Արցախյան պատերազմն ու հայկական լրատվադաշտը համակարգելու Սփյուռքի նախարարության առաքելությունը
Ապրիլ 21-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացած այդ նիստին հեռակա կապով մասնակցում էին նաև սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հայկական տեղեկատվական ոլորտի ընդհանուր պարունակում քննարկեցին հատկապես արցախյան քառօրյա պատերազմի տեղեկատվական հարցերը:
Բոլորս գիտենք, որ ապրիլյան այդ օրերին Արցախի ու Հայաստանի համար ռազմաքաղաքական իրավիճակը վերածվեց չհայտարարված պատերազմի: Իսկ պատերազմը, իրականում, հատկանշվում է երեք հիմնական բաղադրիչներով.
– առաջին` ռազմական պատերազմ
– երկրորդ` դիվանագիտական պատերազմ
– երրորդ` տեղեկատվական պատերազմ
Ահա այս երրորդ բաղադրիչի մեջ է հայ մամուլի դերակատարությունը, երբ հայկական լրատվամիջոցները համատեղելով իրենց ներուժը՝ պետք է սանձազերծեին թուրք-ադրբեջանական տեղեկատվական հերյուրանքներն ու սադրանքները:
Այստեղ վերհիշման կարգով հաստատում ենք, որ անժխտելի է, հատկապես տեղեկատվական և լրատվական բնագավառում, հայ մամուլի ներուժը համադրելու Սփյուռքի նախարարության կատարած վիթխարի աշխատանքը՝ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ պայքարի աշխատանքները համակարգելու ուղղությամբ:
Սփյուռքի նախարարության կազմակերպած և նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ իրավագետների և լրագրողների համահայկական համաժողովները լավագույն ապացույցն են նախարարության կատարած եռանդուն, հայրենանվեր առաքելության, որը միտված է ամրագրել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Վահագն Կարագաշյան
«Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Կանադա