«Հողն հայրենի ուրիշ բան էր սորվածներէս…». Հովհաննես Էքմեքչյան

Լույս է տեսել հայրենադարձ սիրիահայ գրող Ժան-Վարդանի (Հովհաննես Էքմեքչյանի) «Պոռթկում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որի առիթով «Հայերն այսօր»-ի թղթակիցը մասնակցել է ՀՀ գրողների միությունում կայացած գրքի շնորհանդեսին և զրուցել բանաստեղծի հետ:

– Պարո՛ն Էքմեքչյան, շնորհավորում եմ գրքի լույսընծայման և շնորհանդեսի առիթով: Կարծեմ` մասնագիտությամբ հողագործ եք, ինչպե՞ս հայտնվեցիք գրական աշխարհում:

–  Նախ` շնորհակալություն շնորհավորանքի և ներկայության համար: Ճիշտ է, ես մասնագիտությամբ հողագործ եմ, սակայն կյանքիս մեջ հողագործությամբ երբեք չեմ զբաղվել: Հալեպում հագուստի արտադրությամբ և վաճառքով եմ զբաղվել. մեր ապրանքն արտահանվում էր արտերկիր և լավ համբավ ուներ: Պատերազմի ընթացքում ամեն ինչ քարուքանդ եղավ: Միշտ սիրել եմ գիր ու գրականություն և շատ եմ կարդացել: Ուսում եմ ստացել Հալեպի հայկական բարեգործական ընդհանուր միության «Լ.Նաճարեան – Գ. Կիւլպէնկեան» երկրոդրական վարժարանում, հետո ավարտել եմ համալսարանի գյուղատնտեսության բաժինը: Նախակրթարանի ուսուցիչս Կարապետ Ջուհարյանն էր` հրաշալի անձնավորություն, ով հայրենասեր սերունդ էր դաստիարակել: Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ մանկության ու պատանեկության տարիների վրա. միշտ ասում էր. «Գրէ՛… մի՛ ծուլանար, գրէ՛, գրելու շնորհքը ամէն մարդու չէ տրուած… Անպիտա՛ն»: 40 տարի շարունակ ուսուցչիս խրատները չէի իրականացրել: 50 տարեկանում հետևեցի նրա խորհրդին. գրեցի երկու բանաստեղծություն` «Աշուն» և «Աղոթք» վերնագրերով: Ինձ համար երբեմն գրում էի, բայց ոչ` հրապարակելու նպատակով: Երբ ընտանիքով 3 տարի առաջ հայրենադարձվեցինք, եկանք Հայաստան, շատ ազատ ժամեր ունեի, կիթառ էի նվագում… սկսեցի նաև գրել: Հայրենի հողն ինձ լիցքեր պարգևեց, պոռթկումներ եղան, և ծնվեց «Պոռթկում» վերնագրով ժողովածուս, որն իր մեջ ներառում է հայրենասիրական, սիրային, խոհափիլիսոփայական 50 բանաստեղծություն:

–  Պարո՞ն Էքմեքչյան, իսկ ինչո՞ւ Ժան-Վարդան…

–  Վարդանն իմ տղայի անունն է: Սիրիական պետությունը, 1987թ. սկսած, երբ ծնվեց տղաս, պարտադրում էր բոլորին, որ մեր ապրանքատեսականին, հագուստները պետք է ապրանքանիշ ունենան. ես էլ ամենից հարմար գտա տղայիս անունը` Ժան-Վարդան, որով էլ հանդես եմ գալիս որպես գրող:

–  Երբևէ արձակ ժանրով ստեղծագործե՞լ եք:

–  Ունեմ փոքր-ինչ երգիծական ոճով գրված էջեր` հալեպահայության կյանքից, որոնք դեռևս չեմ համարձակվում հրապարակել (Պարոնյանից հետո երգիծական ժանրին մոտենալն անչափ մեծ պատասխանատվություն է, համարձակություն):

–  Ժա՛ն-Վարդան, ի՞նչ գտաք Դուք Հայրենիքում:

–  Գտա այն ամենն, ինչի մասին երազում էի:

–  Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, հայրենի հողը:

–  Սրանից հետո ինձ համար ամեն ինչ է Հայրենիքը, իմ տողերով արտահայտեմ զգացումներս.

Հողն հայրենի ուրիշ բան էր սորվածներէս,

Ան սոսկ ուսում մը չէր երբեք, լոկ գիտական.

Հոս հողը զիս վար չքաշեց, թեւեր տուաւ,

Որ սաւառնիմ արմատներուս մէջ անսահման:

–  Սիրիական պատերազմի ավարտից հետո վերադառնալո՞ւ եք Սիրիա:

–  Ո՛չ, երբե՛ք, բացարձակապես. որոշած եմ, որ հոս պիտի ապրիմ, սակայն, անշուշտ, ամեն մարդ մի քանի անգամ պիտի գնա-գա… Կանգուն է այնտեղ տունս, բայց թալանված են գործարանները, հաստոցները և, ի վերջո, այնտեղ հայկական մշակույթ ունենք, մշակութային օջախներ, եկեղեցիներ, դպրոցներ, որոնց պետք է տեր լինել:

– Դե՛ ինչ, պարո՛ն Էքմեքչյան, «Հայերն այսօր» պարբերականի աշխատակազմի անունից ևս շնորհավորում եմ Ձեր առաջնեկի` «Պոռթկում»-ի ծննդյան առիթով և մաղթում եմ, որ այդպիսի սրտաբուխ պոռթկումները շարունակելի լինեն: 

Կարինե  Ավագյան 

02 03 04

Scroll Up