«Այն մարդը, ով չի կարողանում արտասվել, ուրիշի ցավը չի հասկանա».Ասատուր Կյուզելյան

Հունիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր Ասատուր Կյուզելյանին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրին՝ մեծապես արժևորելով նրա ազգանպաստ գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում: Նախարարը մասնավորապես նշեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ ջերմություն, լույս են սփռում: Դուք այդպիսին եք: Ձեր ողջ գիտակցական կյանքը նվիրել եք հայերին, հայությանը: Ծնվելով Սիրիայում՝ չէիք կարող Ձեր սիրտը, հոգին ամբողջությամբ չնվիրել հայությանը: Դուք մեծ հայ եք, մեծ մարդ, հայկական սփյուռքի հանրագիտարան:Ապրելով տարբեր համայնքներում՝  կարողացել եք վերցնել ամենակարևորը և Ձեր արվեստի ուժով ու բեղուն գրչով այդ ամենը վերադարձնել: Ձեր հեղինակած «Կը խօսին նամակները» վերնագրով ստվարածավալ նամականին, որը  սփյուռքահայ անվանի մտավորականներ Սիմոն Սիմոնյանի և Վահրամ Մավյանի հետ ունեցած նամակագրությունն է, 1960-70-ական թվականների սփյուռքյան իրադարձությունների յուրահատուկ պատմություն է և պարունակում է բազում հետաքրքիր փաստեր ու լուսանկարներ: Այսօր էլ շարունակում եք երիտասարդական ավյունով  գրել հայկական սփյուռքի «պատմություն-հանրագիտարանը»»:

 Կյուզելյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Խոսելով սփյուռքյան համայնքներում իր բազմաթիվ հանդիպումների մասին՝ նա ընդգծեց. «Այն մարդը, ով չի կարողանում արտասվել, ուրիշի ցավը չի հասկանա: Կյանքում կան բաներ, որոնք չի կարելի զիջել, և ամենից առաջ՝ արժանապատվությունը: Իմ ողջ գիտակցական կյանքում այս սկզբունքով եմ ապրում հայրենիքից հեռու՝ միշտ վառ պահելով հայի ոգին»:

 Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերին առնչվող հարցեր, կարևորվեց լեզվի և մշակույթի դերը սփյուռքահայության ազգային ինքնության պահպանման հարցում:

 Ասատուր Կյուզելյանը ծնվել է 1932թ. մայիսի 14-ին: 1939թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Լիբանան, իսկ 1940թ. նորից Սիրիա և ապրել Հալեպ քաղաքում: 1948թ. ավարտել է տեղի Կիլիկյան վարժարանը  և նույն տարում  ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը և ավարտել այն 1955թ: 1955-56թթ. դասավանդել է Կիլիկյան վարժարանում:

 Կալկաթայի Հայոց մարդասաիրական Ճեմարանի հոգաբարձության հրավերով 1957թ. մեկնել է ք. Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում (հայոց լեզու, հայ գրականություն, մատենագրություն, գրաբար, հայոց պատմություն): Մանկավարժական գործունեությանը զուգահեռ հիմնել է երգչախումբ և թատերախումբ: Համայնքի գրական մշակութային կյանքը վերակազմակերպելու նպատակով ստանձնել է Հայկազյան մշակութային միության վարչության քարտուղարի պաշտոնը: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: 1964-66թթ. աշխատել է «Արեգակ» պարբերականում` որպես խմբագիր: 1974թ. Կյուզելյանը հրատարակել է «Լոնդոն» ամսաթերթը, որը, սակայն, փակվել է 1976թ. ֆինանսական դժվարությունների պատճառով: Ակտիվորեն ներգրավվել է տեղի հայ համայնքի աշխատանքներին` հատկապես մշակույթի բանագավաում: Ասատուր Կյուզելյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, պատմվածքներ, գրական պատմաբանասիրական ուսումնասիրություններ, բանասատեղծություններ: 1982թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը նրան պարգևատել է «Սուբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

 ՀՀ  նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով և 2012 թվականին՝ «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Scroll Up