ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանին
Մարտի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ համայնքը՝ հայ ուսանողությանը» հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանին:
Հյուրը նախարարին ներկայացրեց 2006 թվականից գործող հիմնադրամի ներկա իրավիճակը՝ նշելով, որ այն շարունակում է հավատարիմ մնալ իր ստեղծման հիմնական նպատակին, այն է՝ անվանական կրթաթոշակներ տրամադրելով Հայաստանի ԲՈՒՀ-երի բարձր առաջադիմությամբ և հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողներին՝ աջակցել նրանց ուսման շարունակականության ապահովմանը: Հիմնադրամը հովանավորվում է Սփյուռքում իրենց գիտական և մասնագիտական գործունեությամբ բացառիկ հաջողությունների հասած և մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակիցների կողմից:
Անվանական կրթաթոշակի տրամադրման հետ մեկտեղ, հիմնադրամի հովանավորներն ակտիվ մասնակցություն են բերում ապագա մասնագետների կայացմանը և աճին: Ընդհանուր առմամբ անվանական կրթաթոշակ է տրամադրվել 218 ուսանողի: Ներկայումս նրանց թիվը 32-ն է: Կրթաթոշակից օգտվում են նաև Արցախի, Գորիսի և Գավառի ԲՈՒՀ-երի ուսանողները:
Դրական գնահատելով հիմնադրամի գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը դրվատանքով խոսեց հիմնադրամի հովանավորների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Ենգիբարյանի, Բագրատ Ալեքյանի, Մնացական Գասպարյանի, Սերգեյ Ավագյանի, Արամայիս Քամալովի, Լևոն Փիրուզյանի (որի մահից հետո ավանդույթը շարունակում է նրա ընտանիքը) մասին` նրանց կատարածը համարելով հայրենիքի հանդեպ սիրո և նվիրվածության դրսևորման լավագույն ձևերից մեկը: Ըստ նախարարի` նման գործունեությունը նպաստում է նաև հայրենիքի հետ կապի սերտացմանը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հիմնադրամի գործունեության ընդլայնման հնարավարությունների հետ կապված հարցեր: