Արաքս Մանսուրյան. «Մենք կանք…»

Մայիսի 4-ին Կամերային երաժշտության տանը ելույթ կունենա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան: «Կոմիտասի երկրում» խորագիրը կրող երեկոյի հյուրն է լինելու հայ ճանաչված օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Այս մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հայ հանդիսատեսը (և ոչ միայն) հնարավորություն ունի վայելելու սիրված երգչուհու կատարումները: Իսկ «Հայերն այսօրի» ընթերցողները հնարավորություն ունեն «լսելու» Արաքս Մանսուրյանի խոսքը.

– Հոկտեմբերին էի այստեղ, և չէի մտածում, որ ապրիլին կլինեմ Հայաստանում: Բայց որքան մոտենում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ներսումս մեղավորության զգացումն ավելի ու ավելի էր արթնանում: Ինքս ինձ մտածում էի՝ ապրիլի 24-ին ես Հայաստանում չլինե՟մ, ամենամեծ մեղքը գործած կլինեմ ծնողներիս և, առհասարակ, 1,5 միլիոն նահատակների առջև: Անմիջապես տոմս գնեցի և ապրիլի 23-ի առավոտյան հասա Երևան: Ներկա գտնվեցի Սրբադասման արարողությանն ու այդ պահից հույզերս սկսեցին հորդել ամեն պահ: Անմոռանալի երեկո էր, ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Ամեն ինչ շատ հուզիչ էր:

Սրբադասման ժամանակ այնպիսի զգացում ունեցա, որ մեր բոլոր նահատակները հիմա սուրբ են. իմ մեծ հայրերը, մայրերը, մայրիկիս քույրը, եղբայրը, բոլոր-բոլորը սուրբ են: Կարծես հանգստություն է իջնում վրադ ու սկսում ես մտածել, որ նրանք այլևս տառապանքի մեջ չեն, այդ ամենից դուրս են եկել:

Հաջորդ օրը հրավեր ստացա երգելու Ծիծեռնակաբերդում և, բնականաբար, սիրով համաձայնեցի: Սարսափելի ցուրտ էր, բայց այդ պահին այդ մասին չես մտածում: Երբ տեսնում ես, որ քո առջև նստած է Շառլ Ազնավուրը, Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, պաշտոնատար անձինք, ակապելլա երգել հայոց շարականը… մեծ պատիվ էր ինձ համար:

– Տիկի´ն Մանսուրյան, ինչպես շատ-շատերը, Դուք նույնպես ունեք Ցեղասպանության Ձեր պատմությունը:

– Իհարկե, ինչպես բազմաթիվ  հայեր, հատկապես Սփյուռքում ապրող, ես նույնպես ունեմ իմ պատմությունը: Հայրս՝ տիգրանակերտցի Եղիա Մանսուրյանը և մայրս՝ մարաշցի Աննա Փամբուկյանը, անցնում են Դեր Զորի արհավիրքով, հայտնվում են Սիրիայի ամերիկյան որբանոցներից մեկում, տարիներ հետո հանդիպում են միմյանց ու ընտանիք կազմում: Ունենում են իրենց 4 զավակներին՝ մեզ՝ Տիգրանին, Մհերին, Սոնային ու ինձ: Մենք ապրում ենք, այսօր մեզ են «միացել» նաև մեր երեխաները, թոռները: Մենք կանք, և այս բոլորի վկան Արարատն է: Սա է իմ պատմությունը:

– Տիկի´ն Մանսուրյան, Ցեղասպանությունն ի՟նչ հետք է թողել Ձեր ընտանիքի վրա:

– Հայրենասիրության դրոշմ, եթե կարող եմ այդպես ասել: Մայրս շատ հայրենասեր էր, եթե որևէ մեկը գնում էր Հայաստանից, մեծ ցավ էր ապրում, նույնիսկ երբ ես պետք է մեկնեի Ավստրալիա: Մայրս ինձ հետ անգլերեն էր պարապում և անընդհատ հարցնում էր՝ դուն պիտի վերդառնա՟ս, հոն չպիտի՟ մնաս, ասում էի՝ մամա´, չէ, պիտի գամ, շարունակում էր՝ չէ՟ս խաբեր, չէ, մամ ջան, պիտի գամ, ես քեզ մենակ չեմ թողնի:

Պայմանագիր ունեի Սիդնեյի օպերային թատրոնի հետ, մտածում էի՝ կգնամ, կերգեմ ու կվերադառնամ: Բայց… շատ զարմանալի է ճակատագիրը: Պիտի մեկնեի 1994 թվականի հունվարին, 93-ի սեպտեմբերին մայրս մահացավ: Իր հեռանալով նա կարծես ինձ «օգնեց», որ գնամ և իմ աշխատանքով մնամ այնտեղ, ո´չ որպես փախստական: Առ այսօր ես այնտեղ ժամանակավոր եմ:  Քիչ առաջ Մերի-Ջինի հետ(«Genealogy» խմբի անդամ-հեղ.)  հենց այս թեմայով էինք խոսում: Նա ասում էր՝ Դուք պետք է գաք Հայաստան, այստեղ բոլորը Ձեզ սիրում են:

Ես նույնպես բոլորին սիրում եմ, գիտեմ, որ պիտի գամ ու ամեն հարցազրույցի ժամանակ այս մասին եմ ասում: Երբեմն ինձ էլ է թվում, որ այդ պահը չի գալու: Բայց պիտի´ գամ, պարզապես հարցեր կան, սպասում եմ: Աշխատում եմ, ուսանողներ ունեմ, ամուսնուս՝ Հակոբի աշխատանքն է այնտեղ: Նա ևս ուզում է Հայաստան գալ, բայց երբեք Հայստանում չի ապրել: Երկու անգամ է այցելել, սիրահարվել է  Հայաստանին, բայց պիտի ապրես: Ես գիտեմ՝ ինչ ասել է Հայաստանում ապրել, այն իմն է, բոլոր լավ ու վատ կողմերին ծանոթ եմ: Ու ամեն օր նրան ասում եմ՝ Հայաստան, պիտի գնանք Հայաստան:

Հաջորդ տարի 70 տարեկան եմ դառնում (չեմ ամաչում բարձրաձայնել այս մասին) և պիտի արդեն որոշակի լինի որոշումս: Սա ո´չ միայն իմ երազանքն է, այլև երեխաներիս: Ուզում են, որ գամ այստեղ, իմ անկյունն ունենամ, իրենց հետ լինեմ, նրանց կողքին:

Հարցից շեղվեցի… Մայրս պատմում էր, որ որբանոցում իրենց մայրն ունեին: Պատմում էր, թե ինչպես են իր հորը սպանել. երեք տարեկան է եղել, երբ մոր, քրոջ, եղբոր հետ բռնել են գաղթի ճամփան: Ճանապարհին մայրը ցույց է տալիս մի երկաթյա դուռ և ասում՝ այս դուռին հետևը թուրքերը այրեցին Ձեր հորը: Այդ դեպքը շատ էր տպավորվել նրա մեջ, հաճախ էր հիշում: Այս պատկերը նաև միշտ ինձ հետ է, որը երբեք չեմ մոռանա:

Հորիցս որևէ բան չեմ լսել, երևի Տիգրանը լսել է, որովհետև նա ավագն է, և հայրս նրա հետ շատ ավելի մոտ էր, ընկերական: Շատ երիտասարդ տարիքում է հայրս մահացել. ընդամենը 46 տարեկան էր:

Հորիցս շատ բան չեմ հիշում, միայն այն, որ շատ հայրենասեր էր, տանը նույնիսկ «հա» բառը չէինք կարող օգտագործել:

Մենք թրքախոս դրացիներ ունեինք, երկու քույր էին՝ Ադանայից: Մի օր հայրս տուն է գալիս ու լսում է, որ նրանք թուրքական ռադիո էին միացրել ու թուրքական երաժշտություն էին լսում: Հիշում եմ, թե հայրս ինչպես բարկացավ, հայհոյեց, ձեռքը խփեց պատին ու գոռաց, որ անջատեն: Նրանք սկսեցին վիճել հորս հետ: Ես վախից լաց էի լինում: Այդ ամենն այնքան է արմատացել իմ մեջ, որ թուրք բառը լսելիս, ակամայից ատելություն է մեջս առաջանում:

Մենք ծնվել ու մեծացել ենք հայկական մթնոլորտում, հայեցի դաստիարակություն ենք ստացել: Տանը միշտ պիտի հնչեր մաքուր հայերեն, որը ես փոխանցեցի իմ երեխաներին: Եթե այսօր զավակներս՝ Շուշանը, Մարիամը, խոսում են մաքուր հայերեն, հորս, մորս շնորհիվ է:

– Ո՟րն է ամենամեծ ժառանգությունը, որը ստացել եք Ձեր ծնողներից:

– Գուցե կրկնվեմ, բայց հայրենասիրությունը, նաև ձայնը: Ես ժառանգել եմ հորս ձայնը: Ինչպես եղբայրս է հաճախ նշում՝ Արաքսը մեր հոր ձայնն է ժառանգել: Հայրս շատ գեղեցիկ ձայն ուներ: Նա լուսանկարիչ էր: Տանը մի մութ սենյակ ունեինք, որտեղ նա աշխատում էր ու… միշտ երգում: Այնքան գեղեցիկ էր երգում, այնքան հայեցի:

– Ո՟ր երգն էր հաճախ երգում:

– Օհ, հիմա ասեմ՝ Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր… Երգում էր նաև կոմիտասյան, ժողովրդական երգեր:

Ես միշտ հայրիկիս հետ էի, ուր գնում էր, իմ ձեռքը միշտ նրա գրպանում էր: Ինձ շատ էր սիրում. ես ամենափոքրն եմ, երևի դա էր պատճառը: Երբ հանդիպում էինք նրա մուսալեռցի ընկերներին, նրանք հորս ասում էին՝ Եղիա´, բան մը երգե: Հայրս, դիմելով ինձ, ասում էր՝ սպասի, հիմա կուգամ: Ու սկսում էր երգել:

13 տարեկան էի, երբ նա մահացավ:

– Ձեր երգը չի՟ լսել:

– Միայն մեկ անգամ:

Ես տանը երգում էի այն ժամանակ, երբ մարդ չէր լինում: Դպրոցից գալիս էի տուն, միացնում էի Գոհար Գասպարյանի, Ջուան Սազրլենդի ձայնապնակներն ու նրանց հետ սկսում բարձր ձայնով երգել:

Աջափնյակում բնակարան էինք ստացել, և այդ առիթով հյուրեր պիտի գային մեր տուն: Ես երգեցի, ժողովրդական երգ էր, հայրս զարմացած ինձ նայեց. նրա հայացքն առ այսօր հիշում եմ: Ես միանգամից ասացի՝ պա´պ, ուզում եմ երգչուհի դառնալ: Հայրս նայեց ինձ ու ասաց՝ կդառնա´ս աղջիկս, կդառնա´ս: Սա նրա օրհնությունն էր:

– Իսկ Ձեր մայրը երգո՟ւմ էր:

– Այո, մայրս էլ էր շատ անուշ երգում: Երեխաներիս մայրս է մեծացրել: Ես ուսանում էի, երբ Շուշանը ծնվեց: Իսկ երբ ծնվեց Մարիամը՝ Օպերայում էի երգում: Մայրս երկուսի համար օրորոցային ուներ, Տիգրանի օրորոցայինն էր եղել, որն այնքան գեղեցիկ էր: Երբ երգել է Շուշանին, Մարիամին, երկուսն էլ սկսել են լաց լինել: Այնքան նուրբ է երգել, որ դիպել է նրանց սրտին:

Իմ բոլոր ներկայացումներից առաջ, թատրոն գնալուց միշտ մորս ձայնն էի լսում: Մամ, գնում եմ, ասում էր՝ Աստված հետդ, աղջի´կս: Սա լինում էր իմ օրհնությունը բոլոր ներկայացումներից, համերգներից առաջ: Երբ հեռուստացույցով համերգ էի ունենում, անմիջապես հեռաձայնում էի նրան՝ մա´մ, ինչպես է, ասում էր՝ ապրի´ս, աղջիկս:

1993 թվականն էր, Ծաղկազարդին օրհնված ճյուղ էի բերել նրա համար: Հեռուստացույցով «Ո՟ւր ես, մայր իմ» կատարումն էին հաղորդել: Երբ հեռաձայնեցի ու ասացի՝ լսեցիր, պատասխանեց՝ ապրի´ս, աղջիկս, ինձի լացուցիր: Գիտեք ինչ գնահատական է սա ինձ համար (հուզվում է-հեղ.): Դա վերջին տարին էր, մի քանի ամիս հետո նա «գնաց»: Այդ պատճառով նոր ձայնասկավառակս, որտեղ հոգևոր երգեր են ընդգրկված, ծնողներիս է նվիրված:

– Տիկի´ն Մանսուրյան, Հայաստանում եք նաև մեկ այլ առաքելությամբ:

– Անցյալ տարի ելույթ ունեցա ճապոնիայում՝ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի  և դաշնակահար Տակահիրո Ակիբայի հրավերով, ով, անհամեստություն չհնչի, սիրահարված է կոմիտասյան իմ կատարումներին: Համացանցում էր լսել և մինչ այդ ծանոթ չէինք: Երբ ծանոթացանք, հասկացա, որ տաղանդավոր երաժիշտ է, Հայաստանի սիրահար: Կոմիտասյան մրցույթի առաջին մրցանակակիր է:

