Արդյունքի հասնելու համար Հայրենիքը սիրենք գործնականում

Այս գարունն ինձ ու համոզված եմ, էլի շատերի համար փոփոխությունների գարուն էր, չեմ վախենա ու կասեմ` հեղափոխական գարուն: 2016-ի ապրիլը հայերիս համար ասես շրջադարձային է` ապրելու, պայքարի ու վերածնվելու ամիս: 2016-ի ապրիլի 2-ին մենք արթնացանք բոլորովին այլ Հայաստանում, որտեղ մանր ու անձնական խնդիրներին փոխարինելու եկավ մեկ ընդհանուր, համահայկական, վերանձնական ու միաժամանակ բոլորիս համար անձնական մի հարց` մեր փխրուն խաղաղության, մեր սահմանների անառիկության հարցը: Բոլորս, անկախ դիրքից ու տարիքից, անկախ աշխարհագրական վայրից, լուռ ցավեցինք մեր տղաների կորուստը ու վերաիմաստավորեցինք մեր գոյությունը:

Վերաիմասատավորում. ահա այն բանալի բառը, որ երեկ հնչեց նաև ՀՀ Կառավարության ղեկավարի շուրթերից: «Քառօրյա պատերազմն ստիպեց վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը,-ասաց Հովիկ Աբրահամյանն ու կոչ արեց կրկրնապատկել, եռապատկել ջանքերը` արդյունավետ պետություն դառնալու համար: Սրանք հենց այնպես խոսքեր չէին` անհասցե ու վերացական, սրանք խոսքեր են` ուղղված յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես` պետական համակարգի ծառայողին, մարդուն, ով ինքն է կերտում է իր պետությունը, ով պատասխանատու է արդյունքների համար:

Ուզում եմ ընդգծել այս բառը, որովհետև սա այն բացառիկ ելույթներից էր, երբ շեշտը դրվում է ոչ թե անելիքներին, պլանների ու ցանկությունների վրա, այլ շոշափելի արդյունքների, որ մեզանից յուրաքանչյուրը ուզում է զգալ իր երկրում, և որին հասնելու համար ամեն ոք ինքը պետք է մեծ ջանք թափի: Իսկ ինչպես. Կառավարության ղեկավարն իհարկե հուշեց նաև դրա ճանապարհները` կրճատել այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Վարչապետը բացեց նաև փակագծերը. դրանք  գործուղումներն են, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Բայց այս ամենն, իհարկե, էլի չեն տա այն ցանկալի շոշափելի արդյունքը, եթե յուրաքանչյուրս` կրտսեր ծառայողից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, չվերանայենք մեր մոտեցումները: Արդյո՞ք մենք ամեն ինչ ենք անում` մեր աշխատանքի ու մեր պետության համար, արդյո՞ք սա առավելագույնն է, որ ես կարող եմ անել: Ահա այն կարևոր հարցադրումը, որ տվեցի առաջինը ինքս ինձ, երբ կարդացի Կառավարության ղեկավարի ելույթը: Կարծում եմ, պետք է ազնիվ գտնվել, ու ասել, որ ոչ, որովհետև հաճախ պայմանականությունները, որոնցով մենք շրջապատել են մեզ, սահմանափակում են ինքներս մեզ: Օրինակ` երբ կրտսեր ծառայողն ասում է` ինչու պիտի ես ավելին անեմ, քան իմ վերադասը, կամ ինչու պիտի անեմ մի բան, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում, միթե ես դրա դիմաց ավելին եմ վարձատրվում…Բոլոր այս հարցերին ի պատասխան մի փոքրիկ օրինակ եմ ուզում ներկայացնել: Ի՞նչ է անում հայ մայրը, երբ երեխան հիվանդ է, ու խնամքի կարիք ունի. Պատասխանը` ամեն ինչ: Նա չի տրտնջում, որ այս կամ այն գործն իր պարտականությունը չի, չի բողոքում, երբ «արտաժամյա» է «մայրություն անում», ու գերբնական սիրով, ջանասիրությամբ ոտքի է կանգնեցնում երեխային` առանց դրա դիմաց որևէ բան ակնկալելու: Եվ ուրեմն, վարվենք մեր պետության հետ մայրաբար, անենք ավելին, քան թվում է` կարող ենք, ու արդյունքը, համոզված եմ, շատ սպասեցնել չի տա: Նժդեհն է ասել` ոչինչ է այն ամենը, ինչ արել ես Հայրենիքի համար, եթե ամեն ինչ չես արել ….

 Ջուլիետա Մաթևոսյան

Հայերն այսօր

Լուսանկարը` 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող մրցույթի աշխատանքներից:

Scroll Up