Արգենտինահայերը Արցախի կողքին են. բողոքի երթ Բուենոս Այրեսում
Արգենտինայի հայ համայնքը, անմասն չմնալով Լեռնային Ղարաբաղում կատարվող դեպքերին, իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին։ Այս առիթով ապրիլի 5-ին Բուենոս Այրեսում հարյուրավոր արգենտինահայեր բողոքի երթ անցկացրեցին Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ մեկ անգամ ևս փաստելով իրենց միասնականությունը հայ ժողովրդին։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի և հոգևոր դասի առաջնորդությամբ՝ նախ աղոթք բարձրացվեց նահատակված հայորդիների հոգիների համար, ապա համայնքի անունից ընթերցվեց բողոք-նամակ, որը հանձնվեց Ադրբեջանի դեսպանատանը։
Բազմաթիվ արգենտինահայեր ցանկություն են հայտնել անհրաժեշտության դեպքում կանգնել իրենց եղբայրների կողքին՝ միասնաբար պաշտպանելով Արցախ աշխարհը։