«Այց առաջին քրիստոնյա երկիր». սա Հռոմի պապի՝ Հայաստան այցի կարգախոսն է

Հաստատվել են  հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Տարբերանշանի նկարագրությունը.

Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն:

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:

Scroll Up