Մենք սահման պաշտպանող երեխեքից շատ բան ունենք սովորելու

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի  դռների առջև  խմբված մարդիկ կային՝  այցելուներ,  ովքեր  եկել  էին  տեսակցելու իրենց վիրավոր  զինվորներին. եկել   էին  Հայաստանում և  Սփյուռքում ապրող  հարազատներ, ընկերներ: Նրանց  աչքերում  անթաքույց տխրություն  ու  ցավ կար, մի  կին  հեկեկում  էր…  Սակայն նրանց  հետ  ունեցած զրույցիս  ընթացքում հնարավոր  չէր  չզգալ նաև նրանց  հպարտությունը:  Այդ օրը հնարավորություն  չունենալով  զրուցելու վիրավորված  և բուժում  ստացող  զինվորների  հետ (քանի   որ  վիրավոր  զինվորների և  նրանց  ծնողների  խնդրանքով ՀՀ  ՊՆ-ի կենտրոնական զինվորական հոսպիտալի  բուժծառայության գնդապետ  Արամ Ասատուրյանի կարգադրությամբ  չէր թույլատրվում  որևէ  մեկին ներս  թողնել)՝ զրուցեցի նրանց  այցելության  եկած  հարազատներից, ընկերներից  մի  քանիսի հետ: 

2

Նորայր Բաղդասարյան

Նորայր Բաղդասարյան–  Եկել  եմ  փոքր  եղբորս՝  Հրայրին տեսակցելու: Նա  բանակ  է  զորակոչվել  2014թ. հունիսի  23-ին,  Գեղարքունիքի մարզի Լիճք  գյուղից: Վիրավորվել է   Թալիշում, արպրիլի 2-ին: Հրայրը  հիշում է   այդ  օրվա  բոլոր մանրամասները, նա  գնդացրորդ  է, և   թշնամու  հարձակման ժամանակ  եղբայրս  մինչև վերջ  պայքարել  է  9-ը  զինվորներից  6-ը զոհվել  են,  3-ն են  ողջ մնացել:  Եղբայրս  ստացել  է  բեկորային  զանազան վնասվածքներ՝  թևի,  ոտքի  շրջանում: Վիրահատել  են, հիմա  վիճակն  ավելի  լավ  է: Եղբայրս  առավել մարտական է  տրամադրված և  բոլորովին ընկճված  չէ:  Ես ծառայել  եմ հայկակական բանակում՝  Կուբաթլուում  ու   երբեք  չեմ պատկերացրել,  որ  մի  օր նենգ  թշնամին պատերազմական գործողություններ  կսկսի, և իմ   եղբայրն  ու  նրա  տարիքի  շատ  տղաներ  կկարողանան այդպես քաջաբար դիմադրել,  դիմագրավել  թշնամուն և  պաշտպանել Արցախի  սահմանները: Հրայրը, լինելով ծանր վիրավոր, 3կմ  ոտքով  ետ  է  գնացել այդ վիճակում՝ ձեռքի նռնակները  նետելով  թշնամու վրա, պաշտպանվելով: Ես  հպարտանում եմ բոլոր տղաներով, իմ  եղբորով:  Շնորհակալ  եմ բոլոր բժիշկներին, ողջ  բուժանձնակազմին՝  անչափ հոգատար,  ջերմ վերաբերմունքի համար, նաև  բոլոր նրանց, ովքեր ինչ-որ  ձևով օգնում  են զինվորներին ու  նրանց  ընտանիքներին: Հայ  զինվորը  սրբություն  է, որովհետև  նա Սուրբ հողն է   պաշտպանում, մեր  հայրենիքը, ժողովրդին, իր տունը, իր հարազատներին:

Վարսիկ Սիմոնյան– Վիրավորվել  է  ամուսնուս  եղբայրը՝  Վարազդատ Սիմոնյանը:  Կամավոր  էր մեկնել սահման: Վիրահատվել  է, այս  պահին վիճակը կայուն  ծանր է: Ես  եկել  եմ  Կալինինգրադից՝ լսելով  այս  ցավալի  լուրը:  Այնտեղ  ապրող բոլոր  հայերը  պատրաստակամ  են  ու  միասնական՝  օգնելու, աջակցելու  Արցախին: 

3

Ժորա Ադամյան

Ժորա  Ադամյան-  Եկել  եմ  Շամշադինից ՝ տեսակցելու  ծանր կայուն վիճակում գտնվող  զինծառայող որդուս՝ Արթուր  Ադամյանին:  Նա  պաշտպանում  էր Շամշադինի  դիրքերը: Վիրահատել են, արդեն հիվանդասենյակ  են  տեղափոխել: Տրամադրությունն  այս պահին  լավ  է,  սպասում  է, որ  լրիվ ապաքինվի և կրկին  մեկնի  դիրքեր: Արթուրն ավարտել  է  ենթասպաների  դպրոց  և  չի  զղջացել  երբեք, հիմա  էլ՝ անգամ  վիրավորվելուց  հետո  էլ չի  զղջում և  շտապում է  օր առաջ  առողջանալ  ու  վերադառնալ  մեր  զինվորների մոտ: Անգամ ժամանակ  չի ունեցել  ամուսնանալու, այժմ 36 տարեկան է: Հուսանք, որ  ոտքի  կանգնելուց հետո  ընտանիք  կկազմի: Մեր հայերն ընկճվող չեն, շատ  քաջ  են, կռվում են  ուրիշների  թիկունքում  հարձակվող վախկոտ  ազերիների դեմ:  Բոլորս պետք է   հպարտանանք  մեր  տղաներով:

4

Վրույր Հարությունյան

Վրույր Հարությունյան –  Եկել  եմ  Էջմիածնից՝  վիրավորված  մարտական  ընկերջս տեսնելու: Դեմքն  էր վիրավորված,  արդեն վիրահատել  են:  Ես  Էջմիածնի  ԵԿՄ-ի  անդամ  եմ և  հպարտ եմ, որ  այդ  միությանն  եմ  անդամակցում:  ԵԿՄ-ից շատ ջոկատներ  են  այսօր  Արցախի  դիրքերում՝  գեներալ  Մանվել Գրիգորյանի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Ինքս  էլ  1988-ից մինչև 1995 թիվը մասնակցել  եմ  ղարաբաղյան  1-ին  պատերազմին՝ տանը թողնելով 7 երեխա:  Պետք  է միշտ զգոն լինել,  որովհետև  մենք  վստահելի հարևաններ չունենք: Էս  տարիքում մենք սահման  պաշտպանող երեխեքից  շատ բան ունենք սովորելու, ես դրանց ցավը տանեմ: Պատրաստ  ենք՝ կանգնելու  նրանց կողքին: Մեր՝ ճանապարհ անցած  ու  պատերազմ տեսած  ազատամարտիկներից  շատերն այժմ  Արցախում են:  Ազատամարտիկները  չեն մեռնում. կամ  ապրում են  փառքով, կամ  էլ  ՝  զոհվում  ու  անմահանում: Կամավորականների  ոգին այլ է զինվորականի  ոգուց: Պատերազմը դեռ չի  ավարտվել, ազերիների ախորժակը շատ մեծ  է,  բայց մենք  զգոն ենք և պատրաստ  ենք  հակահարված տալու  թշնամուն: Ազերիները  ոչ միայն մեր, այլև  աշխարհի  թշնամին  են.  թուրքը մնում  է  թուրք:

1

Կարինե  Ավագյան

Scroll Up