ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց շվեդահայ ազգային գործիչ Արշակ Գավաֆյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/Gavafyan.jpg)
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Շվեդիայի հայկական միությունների դաշնության նախագահ, Հայ դատի Շվեդիայի համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Հայ դատի կենտրոնի և հայկական միությունների դաշնության կողմից Շվեդիայի պետական-կառավարական մարմինների հետ ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները, ինչպես նաև Արցախյան քառօրյա պատերազմի օրերին իրականացրած բողոքի տարաբնույթ ակցիաները:
Անդրադառնալով համայնքին առնչվող խնդիրներին՝ Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուշադրությունը բևեռել հատկապես երիտասարդ սերնդին հասարակական կյանքում ներգրավելու և առաջ մղելու, նախարարության ամառային ծրագրերին ավելի ակտիվ մասնակցություն ապահովելու և ազգային ինքնության գիտակցությունը բարձրացնող այլ հնարավորությունների ստեղծման վրա:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև շվեդահայ համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումները պատշաճ իրականացնելու նպատակով՝ Հայաստանի մշակութային գործիչների ներկայությունը ապահովելու հնարավորությունների հետ կապված հարցեր: