5 տարի անց…
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Սիրիա-5-տարի.jpg)
Այսօր լրանում է Սիրիական պատերազմի 5 տարին: 2011 թվականի մարտի 15-ին երբեմնի ծաղկուն Սիրիան վերածվեց պատերազմական թատերաբեմի: «Հայերն այսօր»-ը հետահայաց անդրադարձ է կատարել կորստի, ցավի, դրամատիկ իրադարձություններով լեցուն այս 5 տարիներին և ամփոփել 5 կարևոր կետերով:
Սիրիան և հայ համայնքը՝ 5 տարի առաջ
Սիրիայի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենահին ու ավանդական համայնքներից մեկն է, որին շատ հաճախ անվանում են նաև Սփյուռքի մայր համայնք։ Այն վերակազմավորվել է Հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայաթափումից հետո: 2011 թվականին սիրիահայ համայնքը պաշտոնապես հաշվվում էր 100.000: Գործում էին բազմաթիվ մշակութային, բարեգործական, եկեղեցական միություններ: Պատերազմից առաջ գործող հայկական դպրոցների (թե՛ ամենօրյա, թե՛ կիրակնօրյա) թիվն անցնում էր 30-ը: Սիրիահայերը ներգրավված էին հիմնականում արհեստների և գործարարության ոլորտում։
5 տարի անց
Այսօր Սիրիայում հայերի թիվն էապես կրճատվել է: Նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում ու այստեղ գտել իր ներկան ու ապագան: Շատերն էլ իրենց նոր տունը գտել են Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում: Շուրջ տասնհինգ հազարանոց համայնքը, սակայն, նախկինի պես մեծ հարգանք է վայելում Սիրիայում: Հայաստանում այսօր բնակվում է 16-17 հազար սիրիահայ: Սիրիահայերի մոտ 80 տոկոսն ունի Հայաստանի քաղաքացիություն, մոտ 20 տոկոսը՝ տարբեր տևողության կեցության կարգավիճակ, իսկ ընդամենը 500-600 մարդ` փախստականի կարգավիճակ:
5 կորուստներ, որ կրեց հայ համայնքը 5 տարիների ընթացքում
- Թիվ մեկ կորուստն, անշուշ, մարդկայինն է: 5 տարիների ընթացքում ավելի քան հարյուր սիրիահայ է զոհվել:
- Քիչ չեն նաև նյութական կորուստները: Հայերը բավականին ապահովված խավ էին Սիրիայում, և այսօր նրանց մեծ մասը կորցրել է իր ունեցվածքը:
- Կորուստ է նաև համայնքի նոսրացումը: Պատերազմի հետևանքով մասնատվեց Սփյուռքի մայր համայնքը, որտեղ ապրում էին ավանդական սփյուռքի կրողները, Հայոց ցեղասպանության նահատակների ժառանգները:
- 5 տարիների ընթացքում Սիրիայում ավերվեցին, վնասվեցին բազում հայկական եկեղեցիներ, սրբավայրեր: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է 2014-ի սեպտեմբերի 21-ին՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պայթեցումը ISIS-ի գրոհայինների կողմից: Այս բարբարոսությունը լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում, միջազգային հանրությունը հանդես եկավ դատապարտող հայտարարություններով:
- Կորուստների շարքում կարևոր է նաև արևմտահայերենի նահանջը: Սիրիահայերը բնակություն հաստատելով Հայաստանում կամ այլ երկրներում և հայտնվելով մի նոր միջավայրում՝ սկսեցին ավելի պակաս խոսել արևմտահայերենով:
5 առաջնային խնդիրներ, որոնք ծառացած են Հայաստանում հաստատված սիրիահայերի առաջ
Եթե Սիրիայում ապրող մեր հայրենակիցներն ունեցան ապահովության, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի հետ կապված դժվարություններ, ապա Հայաստանում հաստատված սիրիահայերի առջև ծառացան հետևյալ խնդիրները:
- Բնակարանի խնդիր
- Աշխատանքի խնդիր
- Ինտեգրման խնդիր
- Լեզվական խնդիր
- Հոգեբանական խնդիրներ
«Ձեռքբերումներ», որ տրվեցին պատերազմի հետևանքով
- Սիրիական պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դժբախտությունը, յուրայինի ցավը միավորում է մեզ և ուժեղ դարձնում: Տեղին է հիշել պետական մարմինների, հոգևոր կառույցների, համահայկական, բարեգործական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը՝ միտված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը: Ինչպես նաև այս տարիների ընթացքում կազմակերպված բազմաթիվ դրամահավաքները, բարեսիրական ֆոնդերը, որոնք կոչված են օգնելու սիրիահայերին: Միայն վերջերս Սիրիահայերի օգնության մարմինը 1 204 850 ԱՄՆ դոլար հանգանակեց ՝ ի նպաստ սիրիահայության:
- Հայաստանում հաստատված սիրիահայերից շատերի համար Հայրենիքն այլևս երազ չէ, նրանք իրենց վերջնական հանգրվանը տեսնում են միմիայն հայրենիքում: Գիտակցելով հայաստանյան իրականության, միջավայրի դժվարությունները՝ նրանք պատրաստ են իրենց կյանքի նոր էջը սկսել հայրենիքում, մասնակիցը լինել Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը: Շուրջ 20.000 սիրիահայեր այս տարիներին եկան Հայաստան, նրանցից 16-17 հազարն արդեն հաստատվել է Հայրենիքում ու իր ապագան այստեղ է կառուցում:
- Հայաստանում հաստատված բազմաթիվ սիրիահայեր իրենց սեփական գործը ձեռնարկեցին այստեղ՝ նոր շունչ տալով տնտեսությանը: Հայաստանում 300 և ավելի կայացած սիրիահայ գործարարներ կան: 500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում կայացած սիրիահայ գործարարների մոտ:
- Սիրիահայերը նաև իրենց մշակույթը բերեցին Հայաստան: Այսօր սիրիական ճաշատեսակները, ձեռագործները հայտնի են գրեթե բոլորին, իսկ արևմտահայերենով խոսող մեր հայրենակիցների խոսքն այլևս խորթ չէ հայաստանցիների ականջին: Ասել է թե՝ գործնական դրսևորում ստացավ Հայաստան-Սփյուռք մերձեցումը:
- Պատերազմի հետևանքով Հայաստանում հանգրվան գտած սիրիահայերը շոշափելի կերպով զգացին իրենց կողքին Հայաստան պետության շունչը, որ առաջին իսկ օրերից իր ձեռքը մեկնեց կարիքի մեջ հայտնված իր հայրենակիցներին: Այսօր սիրիահայերը Հայաստանում բազմաթիվ արտոնություններից են օգտվում, Պետությունը և մասնավորապես՝ Սփյուռքի նախարարությունը փորձում է լուծել նրանց հուզող խնդիրներն ու օգնում ոտքի կանգնել Հայրենիքում:
Պատրաստեց Ջուլիետա Մաթևոսյանը