ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել են Մուշի հայկական համայնքի ներկայացուցիչները
Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Մուշ հայկական համայնքի ներկայացուցիչներ, «Տարոն-Մուշ» ակումբի կազմակերպիչներ Արմեն Գալուստյանը, Հայկ Հովհաննեսը և ծագումով այնթափցի, տորոնտոհայ Վազգեն Գալջյանը:
Հյուրերին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայապահպանության հարցեր, խոսվեց հայոց լեզվի պահպանման ու տարածման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Մշեցիները կաևորեցին «Տարոն-Մուշ» ակումբի, դպրոցի ստեղծումը՝ նոր սերնդին հայերեն սովորեցնելու, ինքնությունը պահպանելու գործում:
Հյուրերը նաև պատմեցին, որ դիմել են թուրքական իշխանություններին և որպես համայնքային սեփականություն ստացել են 17-րդ դարի հայկական գերեզմանատան տարածքը, որը գործում է մինչև օրս: Գերեզմանատունը պահպանելու և պաշտպանելու համար այն ցանկապատվելու է:
Մշեցիներ Արմեն Գալուստյանի և Հայկ Հովհաննեսի այցի նպատակը Հայաստանի հետ կապերի ամրապնդումն է, ինչը կնպաստի Մուշում ամուր պահել համայնքը, պահպանել լեզուն ու մշակույթը՝ ակնկալելով հայոց պետության և բարերարների աջակցությունը ազգապահպանությանն ուղղված՝ համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը: