«Ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերն ապրեն Հայրենիքում և Հայրենիքով». Սեդա Օհանյան
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է տարիներ առաջ Իրաքից հայրենադարձված, պատմաբան Սեդա Օհանեսյան-Մելքոնյանի(Օհանյանի) հետ:
– Տիկի՛ն Սեդա, սկսենք Ձեր երեք ազգանուններից…
–Իրականության մեջ իմ ազգանունը Մարտիրոսյան է, հիմա ազգանունս փոխվել է՝ ս-ն էլ հանեցին, և մնաց՝ Օհանեան: Մելքոնյանն ամուսնուս ազգանունն է: Ես ծնվել եմ Իրաքի Բասրա քաղաք-նավահանգստում, հետագայում երջանկահիշատակ ամուսնուս աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Բաղդադ, ես էլ աշխատանքս փոխեցի այնտեղ:
–Քանի որ Դուք իրաքահայ եք և մասնագիտությամբ պատմաբան, ուստի կխնդրեմ խոսել Իրաքի պատմական, հնադարյա գաղութի, դրա վերակազմավորման մասին:
–Սիրո՛վ: Իրաքի հայկական, պատմական գաղթօջախի վերակազմավորման թվականը թեև համարվում է 1638 թվականը, այնուամենայինվ, միայն 1915-18թթ. արևմտահայերի զանգվածային բռնագաղթից և այդ երկիր հանգրվանած ժողովրդին տեղավորելուց հետո է, որ գաղութ հանգրվանած հայորդիները ցանկանալով պահպանել իրենց հայկական ինքնությունը՝ լեզուն, հավատքը, ավանդույթները, կազմակերպվում են որպես ազգային ինքնուրույն բջիջ և ստեղծում են ազգային դպրոցներ, նոր եկեղեցիներ են կառուցում, միութենական հաստատություններ են հիմնում:
– 1915թ. Հայոց եղեռնից մազապուրծ հայերը (հետագայում՝ իրաքահայեր) Պատմական Հայաստանի ո՞ր նահանգից են հանգրվանել Իրաքում:
–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո Իրաքի հնամենի հայ գաղթօջախը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից և հատկապես Վասպուրական աշխարհի տարբեր գավառներից իր մոտ ընդունեց բազմահազար հայերի ու ասորիների, ովքեր նահանջի ճանապարհին բազմաթիվ հալածանքների էին ենթարկվել, ճաշակել ամեն տեսակի դառնություններ, և վերջապես նրանք հանգրվանում են անգլիական կառավարության կողմից նախապես պատրաստված 3000 վրանների ներքո: 1918թ. մարտի 21-ին իրենց պատմական հայրենիքը բռնի ուժով լքած հայերը օգոստոսի սկզբներին հանգրվանել էին Բաքուբայում, Դիալե գետի ափին (Բաքուբան սահմանակից էր Պարսկաստանին): Բաքուբան էր առաջին գաղթակայանը, որից հետո, 1920-ի հունիս-հուլիս ամսիներին անգլիացիները նրանց տեղափոխեցին Բասրայի հյուսիսում գտնվող Նահրումար բնակավայրը, որտեղ մնացին մինչև 1921-ի հունիսը, երբ անգլիացիները հրահանգեցին, որ պետք է անմիջապես հեռանան այնտեղից: Այնտեղ բնակվում էր թվով 12 հազար հայություն: Միջագետքի հայ գաղթականության կոմիտեի նախագահ Լևոն փաշա Շաղոյանի անձնական արխիվը պրպտելով, ուսումնասիրելով՝ ես ծանոթացա իրաքահայերի հետագա ճակատագրին. բազմաթիվ նամակներ, աղերսագրեր գտա, որոնցում Շաղոյանը խնդրում էր, դիմում պատկան մարմիններին՝ կազմակերպելու Նահր Օմարում մնացած հայերի ներգաղթը Հայրենիք: 1921թ. հոկտեմբերից սկսած, 8000 գաղթականներ, երեք շոգենավերով պարբերաբար ներգաղթեցին Հայաստան: Իրաքից երկրորդ զանգվածային ներգաղթը Հայրենիք կազմակերպվեց 1947-ին, և Հայաստան եկավ 181 ընտանիք:
– Հասա՛նք Հայրենիք… Իսկ հիմա ետ վերադառնանք և մի փոքր պատմական ակնարկով կխնդրեմ ներկայացնել Իրաքի հայկական գաղութի պատմությունը, ծավալած գործունեությունը, ազգային-մշակութային կյանքը:
– Դեռևս 1852-ին Բաղդադում Սուրբ Երրորդություն եկեղեցու կողքին հիմնվել էր հայկական վարժարան, որը կոչվում էր Բաղդադի Սուրբ Թարգմանչաց ազգային վարժարան, որի մակարդակը բարձրացնելու, զարգացնելու համար այդ ժամանակների Ազգային իշխանության խնդրանքով Բաղդադ է ժամանում մտավոր լայն պաշարի տեր Պոլսո Նուբար-Շահնազարյան վարժարանի ընթացավարտ Միհրան Սվաճյանը: Ավելի ուշ՝ 1920-ականներին, Բաղդադի մի քանի թաղերում՝ Գէյլանի քամփ, Սըլեխ, Նորաշեն, բացվում են թաղային դպրոցներ: Կաթոլիկները նույնպես իրենց հովանավորության տակ ունեին դպրոցներ, որոնցից առավել հիշատակելի է «Անարատ Յղութեան Քոյրերու» կոչվող աղջիկների երկրորդական վարժարանը: Շատ բարձր աստիճանի վրա է եղել իրաքահայերի տնտեսական գործունեությունը՝ սկսած 17-րդ դարի 2-րդ կեսից, երբ 1604-ին Շահ Աբասի կողմից Արարատյան դաշտի քաղաքներից, գյուղերից բռնագաղթած հայերի մի մասը Պարսկաստանից անցավ Բասրա, Մուսուլ և Բաղդադ: 19-րդ դարում, 20-րդի սկզբներին հայ անվանի վաճառականները մեծ ներդրում են ունեցել գաղութի զարգացման, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում: Իրաքահայ գաղութը ունեցել է միութենական և հասարակական մի շարք կազմակերպություններ, որոնց շնորհիվ հասարակական, կրթամշակութային կյանքը միշտ եղել է բարձունքի վրա: Դեռևս 1921թ. Բաղդադում բեմադրվել են հայկական թատերական ներկայացումներ, հիմնադրվել է «Հակոբ Պարոնյան» թատերախումբը, ստեղծվել է «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, «Սայաթ-Նովա» երգի-պարի՝ մինչ այսօր գործող համույթը, կազմակերպվել են գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ:
– Տպարա՞ն, մամո՞ւլ…
–Բաղդադի առաջին հայկական տպարանը հիմնվել է դեռևս 1874-ին: 1880-82թթ. Մ.Սվաճյանը հրատարակել է «Փունջ» անվանմամբ տպագիր հանդեսը՝ Ազգային դպրոցի առաջադեմ աշակերտների խմբագրմամբ, եղել է «Տիգրիս» անունով պարբերաթերթ, 1948-ից լույս է տեսել «Գոյամարտ» շաբաթաթերթը, որի աշխատանքները 1958-ից հուլիսյան հեղափոխության պատճառով ընդհատվել են: 2000-ից ցայսօր լույս է տեսնում «Կանթեղ» եռամսյա պարբերաթերթը:
–Տիկի՛ն Սեդա, մեր հարցազրույցի ընթացքում Դուք բավականին բովանդակալից ներկայացրիք իրաքահայ գաղութի պատմության կարևոր դրվագները. ես գիտեմ, որ այդ թեմայով նաև թեկնածուական ատենախոսություն եք պաշտպանել:
