Սփյուռքը շնորհավորում է Արցախին. Շահան Գանտահարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Շահան-Գանտահարյան1.jpg)
Շուշիի ազատագրության նշումն այս տարի ժամանակակից հնչեղություն ունի այն առումով, որ մենք չենք կարող Շուշիի մեծ խորհրդի մեկնաբանության փորձ կատարել՝ կայծակնային պատերազմի փոխանցած ուղերձների շրջանակներից դուրս։
Շուշին հայ ժողովրդի լինելության ճակատագրորոշ գոյամարտն էր, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունից, Արցախից եւ Սփյուռքից ռազմաճակատ մեկնած, կողք-կողքի, նույն խրամատում համահայկական անվտանգության երաշխիքներ ապահովելու համար նահատակված, բայց նաեւ հաղթած հայ ժողովրդի ազնվագույն երիտասարդները։
Շուշին հայության զարթոնքի խորհրդանիշն է։ Շուշին նաեւ հայ մշակույթի կենտրոն լինելու պատմական բոլոր նախադրյալներն ունեցել է և այսօր էլ ունի։ Շուշիում համազգային մշակութային փառատոներ, համահայկական համաժողովներ եւ տարբեր ոլորտի միջոցառումներ անցակցնելը, կարծում եմ, մեծ նշանակություն կունենա քաղաքի զարգացման եւ համահայկական ուշադրության կենտրոնի վերածման համար։
Սփյուռքի հասարակական կազմակերպություններն իրենց առանջային եւ մեծ միջոցառումների կազմակերպման համար նպատակահարմար կլինի, իբրեւ միջավայր, նկատի ունենալ Շուշին։
Շնորհավորում եմ բոլորիս` Շուշիի ազատագրության 24-ամյակի առիթով։ Համոզված եմ, որ համահայկական ներուժի նպատակային օգտագործումով մեզ կհաջողվի Շուշին վերածել շնչող, ստեղծագործող եւ փառատոներ հյուրընկալող կարեւոր քաղաքի։