«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակից երգչախմբերն այցելեցին Շիրակի մարզ

Օգոստոսի 5-ին մեկնարկեց Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերը», որի շրջանակներում մասնակից երգչախմբերը օգոստոսի 7-ին այցելեցին Շիրակի մարզ:

Գյումրիում Սփյուռքից ժամանած երգչախմբերն այցելեցին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի: 

Երեկոյան Գյումրու քաղաքապետարանի Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Ռուսաստանի «Շողեր», Վրաստանի «Ներսես Շնորհալի», Լիբանանի «Այգ» երիտասադական, Արցախի «Վարանդա», Եգիպտոսի «Արաքս», Էստոնիայի «Երազանք», Իրանի «Տաթև» երգչախմբերը:

«Շողեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած երգչախմբերն առաջին տարվանից մասնակցել են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երգչախմբի անդամներն ուրախ են, որ փառատոնի շրջանակներում հնարավորություն են ունենում այցելելու Հայաստան և իրենց երգը ներկայացնելու հայաստանյան հանդիսատեսին:

Երգչախմբի երգչուհի Ռուզաննա Սաֆարյանը նշեց, որ երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին և շատ ոգևորված է, որ այս պահին Հայաստանում է: 

Արցախի «Վարանդա» երգչախմբի ելույթից առաջ գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը նշեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է «Վարանդայի» նախկին երգիչ Սարգիս Գասպարյանը: «Միասնությունը զորություն է». այս խոսքերով Զաքար Քեշիշյանի ղեկավարած երկու երգչախմբերը՝ «Այգը» և «Վարանդան», կատարեցին «Ապրիլ կրկին»  ստեղծագործությունը:

Համերգի վերջում ելույթ ունեցան Գյումրու Հայորդյաց տան սաները, որոնք պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

«Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին՝ փառատոնի սփյուռքահայ մասնակիցներին հյուրընկալելու համար: Եգիպտոսի «Արաքս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը Միհրան Ղազելյանը հուշանվեր հանձնեց Շիրակի մարզպետարանին:

Տաթև Դավթյան

շիրակշիրակ1շիրակ2շիրակ3 շիրակ4շիրակ5շիրակ6շիրակ7 շիրակ8շիրակ10 շիրակ11շիրակ12 շիրակ13շիրակ14 շիրակ15 շիրակ16

Scroll Up