–Այո՛: Սկսեմ ավելի խորքից՝ մեր ընտանիքը շատ հայրենասեր, գրասեր է եղել. մորս ձեռքից գիրքը չէր պակասում: Մեծ ընտանիք էինք՝ ինը երեխա, բոլորս էլ ուսումնատենչ էինք և, փառք Աստծո, իննս էլ՝ համալսարանավարտ ենք: Ես և եղբայրս հորս մահից հետո սկսեցինք աշխատել, որպեսզի օգնենք մորս՝ պահելու մեզնից փոքրերին: Հիմա նրանք սփռված են տարբեր երկրներում: Իմ գերագույն նպատակն է բոլորին հավաքել Հայաստանում: Ամուսնուս հետ մեծ փափագ ունեինք Հայաստան տեղափոխվելու. 2001-ին ամուսնուս և մորս մահից հետո ես գրեթե ինձ կապող ոչինչ չունեի այնտեղ և 2004-ի մայիսին եկա իմ երազանքի տուն՝ Հայաստան: Մինչ Հայաստան գալս՝ նավահանգստային ապահովագրական ընկերությունում եմ աշխատել: Ե՛վ տուն կար, և՛ բարձր վարձատրվող լավ աշխատանք, սակայն Հայրենիք չկար, ծննդավայրը Հայրենիք չի դառնա: Եկա Հայաստան, գնացի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, քննություն հանձնեցի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալի՝ Կարեն Խաչատրյանի խորհրդով սկսեցի գրել շատ քիչ ուսումնասիրված Իրաքի հայկական գաղութի պատմությունը: Հայաստանի գիտությունների ակադեմիան այսօր իմ երկրորդ տունն է. երախտապարտ եմ Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանին, իմ գիտական ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին, Կարեն Խաչատրյանին և … իմ կյանքի, իմ ճակատագրի ամենամեծ ու առաջին ուսուցիչներին՝ ծնողներիս, որոնց դաստիարակության շնորհիվ այսօր ես այն եմ, ինչ կամ: Նրա՛նք են եղել իմ կյանքի ամենամեծ դպրոցը:
– Դուք Հայաստան եք եկել ղարաբաղյան գոյամարտից տարիներ անց, երբ մեր երկիրը դեռևս լիովին չէր շտկել մեջքը, դեռ բազում դժվարություններ կային. չե՞ք զղջացել երբևէ…
– Երբե՛ք: Ես մինչ այսօր էլ երջանիկ եմ իմ որոշմամբ, ես եկել եմ իմ մեծ կարոտի կանչով:
– Հայրենասե՛ր հայուհի, ի՞նչ տարբերություն եք տեսնում Ձեր ծննդավայրի և Հայրենիքի հայության միջև:
–Տարբերությունն այն է, որ Իրաքի հայերը շատ ավելի ավանդապաշտ են, և դա օրինաչափ է օտարության մեջ ապրող հայության համար. դա մեր չձուլվելու փրկօղակն է: Մենք շատ կապված էինք եկեղեցուն. Հայրենիքից դուրս եկեղեցին միակ օղակն է, որը միավորում է հայերին: Ինձ համար միակ եկեղեցին Հայ առաքելականն է: Տարբերությունը նաև հավատքի մեջ է, որն այստեղ այդքան էլ զորավոր չէ:
– Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը և առավել սիրելի բանաստեղծությունը:
– Վահան Թեքեյանը և նրա այս տողերը.
Քու հիշատակդ այս գիշեր, զիս լալու չափ կը հուզե.
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կը դառնա, իր հին տեղն ու հին գգվանքը կ՚ուզե,
Կը սեղմըվի գրկիս մեջ, կը բարձրանա կուրծքս ի վեր…
–Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հային:
–Ավանդապաշտ, ազգասեր… Ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերն ապրեն Հայրենիքում և Հայրենիքով:
–Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
– Մի ամբողջ կյանք, որի մի մասնիկն եմ: Հայրենիքը հեքիաթ է, որի մասին երկար եմ երազել, մի խոսքով՝ իրականություն դարձած ու գտած երազ:
–Շնորհակալությո՛ւն, հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի Ձեր դոկտորական աշխատանքի պաշտպանության առիթով:
Կարինե Ավագյան