Արցախին օգնելու նպատակով Սփյուռքում այսօր գործում են 24 հիմնադրամներ. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը, որի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Արցախի քառօրյա պատերազմից առ այսօր Սփյուռքում տեղի ունեցած նախաձեռնություններն ու տրամադրած աջակցությունը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ մինչ հանդիպման մեկնարկը Հրանուշ Հակոբյանը պատասխանել  է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով Սփյուռքի նախարարություն-«Հայաստան» համահայկական հիմնադրամ համագործակցության արդյունքներն ու առաջնահերթությունները: «Արդեն ավանդական է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների հետ հանդիպումները: Այսօր մենք կփորձենք ի մի բերել մեր մեկ տարվա աշխատանքն ու պատասխանել հետևալ հարցերին՝ որքանո՞վ է Սփյուռքը նպաստավոր աշխատանք կատարել Հիմնադրամի հետ համատեղ, ինչպե՞ս է կատարել իր առջև դրված խնդիրները, որո՞նք են այսօր Հայաստանի համար առաջնային կարևոր խնդիրները»,-ասել է Սփյուռքի նախարարն՝ առանձնացնելով այն երկու ուղղությունները, որոնց շուրջ համախմբվել է ողջ հայությունը. դրանք են սիրիահայերի հիմնախնդիրները և Արցախին օժանդակելու հարցը:

«Քառօրյա պատերազմի հետևանքով  Սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, մենք 4500 նամակ ենք ուղարկել սփյուռքյան բոլոր կառույցներին՝ խնդրելով բողոքներ, ցույցեր կազմակերպել իրենց համայնքներում, բոլոր հնարավոր միջոցներով ազդեցություն գործադրել, որպեսզի կանգ առներ պատերազմը: Սկսվեցին նաև մի շարք դրամահավաքներ. Սփյուռքում այսօր գործում են 24 հիմնադրամներ, որոնք բացվել են Արցախին օգնելու նպատակով: Թե հետագայում ինչպես կտնօրինվեն այդ գումարները, և հիմնադրամները որ ուղղությամբ կծառայեցնեն հավաքված գումարը, ցույց կտա ժամանակը. իրենք պետք է որոշեն: Բայց մի բան պարզ է, բացի նրանից, որ «Հայաստան» հիմնադրամը գործում է և կա, դրան զուգահեռ այս պոռթկումի պահին կան նաև այլ հիմնադրամներ: Այդ հիմնադրամներից մի քանիսն արդեն իսկ պայմանավորվել են իրենց ծրագրերն իրականացնել «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ,-ասել է Նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է նաև, որ այս հանդիպումների ընթացքում Հիմնադրամի տեղական մարմիններին են ներկայացվում Նախարարության ծրագրերը և հնարավորության դեպքում համագործակցության ծրագրեր մշակվում: «Նրանք իրենց գործունեությամբ, կամա թե ակամա, առնչվում են Սփյուռքի հետ, հետևաբար կարող են դառնալ մեր ծրագրերի քարոզիչները Սփյուռքում»,-խոսելով տարբեր երկրներում Հիմնադրամի տեղական մարմինների գործունեության մասին՝ նշել է Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up