Անկախության հռչակագրի ընդունումից 26 տարի անց. Պատառիկներ Հրանուշ Հակոբյանի 1990 թվականի օգոստոսի 23-ի ելույթից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/181.jpg)
26 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության գործունեության պայմաններում Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը դրվեց:
«Հայերն այսօրը» փորձեց անդրադառնալ այդ օրերի խորհրդարանի անցուդարձին: Մեզ հետաքրքրեց Գերագույն խորհրդի այն ժամանակվա պատգամավոր, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 1990 թվականի օգոստոսի 23-ի ելույթը, որից կփորձենք «պատառիկներ» ներկայացնել:
Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում պատգամավորների ցանկությունը մեկն էր՝ ընդունել Անկախության հռչակագիրը, հիմք դնել Հայաստանի անկախացման գործընթացին: Այսինքն, այս քայլով իրականություն դարձնել հայ ժողովրդի դարավոր երազանքը: 20-րդ դարավերջին ազատ ու անկախ հայրենիք ունենալու պահը հասունացել էր, ինչն էլ իր ելույթի սկզբում շեշտել է Հրանուշ Հակոբյանը. «Միանգամայն ճիշտ է այն արտահայտությունը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Հետևաբար մեր նպատակը պետք է լինի անկախ պետության հաստատումը՝ ելնելով այսօրվա հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեսական իրավիճակից»:
Անդրադառնալով Հայ դատին ՝ պատգամավորն իր ելույթում առաջարկել է ձևակերպում գտնել, որը հնարավորություն կտա Հռչակագրում չմոռանալ պահանջատիրության խնդիրը. «Մենք իրավունք չունենք մեզանից վանելու մեր օրգանիզմի ամբողջ մի մասը՝ Սփյուռքը, որը ապրում է, գոյատևում է հենց պահանջատիրությամբ, Հայ դատով: Այս առումով ես կարծում եմ, որ պետք է գտնել ճկուն, դիվանագիտական մի ձևակերպում, որը հնարավորություն կտա մեր ամբողջ Հռչակագրում չմոռանալ մեր պահանջատիրության խնդիրը»:
Այն հարցին, թե Հռչակագիրն ում կամքը պետք է արտահայտի, պատգամավոր Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Հռչակագիրը պետք է արտահայտի ոչ թե Հայաստանի ժողովրդի կամքը, այլ՝ հայ ժողովրդի, այսինքն՝ համազգային խնդիրները համատեղ լուծելու տեսլականը. «Առաջարկում եմ նախաբանի (Հռչակագրի) առաջին նախադասությունում «արտահայտելով Հայաստանի ժողովրդի կամքը» բառակապակցության փոխարեն գրել «արտահայտելով հայ ժողովրդի կամքը»:
Ժողովրդավարությունն առանց համամարդկային արժեքների որդեգրման չի կարող զարգանալ: Հետաքրքրական է, որ պատգամավորը շեշտել է. «Հռչակագիրը պետք է բխի համամարդկային արժեքների գերապատվության սկզբունքից»՝ առաջարկելով այն ներառել Հռչակագրում:
Ժողովրդավարական, իրավական պետության կառուցման կարևոր պայմաններից մեկն օրենքի իշխանության հաստատումն է, որի մասին պատգամավոր Հակոբյանը նշել է. «Եթե մենք այսօր խոսում ենք դեմոկրատիայի մասին, ժողովրդավարության մասին, ապա ճիշտ կլինի մենք ավելացնենք. «օրենքի առջև բոլոր քաղաքացիները հավասար են»:
Այդ ժամանակ հայ ժողովրդի և Հայոց պետության գերագույն իշխանությունը ներկայացնում էր Գերագույն խորհուրդը: Այս մասին իր ելույթում Հրանուշ Հակոբյանը նշել է. «Հայաստանի ժողովրդի անունից իրավունք ունի հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը» և շարունակել. «Զորքերի ձևավորումը, տեղաբաշխումը պետք է կատարվի միայն Գերագույն խորհրդի որոշմամբ և կախված չլինի որևէ մեկից»:
Խոսելով ժողովրդավարական հասարակության ստեղծման ամենաէական սկզբունքի մասին՝ պատգամավորը ընդգծում է. «Ժողովրդավարական, իրավական հասարակարգի հաստատման հիմքում ընկած է իշխանության բաժանումը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների»:
Անդրադառնալով հաջորդ սկզբունքին՝ պատգամավորը կարծիք է հայտնել բազմակուսակցական համակարգի անհրաժեշտության և հասարակական կազմակերպությունների գործունեության մասին. «Ես ամբողջությամբ պաշտպանում եմ բազմակուսակցության գաղափարը, բայց «կուսակցություններ» բառից հետո առաջարկում եմ ավելացնել նաև «կազմակերպություններ» բառը, որովհետև մեր հանրապետությունում, ինչպես գիտեք, ծնվում են ավելի շատ կազմակերպություններ, քան կուսակցություններ»:
26 տարի առաջ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը մտահոգվել է նաև Մայրենիի խնդրով և իր ելույթում ասել, որ լեզվի մասին ձևակերպումը պետք է տեղ գտնի Հռչակագրում. «Պետական լեզվի մասին պետք է անպայման ձևակերպել»:
Նկատի ունենալով այն իրավիճակը, երբ Հայաստանը գտնվում էր աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման բարդ փուլում, երբ ընթանում էր ԼՂՀ ինքնորոշման իրավունքի համար մղվող Արցախյան պատերազմը, երբ մոտ կես միլիոն մարդ էր բռնագաղթել Ադրբեջանից, պատգամավոր Հրանուշ Հակոբյանն իր ելույթում տեսակետ է հայտնել, որ ներկա իրավիճակի մասին քաղաքական գնահատականներ պետք է տալ, և դրանք պետք է տեղ գտնեն Հռչակագրում. «Մենք պետք է ելնենք նաև այն առանձնահատկությունից, որի մեջ այսօր գտնվում է մեր հանրապետությունը: Դա Ղարաբաղի խնդիրն է, դա երկրաշարժի գոտին է և բռնագաղթվածներն են: Սրանք լուրջ քաղաքական հարցադրումներ են, որոնք պետք է տեղ գտնեն Հռչակագրում»: