Լինա Գագիկյան. ճանաչենք այս շնորհալի հայուհուն
Հայոց պատմության էջերին ոսկեդրոշմով են կնքված հայ ոսկեձեռիկ վարպետների՝ ծաղկողների, խաչքարագործների, նկարիչ-քանդակագործների, գորգագործների, ոսկերիչների, ճարտարապետների, շինարարների անունները: Աստված ի վերուստ աշխարհաշեն առաջին ժողովրդին՝ հայերին, բազում շնորհներով է օժտել. դեռևս վաղ դարերից հայի շնորհաշատ ձեռքերն ու ստեղծագործ միտքը, դրան ավելացրած՝ աշխատասիրությունը, դարձել են աշխարհաճանաչ գործերի խորհրդանիշներ… Այսօր էլ, մեր ժամանակներում, բարեբախտաբար, մշտահոս է երկունքի այս զուլալ աղբյուրը, անհատնում հայի շնորհքը:
…Նկարչուհի Լինա Գագիկյանը մեկն է նրանցից, ով իր հեղինակային հրաշալի գործերով՝ զարդերի ստեղծման, բազմազան էսքիզների գրաֆիկական մշակմամբ, ասեղով մետաղի վրա արված նկարչությամբ իր ուրույն տեղն է գրավել մեր հայ արվեստի ոլորտում: Նայելով նրա ինքնատիպ աշխատանքները՝ չես կարող դրանք շփոթել մեկ ուրիշի ձեռագրի հետ: Լինան կարողացավ կայանալ ստեղծագործ մտքի թռիչքների և անսահման աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ: “PiaFchik handmade”-ի ուրույն աշխատանքների հեղինակ Լինա Գագիկյանը ստեղծագործում է նմանը չունեցող, եզակի օրինակով զարդեր, որոնց պատրաստումը համառ ու երկարատև աշխատանք, մասնագիտական կարողություններ և խորագիտություն են պահանջում: Նա յուրաքանչյուր զարդի վրա նկարչություն է անում. ասեղով նկարելով, փորագրելով մետաղի վրա, այնուհետև խորացնելով ստացված ակոսիկները, ստեղծելով թթվային միջավայր՝ դրանք գունավորում է, որպեսզի տվյալ ստեղծագործությունը նմանվի հնաբույր, արծաթականաչին խփող զարդերին: Աշխատանքները չեն ձուլվում, չեն կրկնօրինակվում. Լինայի ստեղծագործությունները մեկական օրինակից են, և որևէ մեկի պարանոցին, ձեռքին չեք տեսնի նույն զարդերից:
…Արվետսագետ, նկարիչ, քանդակագործ կոչումը շատ պարտավորեցնող է. և ամեն ոք, ով այսօր կարող է մի քանի ուլունքով և զանազան դետալներով նմանատպ, պարզունակ գործերով ներկայանալ իբրև ստեղծագործող՝ դա պրոֆեսիոնալ լինելուց շատ հեռու սիրողական աշխատանք է:
“PiaFchik”-ի մոտ առանձնապես ցայտուն է դրսևորված յուրաքանչյուր աշխատանքի հանդեպ նրա անհատական մոտեցումը, պատասխանատվությունն ու սերը: Նրա համար սիրած աշխատանքը լոկ պարտականություն, պատվեր չէ, այլ նաև՝ այդ շրջանակներից դուրս մի աշխարհ, որի հեղինակը կտրված է երկրային, առօրյա-կենցաղային կյանքից, մի աշխարհ, ուր թագավորում են գույները, նախշերը, գծերն ու ձևերը… Դրանցից մեծ մասում արվեստագետը հայադրոշմ, ազգային նախշազարդերով է առաջնորդվում: “PiaFchik” հեղինակային ձեռագործ զարդերի հիմնադիր, նրբագեղ, երիտասարդ ու համեստ հայուհին աշխատում է, ստեղծագործում է՝ առանց մտածելու փառքի մասին, իսկ ճանաչումն ինքն գնում է նրա հետքերով: Հեղինակությունն ու ճանաչումը գալիս են ժամանակի ընթացքում: Գալիս են՝ փաստելու, որ մարդու մտքի ու ձեռքի ստեղծագործ տքնանքն իզուր չի անցնում, որ լավագույն գնահատականը գտնում է հասցեատիրոջը և իբրև արժանի պարգև՝ տրվում նրան: Անշուշտ, աշխատանքային հաջողությունների գրավականներից մեկն էլ Լինայի ստացած նկարչական