Սփյուռքում հայկական համայնքի ողնաշարը հայ կինն է. Ադանա Քեշիշյան

Ադանա Քեշիշյանը հայրենիք է վերադարձել Թեհրանից: Չնայած հանգիստ կյանքին՝ ներքին անհանգստությունը նրան և ընտանիքին բերեցին Հայաստան: «Հայերն այսօրի» թղթակիցը Ադանայի հետ խոսել է ուրիշ վայրում ապրելու անազատության, ներկայով ապրելու անհրաժեշտության և մասնագիտական ընտրության կարևորության մասին:

-Ադանա´, Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և հայկական համայնքն էլ Իրանում երկար տարիների կենսագրություն ունի: Ինչպիսի՞ն էր Ձեր կյանքը այնտեղ՝ թեկուզ հայրենիքին մի փոքր մոտ, սակայն օտար միջավայրում:

– Այո´, պարսկահայ համայնքը հարուստ մշակույթով և երկար ու շարունակական գոյությամբ այսօր էլ իր ուրույն տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Մեր ընտանիքն էլ այդ համայնքի մի մասն էր մինչև Հայաստան տեղափոխվելը: Ծնողներս ու պապերս պարսկահայեր են: Հայրական կողմս հայտնի է իր քահանա զավակներով, իսկ մայրիկիս գերդաստանից շատերը Պարսկաստանից հայրենիք են վերադարձել 1946 թվականի հայրենադարձության տարիներին: Սակայն ես ծնվել եմ Թեհրանում:

Հայ լինելու զգացումը, պատասխանատվությունը մեր կենսակերպում միշտ գերակայել է: Իհարկե, միայն հայերեն խոսելը դեռ հայ լինելու, հայեցի ապրելու ցուցանիշ չէ, սակայն երբ ծնվում ես հայկական ընտանիքում, որտեղ անընդհատ տիրում է հայրենիքի շունչը, պահպանվում են ավանդույթներն ու ազգային արժեքները, քեզ փորձում ես լիարժեք հայ զգալ: Փորձում ես, քանի որ այդ զգացումը՝ հայի ինքնության, գեների և ազգային պատկանելիության, մնում ու ապրում են օտար հողի վրա: Ես Թեհրանում հանգիստ կյանքով եմ ապրել, այնուամենայնիվ՝ կարոտը հայրենիքի նկատմամբ իմ հոգևոր դաշտում հաճախ  փոթորկումների առիթ է դարձել: Որպեսզի զգայինք մեր արմատները, ծնողներս ինձ և քրոջս հաճախ էին Հայաստան բերում, բայց միշտ ցավով էինք հեռանում: Այդ ցավն էլ հասունացրեց մեկընդմիշտ Հայաստան տեղափոխվելու մտադրությունը: Հիմա էլ Թեհրանը կարոտում եմ, այն իմ ծննդավայրն է, սակայն գիտեմ, եթե գնամ, ամենաշատը մեկ շաբաթ անց խելակորույս վերադառնալու եմ այստեղ:

-Ինպե՞ս ինտեգրվեցիր հայաստանյան կյանքին: Ի՞նչը քեզ այստեղ ամենաշատը գրավեց:

– Սկզբում դժվար էր, քանի որ պիտի հաղթահարեի լեզվական պատնեշը: Բարեբախտաբար այն լիովին հաղթահարեցի: Երբեմն զգում էի որոշակի անտարբերություն իմ հասակակիցների կողմից, սակայն դա էլ ժամանակի ընթացքում անցավ: Պարզապես մի փոքր ուժ էր պետք, որը ես իմ մեջ գտա: Տարբերությունը, որ ես պարսկահայ եմ, շատերին էր թույլ տալիս վերապահորեն ընդունել իմ հայ տեսակը, սակայն երկար ժամանակ չպահանջվեց ապացուցելու, որ ես կարող եմ իմ տեսակով, արժեքներով ու բնութագրով շատերից ավելի հայրենասեր լինել: Դրան օգնում է հայոց հողը, բնությունը, օդը, լեռնաշխարհը, որը անչափ եմ սիրում: Հատկապես սիրում եմ Սյունիքի մարզը: Գորիսի կանաչն եմ սիրում, Մեղրիի իրար մեջ հյուսված տները: Ղարաբաղի բնությունը լրիվ այլ է, անկրկնելի: Հայոց բնությունը հայի հետ խոսում է, ուժ է տալիս, այն կարծես մեր տեսակի արտացոլումը լինի:

-Ինչքա՞ն էլ տարբեր լինեն Պարսկաստանն ու Հայաստանը, միևնունն է, որոշակի նմանություններ կան, որոնք աշխարահագրական և պատմական հիմք ունեն: Դա են վկայում նաև պարսկերենից արված լեզվական փոխառությունները: Սակայն կենսակերպի ինչպիսի՞ հիմնական տարբերություններ կնշես:

-Չեմ կարող չնշել, որ Իրանում խնդիրները, ապրելու դժվարությունները ավելի շատ էին: Սակայն հայկական համայնքը կարողանում էր արժանապատվորեն շարունակել իր գոյությունը: Մենք հարգում էինք տեղի հարուստ մշակույթը, իրենք էլ մերը, որը ևս ոչ պակաս հարուստ է: Պարսկական ավանդություններում կային շատ հաճելի, փոքրիկ տոներ, որոնք  շատ հայեր նշում էին: Դրանք որևէ կրոնական կամ ընդգծված ազգային բնութագրում և ենթատեքստ չունեին, պարզապես գեղեցիկ և հետաքրքիր էին: Օրինակ՝ թարգմանաբար այսպես հնչող Չելլեի գիշերը: Այն համարվում է պարսկական տոմարով ամենաերկար գիշերը, երբ ամբողջ ընտանիքը արթուն է մնում, սեղանին դնում են գեղեցիկ զարդարված ձմերուկ, հատիկեղեն և գիշերը վերածում տոնի: Սակայն մեկ այլ ոգևորությամբ են նշվում հայկական տոները, որոնք մեր ազգայինի պահպանման գրավականն են:

Զարգացած է և գնալով զարգանում է հայկական տոները պահելու միտումը: Օրինակ՝ Վարդանանց տոնը այստեղ շատերը չեն նշումը, իսկ իրանահայերը պարտադիր տոնում են, հատկապես հայկական դպրոցներում այն մեծ ոգևորությամբ են հիշում: Երգում են հայկական երգեր, հայրենասիրության կոչեր են հնչում, բանաստեղծություններ ասվում:

 Իմ կենսակերպն էլ էր այնտեղ տարբեր: Ես նաև սկաուտ էի, ակտիվ էի տարբեր հասարակական կազմակերպություններում: Սակայն վերջերս եմ բացահայտել, որ Հայաստանում ևս սկաուտական շարժում կա:

-Ադանա´, խոսեցինք հայկական համայնքից, սակայն կցանկանայի մի փոքր պատմեիր այդ համայնքի հիմնասյուների մասին: Որո՞նք են դրանք և ո՞րն է նրանց առաքելությունն այսօր:

-Առաջնայինը կնշեմ հայկական դպրոցները: Ես հաճախել եմ Թեհրանում ամենահայտնի հայկական օրիորդաց Թունյան վարժարան: Այնտեղ շաբաթական 2 օր էինք հայերեն անցնում, սակայն մեծ խանդավառությամբ էինք սպասում հայոց լեզվի դասերին և դրանց օգնությամբ կարողանում էինք լավ սերտել հայերենը: Մնացած դասերը անցնում էինք պարսկերենով: Ամեն առավոտ հոտնկայս ունկնդրում էինք Հայաստանի օրհներգը, արտասանում Տերունական աղոթքը: Սակայն իր դերով անփոխարինելի է մնում նաև հայկական եկեղեցին: Ամեն կիրակի հայկական եկեղեցիները մարդաշատ են լինում: Հատկապես ակտիվ են հայ կանայք: Կարելի է ասել, որ հայկական համայնքի ողնաշարը հայ կինն է: Նա է պատասխանատվություն կրում պահելու ընտանիքում հայկական շունչը, երեխաներին հայեցի դաստիրարակելու աշխատանքը ևս նրանն է: Կանանց մեծ մասը հիմնականում ուսուցչություն է անում: Նրանք նաև ակտիվ ներգրավված են տարբեր հասարակական կառույցներում՝ «Րաֆֆի», «Սիփան», «Արարատ»:

-Ներքին անազատություն, ենթադրում եմ, զգացել ես այնտեղ: Ինչպե՞ս էր այն արտահայտվում:

-Հոգևոր ոլորտում, իհարկե, կար այդ անազատությունը: Ֆիզիկապես չեմ կարող ասել, որ այն շատ էր զգացվում: Այո, մեր կանայք ստիպված էին գլխաշոր կրել, անկախ եղանակից ծածկել ողջ մարմինը, սակայն դա ինձ համար խնդիր չի եղել: Ոստիկանությունն ամենուր է, և չհետևելու դեպքում քեզ կարող են պատժել: Սակայն մենք հարգում էինք նրանց ավանդույթները, և վախից դրդված չէինք դա անում: Ամեն շենք իր փակ բակն ուներ, և երեխաները այդտեղ էին խաղում: Եվ նույնիսկ այն զգացումը, որ դու հայ ես միայն քո հայկական համայնքում, դրանից դուրս այլ մարդիկ են, այլ մշակույթ, այլ երկիր է, քոնը չէ, տանում էին ներքին անազատության: Տեղացիները հայերին շատ են հարգում հենց նրա համար, որ չեն ձուլվում, պահպանում են իրենց, մինչդեռ շատ իրանցիներ, արտագաղթելով երկրից, կորցնում են իրենց ինքնությունը: Մենք ունենք ինքնության արժեքը, պահպանում ենք դա, սակայն դա անում ենք օտարության մեջ: Ինձ Հայաստան բերեց փախուստը այդ օտարությունից, ինձ այստեղ վերագտնելու ցանկությունը:

