Իսրայելում առաջարկում են ստորագրահավաք անել Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգում ներառելու համար

Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի որոշ պատգամավորներ առաջարկել են ստորագրահավաք կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու համար:
Այս մասին նշեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը` անդրադառնալով օգոստոսի 1-ին Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահի խոսքերը, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կշիռ հաղորդեցին գործընթացին և, կարծես, մարտահրավեր եղավ լիագումար նիստին: Ընդգծվեց, որ չի կարելի այդպես շարունակել, ու հարցն անընդհատ ձգձգել: Կնեսետի պատգամավորների համար դժվարին իրավիճակ էր ստեղծվել: Նրանք քննարկում էին Կնեսետի կանոնակարգը, փորձում էին հասկանալ, թե ինչպես հարցն առաջ տանեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկաները հիմնականում դրական էին տրամադրված և ցանկանում են գործն առաջ տանել: Առաջարկ եղավ հարցը լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար ստորագրահավաք կազմակերպել»,-ասաց Հակոբ Սևանը:
Նրա խոսքով, հանձնաժողովի քննարկմանը ներկա էր Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, և պարզ դարձավ, որ այդ կառույցի տեսակետում ոչ մի փոփոխություն չկա:
«Ինչպես հուլիսի 7-ի ելույթներից երևաց, կարծես, Արտգործնախարարությունում հակված չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Չնայած, պատգամավորների շրջանում ընդհանուր առմամբ հայկական հարցի վերաբերյալ դրական տրամադրվածություն կա: Եվ եթե թույլ տրվի, որ նրանք ազատ քվեարկեն, ապա հաջողություն կլինի»,-ասաց Հակոբ Սևանը:
Նա տեղեկացրեց, որ 10 օրից խորհրդարանն արձակուրդ է գնում: Այն աշխատանքը կսկսի երկու ամիս անց:
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին. հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով` հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար: