիպլոմ, աշխատում էի Արմավիրի գործադիր կոմիտեում (այն ժամանակ գործկոմ էին ասում) ՝որպես համակարգչային բաժնի պատասխանատու, այսինքն՝ արդեն կայացած մարդ ու մասնագետ էի, սակայն ճակատագիրն ինձ կապեց Թեհրանի հետ: Սկզբնական շրջանում շատ դժվար էր հարմարվել նոր միջավայրին, որովհետև գոյություն ունեն մշակութային, ավանդույթների ընդգծված տարբերություններ, բայց քանի որ ես էությամբ անհանգիստ, պրպտող մեկն եմ, գտա իմ գործունեության համար միջավայր՝ կապվելով տեղի հայկական միությունների հետ: «Սիփան» հայկական մարզամշակութային միությունում սկսեցի ասմունք պարապել ցանկություն հայտնողների հետ (վաղ տարիքից եմ սիրել ասմունքը և կապված եղել այդ մշակույթին), աղջկաս ծնվելուց հետո շարունակեցի աշխատել «Րաֆֆի» միությունում: Իմ մեջ բույն դրած ստեղծագործական լիցքերը դուրս հորդեցին և սկսեցի գրել. սկզբում պոեզիան էր իմ աշխարհը, տպագրվեց «Կարոտ» վերնագրով բանաստեղծություններիս ժողովածուն, որից հետո անցա արձակի ժանրին, և արդյունքում ծնվեց «Տաշած քարը գետնին չի մնա» գիրքս: Շատերն են զարմանում, որ  լինելով ճշգրիտ գիտությունների մասնագետ՝ ես դարձա գրող, սակայն ասեմ, որ հենց այդ գիտելիքներն էլ ինձ  ավելի շատ օգնեցին ստեղծագործական կյանքում՝ գրելու նպատակային  գործեր՝ առանց ավելորդաբանությունների: Երբ երեխաներս մի քիչ մեծացան, ես աշխատանքի անցա Թեհրանի «Նաիրի» հրատարակչությունում և տպագրեցի իմ «Ոսկետառ այբուբեն»-ը, որը միանգամից ընդունվեց և սպառվեց. այն ավելի շատ ուղարկվում էր Միացյալ Նահանգներ: Երբ վերադարձա Հայաստան, ծնվեցին «Ոսկետառ այբուբեն-2», «Հանելուկներ՝այբուբենով» գրքերս: Դրանք վաճառվեցին Հայաստանի գրախանութներում. մեր թաղապետարանը 50 օրինակ ինձանից վերցրեց և մեկական օրինակ բաժանեց մանկապարտեզներին: Այս տարի իմ ծննդավայրի՝ Արմավիրի մարզպետարանը, որտեղ ես նախկինում աշխատել եմ, ինձանից վերցնում է 200-300 օրինակ գիրք և բաժանում մանկապարտեզներին: Շարունակում եմ ստեղծագործել, ապրել իմ ընտանիքի ու Հայրենիքիս հոգսերով, ուրախություններով: Աղջիկներս  փայլուն առաջադիմությամբ ավարտել են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և նույնկերպ շարունակում են սովորել համալսարանում: Արդեն 4-րդ տարին է, ինչ ես աշխատում եմ Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում՝ սովորեցնելով պարսկերեն լեզու: Արդեն  հիմնում եմ պարսկերենի ուսուցման իմ սեփական կենտրոնը, ուսումնական ծրագրեր եմ կազմում, որոնք գրեթե պատրաստ են: Հպարտությամբ կարող եմ ասել, որ իմ աշակերտներն ու ուսանողներն իրենց սովորած պարսկերենի իմացությամբ այսօր աշխատում են մեր կյանքի տարբեր և կարևոր ոլորտներում: Շատ կարևոր է իմանալ, հասկանալ հարևանի լեզուն: Իրանի ժողովուրդը սիրում է հայերին, մեծ հարգանք տածում մեր բազմադարյա մշակույթի հանդեպ: 2005-ին վերադարձանք Հայրենիք. այստեղ էլ դժվարությամբ հարմարվեցինք, հատկապես՝ երեխաներս: Ես կուզեի խնդրել, որ իրանահայերին այստեղ պարսկահայ, պարսիկ չանվանեն. դա շատ նուրբ հարց է, թվում է, թե մանրուք է, սակայն վիրավորական է: Այնտեղ էլ ինձ շարունակ անվանում էին՝ հայաստանցի՛, հայաստանցի՛…Ես «Ալիք» օրաթերթում այդ առիթով  մի հոդված էի գրել «Ո՞վ եմ ես» վերնագրով: Աշխարհով մեկ սփռված բոլոր հայերը պետք է կոչվեն՝ ՀԱ՛Յ ու՝ վե՛րջ»:

Տիկին  Գայանե Աբգարյանի հետ մեր հաճելի զրույցը՝ համեմված  իրանահայերի  հաճելի «խոշ»  բառուբանով, ավարտվեց հայրենասիրության, Հայրենիքի մասին, Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով ունեցած նրա  ցանկություններով ու սրտաբուխ բարեմաղթանքով.

 «Ես 2005-ից Հայաստանում եմ, սակայն, որպես Իրանի քաղաքացի, ես այնտեղից նավթի բաժնեմասի գումար եմ ստանում: Հայաստանն էլ ունի ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքեր, որոնք ժողովրդի սեփականությունն են, և ժողովուրդն իր բաժնեմասը պետք է ունենա: Եթե այսպես մտածենք ու գործենք, մեր երկիրը հզոր կլինի, ժողովուրդը՝ միասնական, երջանիկ, բոլորը բարեկեցիկ կապրեն: Սա իմ երազանքն Է, որին մեր ժողովուրդը շատ արժանի է: Մեր Անկախությունը շատ մեծ ձեռքբերում է, որին հասել ենք մարդկային կորուստների ու տառապանքի գնով. մենք այն իրավունք չունենք կորցնելու»:

Զրուցեց Կարինե Ավագյան

 

Scroll Up