Գլենդեյլի Շամլյան դպրոցի աշակերտները հարյուր անմոռուկ են տնկել
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելու համար Գլենդեյլում գործող Վահան և Անուշ Շամլյան հայկական դպրոցի առաջին և ութերորդ դասարանցիները 100 հատ անմոռուկ են տնկել La Crescenta-ի այգում, tert.am-ի փոխանցմամբ, գրում է glendalenewspress.com-ը:
Դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ 13-ամյա Արա Յակուբյանը նշել է, որ ութերորդ դասարանի աշակերտները ցանկանում էին միանալ առաջին դասարանցիներին ծաղիկներ տնկելիս, որպեսզի տարիքով փոքր աշակերտները կարողանան տեսնել, թե ինչպես են ծաղիկներն աճում ժամանակի ընթացքում:
Դպրոցի ութերորդ դասարանի աշակերտները նաև պատրաստվում են հաջորդ շաբաթ Հայաստան մեկնել:
Արա Յակուբյանը հայտնել է, որ Հայաստանում է եղել փոքր տարիքում, նա հուսով է, որ այս տարվա իր այցը բոլորովին նոր փորձառություն կլինի՝ հատկապես հայկական մշակույթը յուրացնելուց և Ցեղասպանության հարյուրամյակի տարում դպրոցն ավարտելուց հետո:
Ծաղիկների տնկման արարողությանը մասնակցել է նաև դպրոցի տնօրեն Թալին Կարգոդորյանը:
Բացի այդ, երեքշաբթի օրը Շամլյան դպրոցի մի խումբ ծնողներ հայտնել են, որ պատրաստվում են մոտ 4.800 կիլոմետրանոց ճանապարհ անցնել՝ վազելով և հեծանվով մարաթոն կազմակերպելով Լոս Անջելեսից մինչև Վաշինգտոն:
Նրանք պատրաստվում են սկսել մարաթոնը Լոս Անջելեսում ապրիլի 24-ին և նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 7-ին: Իրենց ճանապարհին նրանք հույս ունեն իրազեկել Հայոց ցեղասպանության և աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին:
Այս մարաթոնի գաղափարն առաջացել է Միքայել Մարգարյանի մոտ, ով ոգեշնչվել է Ցեղասպանությունը հիշատակելու համար ամեն տարի դպրոցի կազմակերպած երթով, երբ ծնողներն ու աշակերտները Շամլյան դպրոցից գնում են Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցի: