«Եվրոպական երկրներ այցելելու փոխարեն՝ նախընտրեցի Հայաստան գալ».«Արի տուն-2016» ծրագրի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակից ՌԴ Աստրախան քաղաքից ժամանած 16-ամյա Դավիթ Միրզոյանը ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ աչքի էր ընկնում իր կայտառությամբ և անմիջականությամբ:

Միջոցառման ողջ ընթացքում Դավիթն ակնդետ հետևում էր շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին, ծանոթանում հասակակիցների հետ, իսկ երբ հնչեց հայկական երաժշտությունը, նա անմիջապես, առանց մեկ րոպե կորցնելու՝ խանդավառված սկսեց պարել:

Դավիթը, արտահայտելով հոգու ուրախությունը, «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ մեր ազգային հոգեթով երգ-երաժշտությունից մեծ ուժ է ստանում և հայրենասիրությամբ լցվում: Լսելով երաժշտության հնչյունները՝ այդ պահին որտեղ էլ գտնվի, ուզում է պարել:

Դավիթ Միրզոյանը դերասանական տաղանդով է նաև օժտված: Ռուսական դպրոցում սովորելուն զուգահեռ` ՈՒՀԱ է հաճախում, որի կազմում հաճախ շրջագայությունների է մեկնում Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ժամանակին նաև սաքսոֆոն է նվագել:

Հայերեն այդքան էլ լավ չի կարողանում գրել-կարդալ, բայց դա հայկական մշակույթին հաղորդակցվելու համար խոչընդոտ չի հանդիսանում, քանի որ միշտ ազգային երգեր է լսում և հայ ժողովրդի պատմությամբ  հետաքրքրվում:

«Հայաստանում առաջին անգամ չեմ, վերջերս`մայիս ամսին էի եկել: Ճիշտ է, այցելություններիս ընթացքում շատ տեսարժան, պատմամշակութային վայրերում եմ լինում, բայց չեմ կարողանում հանգամանալից տեղեկություններ ստանալ այդ վայրերի նշանակության մասին: Հուսով եմ` «Արի տուն» ծրագրի միջոցով կկարողանամ լրացնել այդ բացը և ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ: Առհասարակ, կարծում եմ` սփյուռքահայերը գոնե տարին մեկ անգամ պետք է Հայաստան գան, շրջեն թանգարաններով, եկեղեցիներով, գյուղերով և քաղաքներով` հասկանալաու համար, թե ինչպիսի Հայրենիք ունեն»,- ասաց Դավիթը:

Նա եղբոր խորհրդով է եկել «Արի տուն» ծրագրին մասնակցելու, որպեսզի մեկ անգամ ևս տեսնի Հայաստանը, շփվի հայրենակիցների հետ և շրջապատը նոր ընկերներով հարստացնի: Ապա որոշման մասին տեղեկացրել է ծնողներին, որոնք սիրով իրենց համաձայնությունն են տվել:

Զրույցի վերջում Դավիթ Միրզոյանը Հայաստանի առաջընթացին և տնտեսական զարգացմանը նպաստելու  իր տեսլականը ներկայացրեց.

«Եթե ուզում ենք Հայաստանի համար որևէ լավ բան անել, ճանաչելի դարձնել մեր երկիրը և զբոսաշրջության աճը խթանել, ապա սփյուռքահայերս պետք է պարբերաբար Հայաստան գանք: Ամառային արձակուրդս եվրոպական տարբեր երկրներում անցկացնելու հնարավորություն ունեմ, բայց նախընտրում եմ Հայաստան այցելել, որպեսզի չմոռանամ ծագմանս մասին: Եթե օտար ափերում ապրող հայերը մոռանան իրենց ինքնությունը, ապա կկորցնեն ազգությունը:  Ես հա՛յ եմ, իմ արմատները այստեղ են, և ես միշտ իմ Հայրենիք եմ գալու»:

Գևորգ Չիչյան

IMG_0042

Scroll Up