Եկել ենք անկեղծ զգացումներով խոնարհում բերելու հերոս տղաների ընտանիքներին

Ինչպես արդեն պատմել էր «Հայերն այսօրը», Արգենտինայի Կորդոբա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները, որի կազմում էին  Կորդոբայի հայ համայնքի վարչության նախագահ, փաստաբան Էդուարդո Թութուշյանը, փոխնախագահ, ՀՄԸՄ Հարավային Ամերիկայի տարածաշրջանի ներկայացուցիչ Ռուբեն Ավագյանը, համայնքի վարչության անդամներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կորդոբայի մասնաճյուղի, Սբ. Գևորգ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի հիմնադիր, New Docta-Nueva Docta երաժշտական հիմնադրամի նախագահ Լիլիան Բալյան-Մերդինյանը, պրոֆեսոր Աննա Վիրջինիա Ասադուրօղլին, Կորդոբայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, հունիսի 23-ին այցելել էին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ համայնքի կողմից ցուցաբերած նյութական օժանդակությունը փոխանցելու արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր հայորդիների ընտանիքներին:

Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, խոսելով համայնքի նախաձեռնության մասին, «Հայերն այսօրին» հետևյալն ասաց. «Եկել ենք մեր սրտի անկեղծ զգացումներով խոնարհում բերելու  հերոս տղաների ընտանիքներին: Նրանք, ապրիլյան պատերազմական օրերին իրենց կյանքի գնով պայքար մղելով, նոր վարդաններ և նոր եղիշեներ դարձան՝ արթնացնելով մեզ անտարբերության թմբիրից: Շնորհակալ ենք նրանց առյուծածին ծնողներին, որ այդքան հայրենասեր ու ազգանվեր երեխաներ են դաստիարակել: Փորձելու ենք այս քայլով նրանց սրտի վերքը դույզն-ինչ սպիացնել՝ ասելով, որ միայնակ չեն վշտի մեջ»:

Տեր Հայրը ընդգծեց այն փաստը, որ հեռավոր Կորդոբայում հայերը միասնականություն են ցուցաբերել՝ ցանկություն հայտնելով օգնության ձեռք մեկնել իրենց հայրենակիցներին:

Այս ուղղությամբ մեկ ամիս առաջ արգենտինահայ երաժիշտ, հասարակական գործիչ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ, որի հայրը Արցախյան ազատամարտի զոհված հերոսներից է, Սուրբ Գևորգ եկեղեցում դասախոսություն է կազմակերպվել:  Դասախոսությունը կարդացել է Մարտին Սիմոնյանը:

Տեսանյութերի, լուսանակարների միջոցով կորդոբահայերին իրազեկել են Ադրբեջանի կողմից նախահարձակ վայրագ գործողությունների հետևանքով դժվարին կացության մեջ հայտնված զինվորների և արցախցիների մասին՝ կոչ  անելով դրամահավաք կազմակերպել:

«Այս կոչը խանդավառությամբ ընդունվեց համայնքի կողմից. բոլորը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին՝ ըմբռնելով պահի լրջությունը: Շատ ուրախ եմ, որ օտարության մեջ գտնվելով հանդերձ, պատրաստակամ եղան օժանդակել հանուն Հայրենիքի խաղաղության իրենց կյանքը զոհած, վիրավոր կամ խեղանդամ դարձած զինվորներին: Վստահեցնում եմ՝ հետագայում նույնպես նմանօրինակ ծրագրերով կսատարենք Արցախին և Հայոց բանակին՝ ցույց տալու համար մեր կապվածությունը Հայրենիքին»,-ընդգծեց Տեր Հարություն քահանա Սեփանյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up