«Խոսում եմ անգլերեն, տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում»

Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել:

Րաֆֆի Պետրոսյանը հայ է: Ավելի ճիշտ՝ կիսով չափ: Նրա հայրն իրանահայ է, ծնվել է Թեհրանում, 18 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ընդունվել համալսարան, որտեղ էլ ծանոթացել է անգլո-ֆրանսուհի կնոջ հետ: Հայկական և անգլո-ֆրանսիական գեների միության արդյունքում ծնվել է Րաֆֆին:

Րաֆֆի1

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ապրող ինտերնացիոնալ ընտանիքում սկզբում տիրում էր հայկական մթնոլորտ, և Րաֆֆին մեծանում էր խիստ հայկական միջավայրում՝ իրեն լրիվ հայ զգալով: Երբ փոքր էր, իրենց հետ էին ապրում նաև հայրական պապը, տատը, հորեղբայրն ու հորաքույրը, որոնք խոսում էին հայերեն: Կարելի է ասել՝ հայերենը նրա առաջին լեզուն էր: Բայց երբ հաճախում է դպրոց, հայերենն անմիջապես մոռանում է, տանն էլ կամաց-կամաց բոլորն անցնում էին անգլերենի, և մայրենի լեզուն աստիճանաբար դուրս էր մղվում ընտանիքից: Ցավոք, քաղաքը, որտեղ նրանք ապրում էին, նույնպես հայաշատ չէր, և հնարավորություն չկար հայերեն շփվելու:

Հայկականության հետ միակ շփումը մնում էր տարվա մեջ մեկ անգամ Գլենդել այցելելը, որտեղ հանդիպում էին հոր իրանահայ ընկերների հետ, շփվում հայերեն և, ինչպես Րաֆֆին է ասում, շատ ու շատ հայկական բաներ անում: Մի օր էլ, երբ Գլենդելում Րաֆֆին մասնակցում է հայկական հարսանիքի, Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն է առաջանում. «Այդ ժամանակ ես հասկացա, թե որքան հեռու եմ իրական Հայաստանից, իսկ Հայաստանը ճանաչելու լավագույն տարբերակը սեփական աչքով գոնե մեկ անգամ տեսնելն էր»,-  Ankakh.com-ի հետ զրույցում ասում է նա:

Թաֆֆի2

«Դեպի Հայք» ծրագրով նա առաջին անգամ այցելում է Հայաստան մեկ տարի ժամանակով: Սակայն նա իր հետչէր վերցրել նոութբուք, տեսախցիկ և այլ ժամանակակից պետքական իրեր, քանի որ բազմաթիվ պատմությունների պատճառով Հայաստանի մասին նրա պատկերացումները լրիվ այլ էին. «Կարծում էի, թե Հայաստանում էլեկտրաէներգիա չկա, այստեղ հին մարդիկ են, որոնք շրջում են ավանակներով,- ծիծաղում է նա:- Ես պատրաստվում էի տեսնել հին, կիսաքանդ շենքեր, հին ավտոմեքենաներ, պատկերացում անգամ չունեի, որ Հայաստանն այսքան առաջադեմ է»:

Իսկ նրա հորաքույրը, որը երբևէ չէր եղել Հայաստանում, խիստ դեմ էր, որ Րաֆֆին գնա Հայաստան՝ ասելով, թե այն լավ տեղ չէ, այնտեղ իրեն կարող են կողոպտել: Եվ Րաֆֆին Հայաստան է գալիս վախը սրտում: Այդ զգացողություններով էլ գնում է «Դեպի Հայք» ծրագրով իրեն հյուրընկալած ընտանիքի հետ ծանոթանալու, բայց երբ տանտիրուհին դուռը բացում է, նրան թվում է, թե սեփական տատիկն է իրեն դիմավորում: «Եվ այդ պահից սկսած` վատ զգացողությունները, վախը իսպառ վերացան: Ես շատ երջանիկ էի, և ամեն ինչ շատ լավ էր»,- պատմում է նա:

Րաֆֆի4

«Դեպի Հայք» ծրագրի միջոցով Հայաստանը տեսնում ու զգում է ներսից: Ծրագրի ավարտից հետո որոշում է մնալ: Սկսում է աշխատանք փնտրել և, ինչպես ինքն է ասում, այդ առումով էլ շատ հաջողակ է ու երբևէ աշխատանքի խնդիր չի ունենում: Այս պահին Րաֆֆին աշխատում է բնական կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող հայկական «Նաիրիան» ընկերությունում՝ որպես բուսաբան:

Բացի լավ բուսաբան լինելուց, Րաֆֆին նաև յուրահատուկ ձայն ունի, որը պետք է գալիս ռադիոյում, հեռուստատեսությունում և գովազդային հոլովակներում տեքստեր ընթերցելու համար: Բոլոր նրանց, ովքեր հեռանում են Հայաստանից, Րաֆֆին հասկանում է, բայց նաև ավելացնում, որ նրանք գնում են՝ համեմատելու հնարավորություն չունենալով: «Իսկ ես կարող եմ համեմատել, քանի որ ապրել եմ և՛ այնտեղ, և՛ այստեղ»: Մի խոսքով, նա այստեղ իրեն հիանալի է զգում: «Չնայած խոսում եմ անգլերեն և տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում և իմ ապագան տեսնում եմ Հայաստանում»,- ասում է Րաֆֆին:

Րաֆֆի3

Նա Հայաստանը համարում է գեղեցիկ երկիր՝ բազմաթիվ հնարավորություններով: Վերջին միտքը կարող է տարօրինակ թվալ տեղացիների համար, սակայն մեծ քաղաքներում ապրած մարդիկ դա լավ կհասկանան: Իսկապես, այստեղ ավելի հեշտ է նոր գործ սկսելը, քանի որ բիզնեսում բաց տեղեր շատ կան, այլ հարց է` հետո գործը հաջողություն ունենում է, թե ոչ: «Ամեն դեպքում, Հայաստանը հիանալի տեղ է ապրելու համար, մարդիկ շատ ջերմ են, հյուրընկալ: Այստեղ շատ հեշտ է մարդկանց ինչ-որ բանի շուրջ հավաքելը: Միակ անհարմարությունը, որ ունեմ, հայերենի վատ իմացությունն է, որը, հուսով եմ, ժամանակի ընթացքում կհաղթահարեմ»,-ասում է նա:

Րաֆֆին Հայաստանում նաև լեռնագնացությամբ է զբաղվում՝ նվաճելով հայկական ամենաբարձր գագաթները, լինելով ամենաչբացահայտված վայրերում: «Չորս անգամ բարձրացել եմ Արագածը: Անցյալ տարի բարձրացել եմ նաև Արարատի գագաթը: Շատ եմ սիրում Սատանի կամուրջը:Եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում»,- ասում է նա: Րաֆֆին ուրախ է, որ Հայաստանում գտել է այն, ինչը հնարավոր չէ գտնել ԱՄՆ-ում։

Նա վստահ է, որ յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումը կարող է ունենալ մեր երկիրն ավելի լավը դարձնելու խնդրում։ Ուզում է, որ ամեն մեկն այստեղ այս մտածելակերպով ապրի։

Անի Գասպարյան

Scroll Up