Լոս Անջելեսում Հայաստանն էր պակասում. Նելլին ու Ստեփանը պատմում են Երեւան տեղափոխվելու մասին

«Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու. ես գնում եմ ինձ թթվածին տվող երկիրն ապրելու»: Նելլի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումն է: Նա հունիսի 27-ից ամուսնու եւ 2-ամյա դստեր հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում:

1999թ. Նելլին ու Ստեփանն իրենց ընտանիքներով տեղափոխվում են ԱՄՆ-ում ապրելու: Մի քանի բարձրագույն կրթություն ստացած Նելլին ու Ստեփանն այս տարիների ընթացքում ամեն օր մտածում էին Հայաստան տեղափոխվելու մասին: Ամուսնանալուց հետո ամուսիններով որոշում են կայացնում մշատպես տեղափոխվել հայրենիք:

«Հայաստան տեղափոխվելու որոշումը ես կայացրել էի 17 տարի առաջ, իհարկե, այդ ժամանակ չգիտեի, որ բալիկիս հետ կվերադառնամ: Երբ ոտք եմ դրել Միացյալ Նահանգներ, այդ օրվանից երազել եմ Հայաստան վերադառնալու մասին, ի սրտե եմ երազել, ամեն օր եմ երազել եւ տարիների ընթացքում երազը դարձել է ծրագիր: Ոչ թե սրտնեղել եմ, այլ իմ առաջ նպատակներ եմ դրել, որ հասնեմ սրան, նրան, որ լինել ավելի ուժեղ մարդ, ավելի շատ կարողություններ ու փորձ ունենամ, որ ավելի լավ ծառայեմ իմ ժողովրդին»,- ասում է 34-ամյա Նելլին:

ԱՄՆ-ում Նելլին ու Ստեփանն ունեին բարձր վարձատրվող աշխատանք, լավ կարիերա ապահովելու հնարավորություն: Սակայն ինչպես իրենք են շեշտում, Լոս Անջելեսում իրենց Հայաստանն էր պակասում: Երեւանում ամուսինները դուրս են գալիս փողոց եւ իրենց տանն են զգում, այստեղ ոչինչ ու ոչ ոք օտար չէ:

«Ստեփանը մի լավ խոսք ունի. տանդ տանիքը որ ծակվում է, չես ասում՝ գնամ հարեւանի տանն ապրեմ, այնտեղ ապահով է, այլ մտածում ես տանիքդ վերանորոգելու մասին: Այսինքն մենք մեր տանն ենք, սա մերն է: Վերջապես սա այն հողն է, որի համար դարեր շարունակ մարդիկ պայքարել են: Վառ ապացույցն էլ քառօրյա պատերազմն է, երբ մեր զինվորները զոհվեցին, որ այս հողը մնա իր տեղում»,- ասում է Նելլին:

Թե ինչու են Միացյալ Նահանգներում ապահով կյանքը թողել եւ վերադարձել Հայաստան, Ստեփան Սարգսյանը մի պարզ բացատրություն ունի. պատմական ցանկացած ժամանակաշրջանում տարբեր երկրներ ավելի լավ կյանք ու պայմաններ են առաջարկում, քան Հայաստանինն է, սակայն եթե սրանով առաջնորդվեինք, ապա մեր նախնիներն էլ կհեռանային՝ չպայքարելով իրենց անկախության համար:

«ԱՄՆ-ի առաջարկած պայմանները բացարձակ կարեւոր չեն: Իհարկե, ես բիզնեսով էի զբաղվում, Նելլին հետազոտություններով էր զբաղվում: Հիմա էլ մեր գործերն այնտեղ շարունակվում են, որը թույլ է տալիս մեր այստեղի գործունեությունը շարունակելու է: Թե ինչ կանենք հետագայում, ժամանակը ցույց կտա: Այս պահին «Հայրենասեր կազմակերպությունն» ունենք, որն Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում. Դպրոցներ ենք կառուցում, մանկապարտեզներ եւ փորձում են զարգացնել վերաբնակեցումն Արցախում»,- նշում է Ստեփանը:

Ընտանիքը Երեւանում վարձով է ապրում: Բնակարան չունեցող ընտանիքին այս հարցն այս պահին չի հետաքրքրում. կարեւորը տեղափոխվել են Հայաստանում ապրելու: Նելլիի եւ Ստեփանի աղջնակը՝ 2-ամյա Շուշին, հարմարվում է նոր բնակարանին: Իր հետ ԱՄՆ-ից Հայաստան է բերել իր բոլոր խաղալիքները, միայն ժամային գոտիին է դժվար համակերպվում:

 «Հայաստան գալիս մեր ծնողներին ասել ենք, որ դուք ժամանակին ձեր որոշումը կայացրել եք, հիմա էլ մենք մեր որոշումն ենք կայացնում. մեր ընտանիքն ենք կազմել եւ կարծում ենք՝ մեր ընտանիքը երջանիկ լինելու համար պետք է ապրի Հայաստանում: Այս որոշումը կայացրել ենք նաեւ Շուշիի համար»,- եզրափակում է Ստեփանը:

Ամուսինները հույս ունեն, որ Հայաստանում գտնվելով կկարողանան առավել մեծ օգնություն ցուցաբերել արցախցիներին:

Scroll Up