«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, լացի՛». Եսայի Ալթունյան
Ֆրանսաբնակ երգիչ Եսայի Ալթունյանի և «Հայերն այսօրի» թղթակցի զրույցի հիմնական «առանցքը» Հայաստանն ու Արցախն է: Երգիչը Հայրենիք էր եկել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և Արցախ աշխարհ այցելելու նպատակով:
-Եսայի՛, առաջին անգա՞մ էիր Հայաստանում մասնակցում ավանդաբար անցկացվող ջահերով երթին:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է ապրիլի 24-ի առիթով Հայաստան գա և Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանա:
Այո՛ ապրիլի 23-ին առաջին անգամ մասնակցեցի ջահերով երթին, որից աննկարագրելի ուժ ստացա և մեկ անգամ ևս հասկացա, թե որքան միախմբված ազգ ենք մենք: Ապրիլի 24-ին նույնպես եղա Ծիծեռնակաբերդում. հայրենակիցներիս հետ խոսելով՝ հատեցինք ճանապարհն ու ծաղիկներ խոնարհեցինք անմար կրակի շուրջ:
Ամեն անգամ Ծիծեռնակաբերդում հայտնվելիս` աչքերիս առջև հառնում են մեկուկես միլիոն հայերի կոտորածի ահասարսուռ տեսարանները և ականջներումս հնչում պատմությունները:
Իհարկե, տխրում եմ, բայց այդ տխրությունն ինձ ապագայի հանդեպ հույսով է լցնում: Զգում եմ, որ հաղթելու ենք և վաղ թե ուշ՝ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Թո՛ղ աշխարհն իմանա, որ անկոտրում ոգի ունեցող ազգ ենք, որ պայքարել գիտենք մեր իրավունքների և Հայրենիքի համար: Ոչ ոք չի՛ կարող մեզանից ջնջել մեր պատմությունը և խլել Հայրենիքը:
-Երբ ե՞ք իմացել Հայոց ցեղասպանության մասին:
-Ես 5 տարեկան էի, երբ ծնողներս առաջին անգամ պատմեցին Հայոց ցեղասպանության մասին՝ ասելով, որ պապիկս Ցեղասպանության ականատեսներից է եղել: Նրանք ներկայացնելով ողջ ճշմարտությունը՝ խորհուրդ էին տալիս, որ չընկճվեմ: Այլ, ընդհակառակը, ուժ ստանամ և ձգտեմ ապագայում Հայաստանի համար պիտանի մարդ դառնալ:
Կարծում եմ՝ հուսախաբ չեմ արել ծնողներիս: Միշտ հավատում էի, որ իմ ժամանակը նույնպես գալու է խոսելու և հատկապես երգելու Հայոց պատմության այս եղերական էջերի մասին:
– Լինելով Հայոց ցեղասպանության ականատեսի ժառանգ՝ Ձեր հոգում ավելի դրոշմված են վշտի, ցասումի, պահանջատիրության ու աննկուն պայքարի հետքերը: Կխնդրեի պատմել Ձեր պապիկի՝ թուրքական յաթաղանից մազապուրծ լինելու պատմությունը:
-Նշան պապիկս 6 տարեկան է եղել, երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը: Նա ծնողների և քույրերի հետ Խարբերդից հազիվհազ փախնելով՝ հասել է Դեր Զորի անապատ, որտեղ իր աչքի առաջ սպանել են մորն ու քույրերին։
Հետո միայն նրան անապատում արաբ բեդվինները գտել են և որոշել խնամել՝ կերակուր և հագուստ տալով: Պապիկս նույնիսկ աշխատել է նրանց մոտ: Այնուհետև, 18 տարեկանում նա տեղափոխվել է Սիրիա և Հալեպի խանութներից մեկում պատահաբար հանդիպել իր ազգականներից մեկին, որը նրան տարել է Ֆրանսիա: Այնտեղ պապիկս ապրել է Ցեղասպանությունից փրկված ազգականների հետ: Ապա Ֆրանսիայի Լիոն քաղաքում նա հանդիպել է ապագա կնոջը, որի հետ ընտանիք է կազմել և սկսել իր նոր կյանքը:
Նշան պապիկիս նաև «Անապատի երեխան» վերնագրով գիրք է հրատարակել, որպեսզի սերունդները չմոռանան 1915 թվականին իր և հայ ժողովրդի հետ կատարվածը։
– Ըստ Ձեզ, Հայոց ցեղասպանության կնճռոտ հարցերի լուծման բանալին որտե՞ղ է թաքնված, ի վերջո այս թնջուկ ինչպե՞ս կհանգուցալուծվի:
– Հայ դատի հարցում վերջնական ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միասնականություն, ազգային կամք դրսևորել և չհուսահատվել: Ինչպես որ չհուսահատվեցինք ադրբեջանական զորքերի կողմից Արցախում հրահրած ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ:
Մեր նոր սերունդը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, իրենցից մի մեծ, հզոր ուժ են ներկայացնում, որոնք պահանջատիրական և հայրենասիրական հոգով են տոգորված: Նրանք են վաղվա մեր օրվա հույսն ու ապավենը, ապագայի տեսլականը: Հենց նրանց միջոցով էլ պետք է հարցի լուծման ուղիներ որոնել:
Թո՛ղ Թուրքիան ու Ադրբեջանը ականջալուր լինեն, որ հայ ազգը պատերազմի կամ այլ ահաբեկչությունների չի ձգտում: Թուրքիան պետք է միայն հայ ժողովրդի նկատմամբ գործած սոսկալի մեղքը գիտակցի և վերադարձնի մեր պապենական հողերը: Գալու՛ է այդ օրը:
– Աշխարհասփյուռ մեր հայրենակիցների նման Դուք նույնպես զորակցություն հայտնեցիք Արցախին և Հայոց բանակին: Այդ նպատակով նաև Արցախ գնացիք: Կպատմե՞ք արցախյան այցելության մասին:
–Անշուշտ այդպես է: Սփյուռքահայերը պետք է Հայաստան գան այս դժվարին օրերին, նեցուկ լինեն ժողովրդին ՝ ասելով, որ միայնակ չեն թողնում նրանց, և որ Սփյուռքը Հայաստանի կողքին է: Ազերիները թո՛ղ իմանան, որ ոչ թե 3, այլ՝ 13 միլիոն ենք, և պատրաստ ենք մեկ բռունցք դարձած՝ առճակատման դուրս գալ նրանց դեմ: Հիմա առավել քան երբևէ չենք թողնի, որ երկրորդ անգամ նույն քաոսը կրկնվի: Արցախը կորցնելը պարզապես անթույլատրելի է:
Արցախում էի գտնվում այն ժամանակ, երբ ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական պետական սահմանագոտում թշնամին կրկին խախտել էր հրադադարը և արկակոծել Մարտակերտը: Շատ ծանր ապրումներ ունեցա:
Այնտեղ տիրող իրավիճակը լուսանկարների և տեսանյութերի միջոցով տարածեցի իմ ֆեյսբուքյան էջում, որպեսզի ադրբեջանական սանձարձակ գործողությունները տեսնեին նաև այլազգիներ: Մենք հիմա գերխնդիր ունենք միջազգային հանրության ուշադրությունը Արցախի հարցի շուրջ սևեռել՝ նրանց իրազեկելով Ադրբեջանի անօրեն քաղաքական դիրքորոշման մասին:
Արցախյան այս դեպքերն ինձ հիշեցրեցին Թուրքիայի կողմից 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանության պատկերը:
-Եսայի՛ Ձեր կյանքը ի՞նչ հունով ընթացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հետո: Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ:
-Երևի թե ավելի հանրային դեմք դարձա ու ճանաչում ձեռք բերեցի՝ Հայաստանում և Սփյուռքում: Հիմա արդեն անչափ հաճելի է, երբ հայաստանյան փողոցներով քայլելիս՝ մարդիկ ինձ ժպտում են և ծանոթության նշաններ ցույց տալիս:
-Հայաստանից հեռու գտնվելով՝ կարոտի ի՞նչ զգացումներով եք համակվում:
-Ամենից շատ հայերի անկեղծ ժպիտները, վերաբերմունքը և նրանցից բխող ջերմությունն եմ կարոտում: Հայ ժողովրդին եմ կարոտում:
-Ի՞նչ հիշողություններ են պահպանվել Հայաստան կատարած առաջին այցելությունից:
-16 տարեկանում ոտք դրեցի Հայրենի հողի վրա: Հիշում եմ, երբ առաջին անգամ Հայաստան եկա, լացի. հուզմունքի ու հպարտության զգացումը կոկորդս սեղմում էր:
Ֆրանսիական «Հող և մշակույթ» կազմակերպության ծրագրով մեկ ամսով եկանք Գոգարան գյուղ, որտեղ ապրում էին Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից փրկված մարդիկ: Այնտեղ համատեղ ուժերով սկսեցինք եկեղեցի կառուցել, որի առկայությունը կարևոր էր վհատված, սգավոր բնակիչներին սփոփելու համար: Այդպես, օգնեցինք մարդկանց ոտքի կանգնել և շարունակել ապրել իրենց բնականոն կյանքով:
Շատ մեծ էներգիա և ուժ ստացա այցելությունիցս: Հասկացա, որ Հայաստանից, մեր հող ու ջրից ուրիշ լավ բան չկա աշխարհում: Այստեղ են իմ արմատները, և ես դա չպետք է մոռանամ: Խոստացա, որ ամեն տարի Հայաստան եմ գալու: Եվ ինչու ոչ, գուցե գա այն օրը, երբ մեկընդմիշտ Հայրենի եզերքում հաստատվեմ:
-Եսայի, գովելի է, որ ապրելով Սփյուռքում, այդքան լավ կարողանում եք հայերեն խոսել:
-Ծնողներս շատ հայրենասեր են: Նրանք մեզ միշտ հորդորել են, որ օտարության մեջ գտնվելով հանդերձ՝ միշտ և ամենուր հայերեն խոսենք՝ հավատարիմ մնալով սեփական լեզվին և հայի ինքնությանը: Մեր շուրջը միշտ հայկական միջավայր են ստեղծել:
Նույն հայկական միջավայրով հիմա ընտանիքիս եմ պարուրում: Չնայած կինս ֆրանսուհի է, բայց մեր աղջիկներին՝ ութ տարեկան Ապրիլին և երկու տարեկան Մարիին, հայեցի դաստիարակություն ենք տալիս և հայկական վարքուբարքին ծանոթացնում: Նրանք քիչ թե շատ՝ հայերեն են խոսում, և երբ նրանց հարցնում են՝ հայ եք, թե ֆրանսիացի, վստահ պատասխանում են՝ մենք հա՛յ ենք: Ի դեպ, մեծ աղջկաս անունը Ապրիլ կնքեցինք՝ նկատի ունենալով ապրիլի 24-ի խորհուրդը և, իհարկե, հայ ժողովրդի՝ չնայած բոլոր դժվարություններին՝ ապրելու, արարելու ձգտումը:
Աղջիկներս դեռ Հայաստան չեն եկել, բայց նրանց խոսք եմ տվել, որ անպայման իրենց պապերի երկիրը տեսնելու եմ տանելու:
-Զրույցի վերջում խոսենք ստեղծագործական ընթացքի մասին: Ի՞նչ նորություններով առաջիկայում կներկայանաք հանրությանը:
-Այժմ ջանքերս «Արմենիա» երաժշտական նախագծի շուրջ եմ կենտրոնացրել, որը նվիրել եմ Նշան պապիկիս հիշատակին:
Նախագիծը սիրո և մարդասիրության մի թարմ շունչ է բերելու: Այն շատ ավելին է լինելու, քան հերթական մշակութային ու երաժշտական շոուն: «Արմենիան» համահայկական և համաշխարհային նախագիծ է, որի մեջ խոր փիլիսոփայություն կա. սա այն մարդկանց մասին է, որոնք չեն ընկճվել պատմության հարվածներից և կանգուն են մնացել: Այն կյանքի կոչելով՝ ուզում եմ աշխարհին ներկայացնել Հայոց պատմությունը՝ սկսած Նոյի օրերից մինչև մեր ժամանակները:
Մյուզիքլով նաև կամուրջ եմ հաստատելու Արևելքի և Արևմուտքի միջև: Աշխարհի մակարդակով եմ իրականացնելու շոուն, որպեսզի աշխարհի քաղաքացիները, տեսնելով հայկական դարավոր հարուստ մշակույթն ու պատմությունը, հասկանան, որ մենք հզոր, համախմբված ազգ ենք, և որ մեզ կոտրել չի լինի: Ազգային երգերը եվրոպական և ամերիկյան լսարանին ներկայացնելու եմ ժամանակակից գործիքավորմամբ: Կլինեն նաև հայկական պարեր, երաժշտություն, ինչպես նաև հատուկ բեմականացումներ: Նպատակ ունենք ծրագրում ներգրավել նաև Հայաստանից անվանի երգիչ-երգչուհիների. այժմ այս ուղղությամբ քննարկումների մեջ ենք:
Մեկնարկը կտանք Ֆրանսիայից, ապա կշրջագայենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում, կլինենք նաև Լիբանանում: Իսկ վերջում անպայման Հայաստան կգանք:
Հուսանք՝ 2017 թվականի վերջին արդեն «Արմենիան» կսկսի իր ճախրանքը և կյանքի աղբյուր կդառնա՝ սեր ու խաղաղություն հաստատելով աշխարհում:
Զրուցեց Գևորգ Չիչյանը