Ավստրալահայ գործիչ Ստեփան Գրգեաշարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Օգոստոսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ,  Խտրականության դեմ խորհրդի նախագահ, «Գրգեաշարյան և Կայիկյան» հիմնադրամի հիմնադիր Ստեփան Գրգեաշարյանին: Տեր և տիկին Գրգեաշարյաններն իրենց օգնությունն են բերել Արցախին:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորեց ազգային գործիչ Ս. Գրգեաշարյանի  հայապահպանությանն ուղղված ակտիվ գործունեությունը: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ, որ մեծ աշխատանք եք կատարում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ միասին՝ համայնքը միավորելու, պահպանելու ուղղությամբ»:

 Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի քառօրյա պատերազմի և վերջին իրադարձությունների հետ կապված սփյուռքյան արձագանքներին: Նախարարը երախտագիտությամբ նշեց քառօրյա պատերազմի օրերին և հետո Սփյուռքի ցուցաբերած համակողմաի օգնության մասին. «Սփյուռքը ապրիլյան ծանր օրերին շատ սատարեց Արցախին և այսօր էլ այդ օգնությունը շարունակվում է: Շնորհակալ ենք», հավելեց նա:

Ս. Գրգեաշարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Հայաստանի հզորացմանը, տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման իր տեսլականը:

Քննարկվեցին համայնքային, կազմակերպական և հետագա համագործակցության հարցեր:

Scroll Up