Սիրիահայ երեխաների համար Կանադայի ազգային դպրոցներում վեց դասարան է բացվել. Տիրան Շահինյան (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/581.jpg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի անդամ Տիրան Շահինյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ տեղական մարմինը Հայաստանի և Արցախի գյուղերի դպրոցների, բնակարանների վերանորոգման նպատակով երկու ձեռնարկ է իրականացրել: Արդեն 4 տարի է, որ տարբեր ծրագրերով օժանդակում են հատկապես Արցախին:
«Դպրոցների և բնակարարնների շինարարության համար ընտրելով սահմանամերձ շրջանները՝ նպատակ ունենք այդ միջոցով ակտիվացնել գյուղերի կյանքը, որպեսզի բնակիչները չհեռանան Հայաստանից: Քանի դեռ մեր սահմաններն ամուր են ու պաշտպանված, մենք նույնպես պաշտպանված ենք զգում: Տարվա ընթացքում հանգանակություններ և ճաշկերույթներ ենք կազմակերպում, որոնցից ստացված գումարը ևս Արցախի օժանդակությանն ենք տրամադրում: Վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստին ընդառաջ՝ դրամահավաք կազմակերպեցինք և ստացված հասույթը բերեցինք Հայաստան»,- Հայերն այսօրի հետ զրույցում ասաց Տիրան Շահինյանը և հավելեց՝ մինչև հոկտեմբեր ևս մեկ ճաշկերույթ կազմակերպելու մասին, որից նախատեսվող 70-ից 80 հազար դոլարի հանգանակությունը տրամադրելու են Հայաստանում և Արցախում նոր ծրագրեր կյանքի կոչելուն:
Սիրիահայերին օգնելու ուղղությամբ Մոնրեալի հայ համայնքը զգալի աշխատանք է կատարել: Սիրիայում տիրող ահաբեկչական գործողությունների հետևանքով շուրջ 200 ընտանիքներ այնտեղ են ապաստանել: Նրանց աշխատանք գտնելու հարցն են կարգավորել, բնակարանների համար անհրաժեշտ իրեր տվել և այդպես շարունակ:
Այդ ընտանիքների երեխաների համար ազգային դպրոցներում 6 դասարան է բացվել, որպեսզի նրանք ուսումնական ընթացքից հետ չմնան և շարունակեն գիտելիքներ ստանալ: Նաև առանձին կենտրոններ են ստեղծվել, որոնք զբաղվում են սիրիահայերի հիմնախնդիրներով:
«Մոնրեալում Հայ դատի հանձնախումբը, հատկապես՝ ՀՅԴ կուսակցությունը Կանադայի Կառավարության, բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հարատև գործունեության մեջ են: Այդ համագործակցության շնորհիվ հասել ենք այն արդյունքին, որ ապրիլի 24-ն ընդունվել է Ցեղասպանությունների օր: Այժմ նույն ակտիվությամբ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում ենք աշխատում»,-ընդգծեց Տիրան Շահինյանը:
Հավելենք, որ մայիսի 24-ին Տիրան Շահինյանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպամանը: