«Հայրենիքում քեզ միշտ հանգիստ ու ապահով ես զգում».Վիկտորյա Ասլանյան

«Golden Grape ArmAs» գինու և կոնյակի գործարանի տնօրեն, գործարար Վիկտորյա Ասլանյանը մասնակցում էր ՀՀ սփյուքի նապարարության կազմակերպած «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» հավաք-հանդիպմանը:

Վիկտորյա Ասլանյանի հայրը՝ Արմեն Ասլանյանը, 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնալով՝ ներդրումային մեծ ծրագիր է իրականացնել. Արագածոտնի մարզում խաղողի պտղատու այգիներ է տնկել և գործարան բացել:

«Երբ 2009 թվականին Լոս Անջելեսից Հայաստան եկանք, չէինք պատկերացնում, որ հայրս մեծամասշտաբ այդպիսի գործունեություն է սկսել ծավալել: Շատ ոգևորվեցինք, հիացանք նրա նախաձեռնությունից և միանգամից որոշեցինք հայրենադարձվել, որպեսզի նրա կողքին գտնվենք և շարունակենք միասին կատարել հետագա աշխատանքները»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վիկտորյա Ասլանյանը՝ հավելելով, որ ուրախ են զգում ներդրում կատարելով նպաստել Հայաստանի շենացմանը:

Օտար ափերում տասնութ տարի ապրելուց հետո վերադառնալով Հայաստան՝ (ծնվել է Երևանում-հեղ) Վիկտորյան անվարան փաստում է, որ Հայաստանից լավ տեղ չկա աշխարհում, ընտանիքից հետո Հայրենիքն է այն հարազատ օջախը, որտեղ միշտ քեզ հանգիստ ու ապահով ես զգում: Իհարկե, վերադառնալուց հետո դժվարությունների հանդիպել է, սակայն չի վհատվել, լավատեսությամբ լցված առաջ է ընթացել՝ մտածելով, որ բոլոր դժվարությունները  ժամանակավոր բնույթ են կրում:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up