Մայրիկիս համար էր դժվար: Նա Իրանում բանաստեղծություններ էր գրում, հայ կանանց շրջանում հայտնի էր որպես բանաստեղծուհի,  աշխատում էր հրատարակչությունում: Սակայն այն միտք, որ հայրենիքում ապրելը լավ է բոլորիս համար, նրան օգնեցին հարմարվել նաև հայաստանյան կյանքին: Այստեղ էին նաև մայրիկիս ծնողները, ովքեր ոգևորում էին նրան:

Լինելով ակտիվ բնավորության տեր մարդ՝ ընտրել ես բավականին համբերատարություն պահանջող մասնագիտություն: Որտեղի՞ց քիմիայի հանդեպ այդքան սերը:

-Ամենասկզբում ինձ դատական ոլորտում էի տեսնում, հետո ցանկանում էի բժիշկ դառնալ, սակայն քիմիայի հանդեպ սերը ավելի գերիշխող գտնվեց: Մանագիտությունս՝ դեղագործությունը, դարձյալ բժշկական գիտություն է, սակայն բավականին տարբերվում է բուն բժշկությունից: Քիմիա առարկային դպրոցական առաջին դասից սիրահարվեցի: Ատոմներ, տարրեր, ռեակցիաներ, պայթյուններ: Ցանկացա իմ ներդրումը ունենալ քիմիայում:  Դպրոցական վերջին տարիներս անցկացրի Շիրակացու անվան ճեմարանում, որտեղ է այդ սերը ավելի խորացավ: Այն գիտակցումը, որ շուրջբոլորը քիմիա է, ամենուր քիմիական ռեակցիաներ են ընթանում, ինձ միանագամայն այլ աշխարհ տարան: Այդպես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ: Մինչ օրս իմ մեջ վառ է մնում այն երազանքը, որ ես պիտի որևէ դեղ ստեղծեմ, որը կօգնի իմ ժողովրդին ձերբազատվել հիվանդություններից:

Մասնագիտություս շատ պարտավորեցնող է: Պատասխանատվությունը, որ հիվանդը քո տված դեղի ուժին է հավատում, ստիպում է ունենալ բարձր մասնագիտական և մարդկային որակներ: Չնայած մասնագիտական ձեռբերումներ ունեմ, սակայն դեռևս 3-րդ կուրսում եմ սովորում և ինձ թույլ չեմ տա հիմա աշխատել:

-Ադանա´, կարծում եմ՝ երբ ընկերներդ որևէ ֆիզիկական ցավ են զգում, քեզ են դիմում, որ ինչ-որ դեղ առաջարկես իրենց: Սակայն ո՞րն է քո առաջարկած դեղատոմսը մարդկային հոգու ցավի համար:

– Ես միշտ ասում եմ՝ մարդու համար ամենալավ բժիշկը հենց ինքն է: Կարողանալու ունակությունը, հաղթահարելու կամքը և լավատեսությունը պիտի գերիշխի մարդու ներաշխարհում:

-Ինպիսի՞ն է Ադանան տանը, դրսում և համալսարանում:

– Տանը ես հանգստանում եմ, երբեմն հոգեկան բռնկումներ եմ ունենում, երգում եմ, գրում, նկարում: Դրսում իմ մեջ արթնանում է երաժշտասեր Ադանան, ես երբեմն կտրվում եմ և տրվում երաժշտությանը: Համալսարանում իմ  պատասխանատու տեսակը ավելի է զգոնանում, սկսում եմ ապրել կատարյալի ձգտումով: Ընդհանրապես՝ իմ պահելակերպը անմիջականորեն կապված է դիմացինի վարքից:

-Ադանա´, դու քեզ նկարագրում ես որպես ժամանակի մարդ: Ի՞նչ է ժամանակը քեզ համար:

– Ժամանակն իմ լավ ընկերն է: Այն իմ շատ խնդիրներին լուծում է տվել, շատ ցավեր բուժել: Պետք է զգալ ժամանակը: Այն չի ծերանում, չի վերջանում, այն միշտ կա: Ես չեմ մտածում, թե հեռու ապագայում ինչ կլինի: Ապրում եմ ներկայով, զգում եմ պահը: Կյանքը կորցրածը կամ երազածը չէ, պետք է գնահատել եղածը, առկան: Ես ներկայի մարդ եմ, քանի որ ժամանակը չի սիրում, երբ իրենից առաջ են ընկնում:

-Ադանա´, ես միշտ իմ զրուցակիցներին հարցնում եմ, թե ինպես են պատկերացում իրենց երկրի վաղվա օրը: Սակայն հիմա հարցս այլ կերպ կձևակերպեմ: Ինչպե՞ս կնկարագրես քո երկրի ներկան:

-Անտարբերություն կա մարդկանց աչքերում, անհետաքրքրություն: Ոգևորված են ապագայով, բայց անտարբեր են ներկայի նկատմամբ: Ներկան միշտ վատն են կարծում: Սակայն պետք է աշխատել և ինչ-որ բան փոխել հենց ներկայում: Ներկա օրվա գիտակցումով պիտի ապրել:

Ամալյա Կարապետյան

Ադանա

Scroll Up