ՀՀ սփյուռքի նախարարությունում շնորհավորեցին Անուշ Նագգաշյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու առթիվ

Մարտի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուր էր Երուսաղեմում բնակվող բանաստեղծ, ասմունքող, լրագրող Անուշ Նագգաշյանը, ով վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Ջերմորեն շնորհավորեով Անուշ Նագգաշյանին այս նշանակալի առիթով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացի լինելը հայ մարդու համար բոլոր կոչումներից ամենաբարձրն ու ամենագեղեցիկն է և ինքն ուրախ է, որ այդ կոչումը շնորհվել է արժանի մարդու, ով մշտապես կապված է եղել հայրենիքին, և իր աշխատանքով փաստել է իր նվիրումն ու սերը: «Գիտեմ, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչումն ու անձնագիրը ընդունում ես ամբողջ հոգով, սիրով, սրտով, ոգևորությամբ, քանի որ դու իսկապես հայրենասեր, ազգային ապրումներով լեցուն գործիչ ես և քո բանաստեղծություններով, ասմունքով, լրագրողական և ուսուցչական աշխատանքով մեծ ներդրում ես ունեցել հայապահպանության գործում: Քո գեղեցիկ, տպավորիչ խոսքով միշտ  ոգեշնչել ես թե՛ սփյուռքի, և թե՛ Հայաստանի քո ունկնդիրներին», – ասաց Հրանուշ Հակոբյանը՝ վստահություն հայտնեով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն է՛լ ավելի ուժ ու եռանդ կհաղորդի նրան և ծնունդ կտա նոր գրքերի, նոր հաջողությունների ու փայլատակումների:

Երախտագիտություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ խոսքերի և բարձր գնահատանքի համար՝ Անուշ Նագգաշյանը հուզմունքով նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը միշտ էլ իր ամենանվիրական երազանքն է եղել, որին նա սպասել է երկար տարիներ: Ու թեև մշտապես կապված է եղել Հայաստանին, սակայն մի կարևոր հանգամանք պակաս էր իր կյանքում:  Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը լիովին փոխել է իր աշխարհը, նոր լիցք հաղորդել իր պոեզիային: «Հպարտություն և մեծ պատասխանատվություն է ունենալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Վստահաբար այն կփոխի նաև իմ պոեզիայում նախկինում տեղ գտած երկատվածության զգացումները», – ասաց Անուշ Նագգաշյանը:

Հանդիպման ավարտին բանաստեղծուհին սրտառուչ կերպով պատմեց իր ընտանիքի հուզիչ պատմությունը և սիրով արտասանեց իր ստեղծագործություններից:

2

Scroll Up