Տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աշխատանքների ցուցահանդեսը

Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Ամերիկյան համալսարանի  աջակցությամբ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի ունեցավ լիբանանահայ  լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, արվեստագետներ:

 Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը: Նա նշեց, որ  լուսանկարների յուրահատկությունը հիմնականում լույսի և ստվերի բնական խաղերի արտացոլումն է գիշերային երկնքում:

 Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Գաբրիել Փանոսյանի՝ լուսանկարչական այս յուրահատուկ արվեստի հայտնագործողը Սփյուռքի նախարարությունն է, ում աջակցությամբ առաջին անգամ կազմակերպվեց լուսանկարների առաջին ցուցահանդեսը: Լուսանկարները բնության հրաշալիքների յուրօրինակ ամրագրումն են, որը հայի զգացողությունների ու մտքի արտահայտման ինքնատիպ դրսևորումն է»:

 Սերժ Սրապիոնյանը ստեղծագործական բեղուն գործունեություն և հաջողություններ մաղթեց Գաբրիել Փանոսյանին:

 Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարարին իր աշխատանքների ցուցադրությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար՝ Գաբրիել Փանոսյանը նշեց. «Ես երբևէ չեմ մտածել, որ կկազմակերպեմ լուսանկարների ցուցահանդես: Այդ գաղափարը հուշել է  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երբ առաջին անգամ տեսավ լուսանկարները՝ համարելով, որ դրանք լուսանկարչական արվեստի նոր դրսևորումներ են»:

 Լուսանկարիչը նաև հավելեց, որ հերթական 6-րդ ցուցահանդեսում Արմեն Տեր-Կյուրեղյանի առաջարկով կկազմակերպվի լուսանկարների վաճառք, որի հասույթը ամբողջությամբ կփոխանցվի Ամերիկյան համալսարանում սովորող սիրիահայ ուսանողներին:

 Այնուհետև իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին ասմունքող Նարեկ Ղազարյանը և երգիչ Արեգ Միքայելյանը:

 23

Scroll Up