Իտալական Մոնատե քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 7-ին Իտալիայի Միլանո նահանգի Մոնատե քաղաքում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանին Մոնատեյի քաղաքապետը հանձնել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վկայող քաղաքապետարանի պաշտոնական փաստաթուղթը:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Պայքար Սվազլյանը և նշում, որ փաստաթուղթը շուտով հանձնելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Հանդիսությունից հետո ներկաների հետ միչև ուշ երեկո Արցախյան հարցի հետ կապված քննարկումներ են ծավալվել, որի ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրած վայրագությունների մասին:
Հավելենք նաև, որ Իտալիայի հայ համայնքը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել, որից ստացված ողջ հասույթը տրամադրելու է վերջին օրերին ադրբեջանական զորքի կողմից հրահրած ռազմական գործողությունների հետևանքով դժվարին կացության մեջ հայտնված արցախցիներին և հայ զինվորներին: Կազմակերպիչները դրամահավաքի մասին արդեն իրազեկել են համայնքային ներկայացուցիչներին, կազմակերպություններին և միություններին: