Գերմանիայի Գյոփինգեն քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված խաչքարի օծման արարողություն
Նոյեմբերի 14-ին Գերմանիայի Գյոփինգեն քաղաքի Սբ. Խաչ եկեղեցու առջև տեղի ունեցավ խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Ցոլակ Վարդանյանի քանդակած խաչքարը նվիրատվություն էր գերմանացի գործարար Յոհանես Կերխերից Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքին՝ ի նշան հայ-գերմանական բարեկամության և ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Գերմանիայի իր աղբյուրները:
Խաչքարի օծման արարողությունն իրականացրեցին Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Գարեգին արքեպ․Բեքջյանը, Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Տիրատուր քհն․ Սարդարյանի եւ բարեշնորհ Արման սրկ․Փիլիպոսյանի ընկերակցությամբ: Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ․ Գարեգին արքեպ․ Բեքջյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաեւ Գյոփինգենի քաղաքապետ Գուիդո Թիլը եւ նվիրատու Յոհաննես Կերխերը, ով իր խոսքում նշեց այն պատճառները, որոնք շարժառիթ են հանդիսացել խաչքարը Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքին նվիրելու համար:
«Ես կամենում եմ, որ մեր հայ բարեկամներն իմանան, որ Գերմանիայում իրենք ունեն համախոհներ, որոնք իրենց կողքին են: Իմ նպատակն է եղել այս խաչքարով Բադեն-Վյուրթեմբերգում ստեղծել Ցեղասպանության զոհերի հիշատակության մի վայր, որը կհամախմբեր այս երկրամասում ապրող բոլոր հայերին»-ասել է պարոն Կերխերը: Հանդեսը շարունակվեց հոգեւոր երաժշտությամբ, որն ունկնդրին մատուցեցին շտուտգարտաբնակ արվեստագետներ Արմինե Ղուկասյանն (սոպրանո) ու Իզաբելա Մելքոնյանը (դաշնամուր)։
Գերմանական եւ հայկական հոգեւոր երգերով արվեստագետները դրական լիցքեր հաղորդեցին արարողությանը ներկա բազմաթիվ հյուրերին ու մեր հայրենակիցներին։ Բացման արարողությունն ավարտվեց համայնքի հոգեւոր հովվի շնորհակալական խոսքով։