ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Լիբանան

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Լիբանան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ հավաք-հանդիպմանը, որը տեղի է ունանալու փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո, Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում:

 Ամփոփվելու են 2015թ. ձեռք բերված արդյունքները և քննարկվելու են առաջիկայում իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը, ընդհանուր ուղղությունները:

 Հավաք-հանդիպմանը մասնակցելու են Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

 Սփյուռքի նախարարը հանդես է գալու ծավալուն զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհում և, մասնավորապես Միջին Արևելքի երկրներում տեղի ունեցած միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու անելիքները:

Փետրվարի 13-ի երեկոյան Հրանուշ Հակոբյանը մասնակցելու է Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ Լիբանանի օգնության խաչի կողմից կազմակերպված երեկոյին և հանդես է գալու «Կնոջ դերը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» զեկույցով:

 Փետրվարի 14-ին նախարարը հանդիպելու է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հետ, փետրվարի 15-ին՝ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի, այնուհետև Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Scroll Up