ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարում էր համակարգող խորհրդի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Օրակարգում էին Լրագրողների 8-րդ համաժողովի խորագրի որոշման, անցկացման վայրի, օրվա, զեկույցների թեմատիկայի, ինչպես նաև 2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացի կազմակերպման և ծրագրի հետ կապված հարցերը:

Նիստին հեռակապով մասնակցում էին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ԱՄՆ-ից լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվարյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ համահայկական 8-րդ համաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին: «8-րդ համաժողովի համար լավագույնը կարելի է համարել «Հայոց պետականությունը մեր միասնության առանցքն է» խորագիրը»,- նշեց Հրանուշ Հակոբյանը՝ առաջարկելով համաժողովն  անցկացնել հոկտեմբերի 21-24-ը՝ Երևանում և Ստեփանակերտում:

Շնորհավորելով նախարարին և  նախարարության ողջ անձնակազմին՝ նոր և հարմարավետ մասնաշենք տեղափոխվելու առթիվ՝ Շահան Գանտահարյանը մաղթեց արգասաբեր աշխատանք: Համակարգող խորհրդի նիստի նախագահը նշեց, որ համամիտ է ՀՀ սփյուռքի նախարարի հետ՝ համաժողովի խորագրի, անցկացման օրվա և վայրերի վերաբերյալ: «Մենք պետք է ժամանակին և հետևողականորեն գումարենք համակարգող մարմնի նիստերը՝ համաժողովի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով», – նշեց Գանտահարյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեցին, որ իրենց կառույցները նույնպես բոլոր ջանքերը կներդնեն համաժողովը պատշաճ կազմակերպելու համար:

Հեռակապով նիստին մասնակից խմբագիրները նույնպես ողջունեցին համաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությունները և հավաստիացրին, որ իրենց լրատվամիջոցներում ընթերցողներին պարբերաբար կիրազեկեն համաժողովի մասին:

2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասին խոսեց դպրոցի նորանշանակ ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն  Մհեր Հովհաննիսյանը: Իր խոսքում ՀՀԻ փոխտնօրենն անդրադարձավ հիմնականում Լրագրողների վերապատրաստման դասընթացներին: Խոսելով նախապատրաստական աշխատանքների մասին` վերջինս նշեց, որ այս տարի շեշտն առավելապես դրվելու է գործնական աշխատանքների վրա: «Ստեղծվել և գործում է «Սփյուռք ամառային դպրոց»-ի կայքը` dss.am, որտեղից կարելի է ամբողջական տեղեկատվություն ստանալ դպրոցի բոլոր 5 դասընթացների մասին»,- հավելեց դպրոցի ղեկավարը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները կաջակցեն Լրագրողների դասընթացի մասնակիցների թիվը մեծացնելու և աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ` իրենց կայքերում մշտապես տեղադրելով «Սփյուռք ամառային դպրոց»-ի մասին տեղեկատվություն:

1 3 4 5

Scroll Up