Հայերենի յուրաքանչյուր հնչյուն իր փիլիսոփայությունն ունի. «Սփյուռք» ամառային դպրոց-2016
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/մասնակիցներ-Ուկրաինայից.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացին մասնակցում են տարբեր երկրներից եկած հայ երիտասարդներ, որոնց նպատակը մեկն է՝ տիրապետել մայրենիին որքան հնարավոր է լավ: Նրանցից ոմանք նոր են սկսել հայերեն սովորել, ոմանք էլ իմացածն ավելի կատարելագործելու և զարգացնելու ցանկություն ունեն: Մեկամսյա դասընթացը նրանց համար գիտելիքների շտեմարան է, հայեցի մթնոլորտ ու նախևառաջ՝ հայրենիքին կապող ևս մեկ թել, հիշողությունների ու հայ լինելու զգացողության ազդակ, որը նրանց կյանքում դեռ երկար կզարկի՝ անընդհատ հիշեցնելով իրենց ինքնության և մայրենիի մասին:
Դասընթացին մասնակցում են նաև Կիևից եկած մի խումբ հայուհիներ: Նրանց մայրենիի ուսուցչուհու՝ Ռուզաննա Մարտիրոսյանի հայեցի գործունեությանն արդեն իսկ անդրադարձել ենք: Տիկին Ռուզաննան այնքան նվիրումով և հոգատարությամբ էր պատմում իր ուսանողների մասին, որ ցանկություն առաջացավ նրանց ևս հանդիպելու և զրուցելու: Հայուհիներ Կարինեի, Մարինայի, Միլանայի, Միլենայի, Իլոնայի, Լիանայի և Բելլայի հետ զրույցը բավականին անմիջական և ընկերական ստացվեց: Ահա թե «Հայերն այսօրի» թղթակցին ինչ են պատմում հայուհիները հայերեն սովորելու ցանկության, Արցախ այցելության և ինքնության կարևորության մասին:
Հայերեն սովորելը՝ օրվա հրամայական
-Ավելի լավ է ուշ, քան երբեք: Մենք սկսել ենք հայերեն սովորել բավականին հասուն տարիքում, երբ մեզանից ոմանք արդեն կրթություն, մասնագիտություն և աշխատանք ունեին: Սակայն մայրենին սովորելու ցանկությունը տարիների խոհեմության հետ քիչ-քիչ վերածվեց անհրաժեշտության: Դա միայն ցանկություն չէր կամ քմահաճություն՝ սովորել ևս մեկ լեզու, ո´չ, դա մեր ներքին դրդումն էր, մեր ներաշխարհի ձայնը, որը մեզ հասցրեց այս գիտակցությանը: Մեզանից ոմանց միայն մեկ ծնողն է հայ: Հասկանում եք՝ երբ մայրն է հայ, նա մայրական բնազդով իր երեխաներին սովորեցնում է իր լեզուն՝ մայրենին, իսկ երբ հակառակն է, շատ հաճախ հայերենը մոռացվում է, չի գործածվում, իսկ հիմնական ու տարածված հաղորդակցման լեզուն թելադրում է իր կանոնները: Մենք էլ մի օր ծնող ենք դառնալու, երեխաներ ունենալու և չենք կարողանալու նրանց հայերեն սովորեցնել: Իսկ լեզվից նահանջը ինքնությունից հեռանալու առաջին ազդակն է: Ահա այսպես՝ հայերեն սովորելու մեր ներքին ցանկությունը, պահանջը իրականանալու, դրսևորվելու հարմար պահը գտավ: Այստեղ մեծ դեր է խաղում նաև հնարավորության առկայությունը: Եթե չլինեին Ռուզաննա Մարտիրոսյանի՝ մեր ուսուցչուհու կազմակերպած դասընթացները, մենք երևի չկարողանայինք անգամ այսքան մեծ պատրաստակամության պարագայում հայերեն սովորել: Նա իսկական ուսուցիչ է, հայ, նրա մեջ ամեն բան է հայկական: Մենք դեռ այդպիսի մեկին չենք ճանաչում, որ հայրենիքը ամեն բջիջով, հոգու յուրաքանչյուր թրթիռով զգա: Նրա շնորհիվ ենք մենք այստեղ այսօր, նրա շնորհիվ ենք մենք սովորում հայերեն, զգում հայերենը: Տիկին Ռուզաննայի դասընթացները միայն լեզվի դասեր չեն մեզ համար, դրանք հայրենասիրության, հայեցիության դասեր են ամենից առաջ: Մենք երբեք չենք մոռանա հայերեն սովորելու առաջին օրը, երբ ընկեր Մարտիրոսյանը նվագում էր, իսկ մենք Հայաստանի օրհներգն էինք երգում: Մեզանից յուրաքանչյուրը երազանք ունի՝ հայերեն մտածել, տիրապետել լեզվի ամբողջ գանձարանին, հարստությանը: Հայերենը բարդ լեզու է, սակայն յուրաքանչյուր հնչյուն իր փիլիսոփայությունն ունի, իր յուրահատկությունը, տառերի մեջ պատգամ կա, բառերի մեջ՝ ոգեղենություն: Ու գնալով մենք մտնում ենք այս ամենի մեջ: Սակայն լեզուն միայն տառ ու բառ չէ, այն նախևառաջ մտածողություն