«Եթե որդիս հրաշքով հայտնվի, ամո՜ւր, շա՛տ ամուր կրծքիս կսեղմեմ». Արա Աբրահամյան
Արգենտինայի Կորդոբա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները նյութական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդիպում ունեցան Արցախյան քառօրյա պատերազմում զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների հետ: Հանդիպում, որի ընթացքում հուզված էին բոլորը, հանդիպում, որի ժամանակ գերիշխում էր լռությունը, իսկ արտաբերվող նախադասություններն ու արտահայտությունները, հնչում էին ասես կիսաշշուկ՝ չլինի՞ թե խռովվեն հանկարծ զինվորները ննջած…Որդեկորույս ու վիրավոր զինվորների թվացյալ ուժեղ կողմն էր ներկաների գերակշռող մասը՝ հայրեր, տղամարդիկ՝ վշտից կորացած, սգամորուս, հեռուներում թափառող հայացքներով, հեռուներում՝ ասես ինչ-որ անհայտից իրենց զավակներին միշտ սպասող հայացքներով … Տեսարանը՝ անբարբառ, տեսարանը՝ համրացնող ու մարդու լեզուն պապանձող, մթնոլորտը՝ ծանր… Լռության մեջ , լռության խորքից բոլորի հոգուց արձագանքվող , շուրթերից հնչող Տերունական աղոթքով էլ օրն իմաստավորվեց, պահը հավերժացավ… Դժվար էր, հարկավ, զրույցի բռնվել զոհված զինվորի, վիրավորների ծնողների հետ, սակայն նրանք շատ ավելի ուժեղ, շատ ավելի հերոսական ոգի ունեն իրենց զավակների նման:
Արա Աբրահամյան, Արմավիրի մարզ, Էջմիածին, գյուղ Արտիմեդ
-Որդիս՝ Արամ Աբրահամյանը, սովորում էր քոլեջում, երբ զորակոչվեց հայկական բանակ: Արդեն ծառայել էր մեկ տարուց ավել, 9-ը ամիս հետո պետք է զորացրվեր, բայց…զոհվեց ապրիլի 4-ին, Ջաբրաիլում: Ես այդ ժամանակ աշխատում էի Մոսկվայում, երբ սկսվեցին ապրիլյան պատերազմական գործողությունները: Հենց նույն օրերին՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ես երազով տեսա պատերազմը. ռմբակոծում էին այն դիրքերը , որտեղ որդիս էր իր ընկերների հետ…Վերևից Գրադ տեսակի կայանքներից այդ դիրքերի վրա 5-6 մեծ արկեր էին գալիս, երեք զինվոր կանգնած էին այնտեղ…մեկը որդիս էր… Երազս, ցավոք, դաժան իրականություն դարձավ: Տղաս, որ դեռ շատ երիտասարդ էր և շատ երազանքներ ու ծրագրեր ուներ, զոհվեց…Ո՛չ բառերով, ո՛չ լալով ու սգալով չենք վերադարձնի ոչ մեկին: Ես հավատում եմ, որ մահը դեռևս կյանքի վերջը չէ, ես հավատում եմ, որ պետք է հանդիպեմ որդուս:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բանակում ծառայող զինվորներին և ծառայությունից խուսափողներին:
-Յուրաքանչյուր ոք թո՛ղ նայի իր հոգու ներսը: Թո՛ղ Աստված խաղաղություն տա: Եթե Տերը չպահպանի տունը, զուր է անքուն պահապանը. եթե մենք խորությամբ հավատանք և ապավինենք Աստծուն, Աստված ինքը մեզ օգնական կլինի: Տերն ասում է՝ պատերազմներն իմն են, և ես կպատերազմեմ ձեր փոխարեն: Ծառայությունից խուսափողները թո՛ղ զրուցեն իրենց խղճի հետ:
-Ձեր հոգում արդյոք չկա՞ պատերազմ՝ կապված Ձեր որդու կորստի հետ:
-Իրական պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հոգու պատերազմը ինքդ քո ներսում պետք է ավարտես և խաղաղությամբ լցվես:
-Շատ բան կա՞, որը Ձեր որդուն չասելու համար զղջացել եք:
-Շա՛տ…Ես ուղղակի շատ զուսպ եմ եղել՝ զավակիս հանդեպ իմ սերն արտահայտելու առումով, ջերմությունս ողջ հոգով ցույց չեմ տվել… Կարո՛տն է ինձ տանջում ու եթե հրաշքով հիմա հայտնվեր որդիս, դարձյալ ոչինչ չէի ասի երևի, այլ ամո՛ւր, շա՜տ ամուր կգրկեի նրան, կսեղմեի կրծքիս….
Սամվել Նահապետյան, Մասիս քաղաք
-Որդիս՝ Խաչատուր Նահապետյանը, քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է Թալիշում: Երբեք չեմ մտածել, որ այդպիսի հարձակում կլինի թշնամու կողմից: Տղաս 20 օրից տուն պետք է զորացրվեր….Վիրավորվել է ձեռքը, վիրահատել են, հիմա կրկին դիրքերում է: Նա օր առաջ ուզում էր գնալ դիրքեր, կանգներ իր ընկերների կողքին, նրան իր որոշումից ետ պահել չէր լինի. մենք չընդդիմացանք:
4 օրից որդիս տուն է վերադառնալու, անհամբեր սպասում ենք: Աստված թո՛ղ խաղաղություն տա Հայաստանին, Արցախին, թո՛ղ բոլորի զավակները ծառայեն մեր բանակում և ողջ-առողջ տուն վերադառնան, թո՛ղ ոչ մի օջախի ճրագ չմարի:
Լարիսա Սաղաթելյան
-Ես վիրավորված սպա Վազգեն Գրիգորյանի մայրն եմ: Տղաս դիմածնոտային վնասվածք է ստացել Մատաղիսում: Երկրորդ վիրահատությունը կատարվել է Մուրացանի զինվորական հոսպիտալում, հիմա ավելի լավ է: Ընտանիք ունի, փոքրիկ: Մինչ իր վիրավորվելու լուրն առնելը՝ ես անընդհատ լաց էի լինում և չէի հասկանում՝ ինչու…Մոր սիրտը, ինչ էլ լինի, միշտ զգում է զավակներին սպառնացող վտանգը: Որդիս ողջ է մնացել, բայց տղայիս ծառակիցներից, զինվորներից շատերը չկան…Ինչպե՞ս մխիթարես որդեկորույս ծնողներին, հարազատներին…դժվա՛ր է: Որդիս՝ Վազգենը, հավատարիմ մնալով սպայական կոչմանը, շարունակելու է զինվորական ծառայությունը: Թո՛ղ բոլորն էլ ծառայեն, բայց պատերազմ չլինի: Շնորհակալությու՛ն Կորդոբայի հայկական համայնքի ներկայացուցիչներին և բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր ինչ- որ ձևով փորձում են բարոյապես ու նյութապես նեցուկ լինել զոհված տղաների ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին:
Պատերազմը չի ավարտվել, մայրերի աղոթքներում բաղձալի « խաղաղություն» բառը դարձել է առաջինն ու գերագույնը. թո՛ղ առ երկինք առաքվող այդ աղոթքները բարի լուսաբացներ ու խաղաղ գիշերներ պարգևեն Հայոց աշխարհին:
Կարինե Ավագյան, «Հայերն այսօր»