կրթությունն է նաև: Լինայի ձեռքի յուրօրինակ աշխատանքներում թերևս գերակշռում են կապույտով, փիրուզագույնով, արծաթագույնով արված ապարանջանները, կախազարդերը, ականջօղերը, մատանիները, կրծքազարդերը, որոնք գրեթե բոլորն էլ հայկական ազգային մասնիկներ ունեն, հիշեցնում են մեր թռչնակերպ, նռնաձև ժայռապատկերները: Դրանցում ասես հառնում են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և մեր ոսկեձեռիկ մյուս հայ վարպետների մանրանկարները: “PiaFchik”-ի աշխատանքներին պետք է նայել ոչ որպես սոսկ ապարանջան կամ ականջօղ՝ դրվագված հայկական ազգային պատկերներով. դրանք հայոց պատմության տարբեր դարաշրջաններ են խորհրդանշում, նաև հիշեցնում են հին Վանի թագավորության պատկերներ: Կախազարդը կարող է հայ կանանց կամ տղամարդկանց պարերի շարան լինել, ապարանջանն ունի ի՛ր պատմությունը, քարերն էլ հենց այնպես չեն ընտրված, դրանք ունեն իրենց նախապատմությունը և ինչ-որ բան են խորհրդանշում:
Տիգրան Մեծ, Աստվածամայր՝ մանուկ Հիսուսը գրկին, հայկական արդուզարդով հայուհու դեմք, խաչապատկեր, առյուծապատկեր, հայ կնոջ, հայ մոր պատկեր, Հայկ նահապետի աղեղնաձիգ պատկերով դրվագված մատանի, Անահիտ աստվածուհու պատկերով դրվագված վզնոց, Հիսուսին խոցած գեղարդաձև ականջօղեր, գոտեճարմանդներ… ահա սրա՛նք են “PiaFchik”-ի՝ ասես անձեռակերտ աշխատանքները, որոնք, ներկայացվելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ բարեգործական, արժանացել են բարձր գնահատանքի և հիացմունքի: Հետաքրքիր են նաև կաշվե ապարանջանները, դրամապանակները, որոնց վրա անպայման որևէ նախշազարդ կա: Այդ զարդերից և ոչ մեկը չի կրկնում մյուսից ոչ մի մասնիկ ու մանրուք: Դրանք էականորեն շատ տարբեր են, սակայն նման են իրենց խորհրդավորությամբ ու հմայքով: Այն, ինչ անում է Լինա Գագիկյանը, պահանջում է և՛ մասնագիտական կրթություն, և՛ ի վերուստ տրված ձիրք, և՛ ժամանակի ընթացքում ձեռք բերած փորձառություն: Նա կյա՛նք, շո՛ւնչ է հաղորդում անխոս մետաղներին և թվում է՝ դրանք խոսում են մեր դարավոր պատմության ու մշակույթի մասին: Լինայի աշխատանքները կարելի է անվանել ասեղնագործ ու երգող մետաղներ: 2013-ին հիմնադրելով իր սեփական արվեստանոցը՝ Լինայի հեղինակային ձեռագործ զարդերը շատերն սկսեցին ճանաչել և ձեռք բերել: Դրանք արված են հայ մանրանկարչության սկզբունքներով: Մինչև աշխատանքներին կյանք հաղորդելը՝ Լինան ստեղծում է նաև դրանց էսքիզները: “PiaFchik Handmade”-ի հայադրոշմ զարդերը ցանկալի են բոլոր նրբաճաշակ մարդկանց համար:
Լինան համագործակում է ճանաչված շատ ընկերությունների հետ և ապրում է նաև իր հետաքրքիր, յուրօրինակ «մոլորակում»՝ մասնագիտական հմտություններին ավելացնելով նորարարական մոտեցումներն, ու այդ ամենը զարգացնելով ազգային հենքի վրա:
…Գովեստներից խուսափող այս նաիրուհին՝ Լինա Գագիկյանն, իր աստվածաշնորհ պարգևի ակունքն առաջին հերթին համարում է հայ ժողովրդի հարուստ պատմությունը, որից սնվում է և չի դադարում ուսումնասիրել, չի դադարում զարմանալ, հիանալ, նաև՝ հիացնել մեզ: Հուսանք, որ “PiaFchik Handmade”-ը միջազգայն շուկաներում, ցուցահանդեսներում մշտապես իրեն արժանի մրցահարթակ կգրավի:
Կարինե Ավագյան