է, գենի տրամաբանություն, կենսակերպ ու մշակույթ: Մենք սովորում ենք հայերեն և գնալով ավելի ենք զգում մեր մշակույթը: Շատերն են հարցրել մեզ՝ ինչո՞ւ ձեր մայրենին չգիտեք, եթե հայ եք, ինչու՞ հայերեն չեք խոսում: Հոգնեցուցիչ հարց է, երբեմն, չենք վախենա ասել՝ ամոթալի: Այդ ինչպե՞ս եղավ, որ ռուսերեն լավ գիտենք, անգլերեն սովորել ենք, սակայն մեր լեզուն՝ հայերենը, չգիտենք: Սա արդարացում չունի, ու թող ոչ ոք չփորձի հակառակը ապացուցել: Դա մենք մեր փորձից ենք ասում: Սակայն միայն պարտավորվածությունը մեզ չի հասցրել մայրենին սովորելու որոշմանը: Եթե այդպես լիներ, մենք մեկ շաբաթ, մեկ ամիս հետո կթողնեինք ուսուցումն ու մեր առօրյա ծանրաբեռնված կյանքին կվերադառնայինք: Ո´չ, մեզ բավարարվածություն է տալիս հայերեն սովորելը, հպարտությունն է ներարկում, ինքնավստահություն: Արդեն մեկ տարի է՝ մենք օր-օրի ավելի ենք մոտենում-մերձենում Հայաստանին: Ամեն օր մեզ ավելի է համակում մեր հայրենիքը ճանաչելու, ճանաչելով սիրելու ցանկությունը:
Մենք հասցրեցինք անգամ Արցախում լինել: Այն շքեղ է: Ամեն օր վերածնվում է, վերընձյուղվում: Գնում ես ժամերով՝ կանաչի մեջ, կանաչով պատված, մեկ էլ Ստեփանակերտն ու Շուշին են հառնում: Մայրաքաղաք Ստեփանակերտը կարծես Արցախի սիրտը լինի: Ասում ենք, չէ՝ Երևանը վարդագույն քաղաք է, իսկ Ստեփանակերտը կարծես սպիտակ լինի՝ խաղաղության գույնը խորհրդանշող: Այնտեղ խաղաղություն է թևածում և զգացողություն, որ այս չնաշխարհիկ, աշխարհի սրտում ու միևնույն ժամանակ՝ աշխարհից հեռու այս քաղաքը երբեք պատերազմ չի տեսել, արկերի պայթյուն ու գնդակի հարված չի զգացել: Ցերեկները կյանքը եռում է՝ աշխատանքի շտապող մարդիկ, երեխաներ, հղի կանայքը: Օրը վազում է: Ու մարդիկ, որ ամբողջ իրենց հոգով ու պատմությամբ հայ են, հազար ու մի լարով կապված են Արցախին, սիրել ասելը քիչ է, պաշտում են այն: Նրանք Ղարաբաղը լքելու ցանկություն չունեն. սա իրենց որդու, հոր կամ հարազատի արյունով ապրեցրած հողն է, իրենց համար ամենաապահով վայրը այս արևի տակ: Ասում են՝ ու՞ր է ավելի անվտանգ՝ Փարի՞զ, Բեռլի՞ն, թե Բրյուսե՞լ: Յուրահատուկ սրտի ու մտածողության տեր մարդիկ են: Արցախ այցը մեզ շատ բան տվեց: Շուշիի բարձունքը…, եկեղեցիները: Ընդհանրապես, մեր եկեղեցիներն այլ ոգի ու շունչ ունեն: Ուր էլ լինես, մտնում ես հայկական եկեղեցի՝ հայկականությունը զգում ես: Ե´վ ճարտարապետությունն է ուրիշ, և´ աուրան, և´ զգացողությունները: Մենք երբեք, ոչ մի տեղ չենք տեսել, որ եկեղեցին բնությանն այդքան մոտ լինի: Տաթևի վանական համալիրը՝ օրինակ, բնության մեջ ծվարած, բայց բնությունից վեհ, բնությանը հյուսված, ներդաշնակված հոգևոր կենտրոն է: Մտնում ես՝ Աստված խոսում է հետդ: Հայերեն է խոսում: Մենք այդ հայերենը տարիներ շարունակ չենք հասկացել: Հիմա բռնել ենք Աստծո հետ հաղորդակցվելու ամենաճիշտ ճանապարհը:
Մենք հայկական միջավայրից հեռու ենք ծնվել: Մեր շուրջը հայերեն չեն խոսել: Մենք զրկված ենք եղել այս ամենից: Իսկ հիմա, հայերենը սովորելով, մեր մեջ անգամ աշխարհայացք է փոխվում: Հիմա մասնակցում ենք ամառային դպրոցին: Սա մեզ համար եզակի հնարավորություն էր Հայաստանը նորովի բացահայտելու, նոր հմտություններ սովորելու, ծանոթություններ հաստատելու: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն այլ երկրներից եկած հայ երիտասարդները, ինչպե՞ս են նրանք հասկանում ու ճանաչում հայերենը, արդյո՞ք մենք նման ենք իրար: Գիտեք՝ մեր կյանքը բաժանվում է երկու շրջանի՝ նախքան հայերեն սովորելը և հայերեն սովորելուց հետո: Իհարկե, սովորելու գործընթացը դեռ կշարունակվի երկար, մինչև կսկսենք խոսել այնքան անկաշկանդ, ինչքան հայաստանաբնակները: Հայերենը մեզ նոր բանալիներ տվեց, որոնցով մենք մեր կյանքի ընթացքում դեռ շատ դռներ կբացենք:
Ամալյա Կարապետյան