«Միայն սփյուռքի նախարարություն այցելելուց հետո եմ ինձ Հայաստանում զգում».Մասիս Մինասյան

Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ պատանի երգիչ, երաժշտական շատ մրցույթների մասնակից և մրցանակակիր Մասիս Մինասյանին:
Ողջունելով հյուրին՝ Հ. Հակոբյանը հետաքրքրվեց Մասիսի առաջադիմությամբ և առաջիկա ծրագրերով, կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, հիմնավոր կրթությունը: Նախարարը հրավիրեց Մասիսին մասնակցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, որն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին: Երիտասարդ երգչին նախարար Հակոբյանը նվիրեց «Աշխարհի հայ երաժիշտները» գիրքը՝ բարեմաղթելով, որ Մասիսի անունն էլ մի օր հայտնվի նմանօրինակ ժողովածուում:
Պատանի երաժիշտը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ վերջերս նոր երգի տեսահոլովակ է ձայնագրել: Նա խոստովանեց, որ միայն սփյուռքի նախարարություն այցելելուց հետո է իրեն տանը զգում: «Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, առաջինն ուզում ենք այցելել Սփյուռքի նախարարություն, քանի որ հենց այստեղ ենք զգում հայրենի տան համը», – ասաց նա:
Մասիսին մեծ ճանաչում են բերել «Իմ Հայաստան» և «Ու՞ր ես, իմ երկիր» երգերը: 2012թ. Մասիս Մինասյանը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և արժանացել հավաստագրի:
2016 թ. ամռանը Մասիսն ավարտում է դպրոցը Տաշքենդում և վերադառնալու է Հայաստան՝ ԲՈՒՀ ընդունվելու և ՀՀ ազգային բանակում ծառայելու։