Ավարտվեց «Արի տուն» ծրագրի առաջին փուլը

Հունիսի 24-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության ու համագործակցության համար և ասաց. «Սիրելի’ արիտունցիներ, վստահ եմ, որ մասնակցելով ծրագրին` ձեր սերը Հայրենիքի նկատմամբ ավելի կենդանի ու առավել զորավոր է դառնում այսօր, չափազանց կարևոր է այն մտերմությունը, ջերմությունը, որ դուք ստացաք` ծանոթանալով Հայաստան աշխարհի մշակութային հրաշալիքներին, վայելելով բնության գեղեցկությունը, բայց կարծում եմ ամենակարևորն են ձեր ձեռք բերած երկրորդ ընտանիքը, ձեր նոր ընկերները, հայրենաճանաչության ու մայրենի լեզվի դասերը, այն տաք ու հայկական մթնոլորտը, որի մեջ անցան ձեր կյանքի այս բացառիկ օրերը: Կարծում եմ, որ դուք  ամուր կպահեք այն կապերը, որ ձեռք բերեցիք, գրե’ք միմյանց, հաղորդակցվե’ք, նորից վերադարձե’ք Հայաստան, գիտակցե’ք, որ այս հողը, այս երկիրը նաև ձերն է»:

Վ. Մելիքյանը բարձր գնահատեց ծրագրի կազմակերպիչների, ուսուցիչների, ջոկատավարների աշխատանքը և շնորհակալություն հայտնեց նվիրումի, այն առանձնահատուկ սիրո ու հոգատարության համար, որով նրանք շրջապատել են սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլն ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով: Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ Ռուսատանից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:

12 3

Scroll Up