Համերգը շատ լավ անցավ: Երեկոյի ընթացքում հիմնականում Կոմիտաս հնչեց: Համերգից հետո Տակահիրոն ինձ հարցրեց՝ հաջորդ տարի  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է (նա տեղյակ էր այդ մասին), Հայաստանում ծրագիր ունե՟ք: Ասացի, որ շատ կցանկանամ, որ դու ելույթ ունենաս: Խոսեցի Շուշանի հետ: Որոշ ժամանակ անց նա զանգեց ինձ ու ասաց, որ խոսել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ու նա խոստացել է աջակցել, որ Տակահիրոն ելույթ ունենա Երևանում: Եվ ապրիլի 4-ին, սիրելի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով և Շուշանի օգնությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգը:

Երբ Տակահիրոն իմացավ այդ մասին, խնդրեց, որ ես էլ երգեմ, ասաց՝ սա կերգե՟ք, այս երգը կերգե՟ք: Նա ինձ փորձում էր համոզել: Գիտեք, ես հիմա դասավանդում եմ, կենտրոնացած եմ այս ուղղությամբ: Կարծում եմ, որ կամ պիտի երգես կամ պիտի դասավանդես: Ինձ համար շատ կարևոր է ոչ թե պարզապես երգելը, այլ երգը ճշգրիտ ձևով մեկնաբանելը: Ես սարսափելի բծախնդիր եմ, կատարելության ձգտող:

– Դեռ չե՟ք որոշել ինչ եք երգելու:

– Մտքումս մի քանի երգ կա: Հավանաբար կկատարեմ «Կանչե կռունկ»-ը, «Մարոն ա կայնե»-ն, «Մանի ասեմ»-ը, թերևս Կանաչյանի «Օրոր»-ը:

– Տիկի´ն Մանսուրյան, տեղյակ եմ, որ Դուք շատ եք հպարտանում Ձեր սաներով: Նրանցից մեկը՝ Մերի-Ջինը, (վերջինս ներկա էր մեր զրույցին-հեղ.) ով Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող «Genealogy»  խմբի անդամներից է, Ձեր խորհրդով է առաջարկվել:

 – Շատ հպարտ եմ, որ նա մասնակցում է Եվրատեսիլին: Նրան և խմբին հաջողություններ եմ մաղթում:

Շատ տաղանդավոր երգչուհի է: Երեք տարի աշակերտել է ինձ, մրցույթների դափնեկիր է, շատ բեմերում է երգում, ֆլեյտա է նվագում:

Համոզված եմ, որ ընտրությունը ճիշտ էր: Հպարտ եմ իրենով և հաջողություն եմ մաղթում:

Մեր զրույցին ներկա էր նաև Մերի–Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը, և մի քանի հարց էլ նրան ուղղեցինք:

Մերի–Ջին, ո՟վ է Ձեզ համար Արաքս Մանսուրյանը:

– Նա իմ դիվան է, երաժշտության իմ մայրը, մի խոսքով՝ նա ամեն ինչ է ինձ համար: «Genealogy»  խմբի անդամները շատ են ուզում, որ նա մեր փորձերին ներկա լինի, վարպետության դասեր տա, օգնի մեզ, որ մեր կատարումը ներդաշնակ, կատարյալ լինի, ինտոնացիոն ճիշտ հնչեղություն ունենա:

– Ի՟նչ կարող եք ասել Հայաստանի մասին:

– Շատ հպարտ եմ, որ այցելեցի Հայաստան: Իմ ընտանիքից ես առաջինն եմ, ով այդ հնարավորությունն ունեցավ: Մայրիկիս շնորհիվ, ով Կիպրոսի Մելքոնյան վարժարանն է ավարտել, ես շատ բան գիտեի Հայաստանի պատմության, մշակույթի մասին: Մայրս շատ է սիրում հայկական երաժշտություն: Շատ է սիրում Կանաչյանի «Օրորը» և հատկապես Արաքս Մանսուրյանի կատարումները: Մանուկ ժամանակ նա ինձ համար հաճախ է հայկական երգեր երգել: Այդ ամենն այստեղ է՝ իմ երակներում: Ես զգում եմ դա իմ ողջ էությամբ:

Մայրս Հունաստանում է ծնվել: Մեծ հորս ծնողները Զմյուռնիայից են: Ցեղասպանության ժամանակ նա  կորցրել է իր ընտանիքը և լողալով հասել է Հունաստան: Ֆրանսիական նավի վրա, երբ նա սկսել է ֆրանսերեն խոսել, հարցրել են՝ դու Ֆրանսիայի՟ց ես, պապիկս պատասխանել է՝ ոչ, ես  հայ եմ:

Ես այսօր անչափ հպարտ եմ և հուզված. հպարտ, որ Արաքս Մանսուրյանի նման երգչուհին իմ ուսուցիչն է և շատ հուզված, որ Հայաստանում եմ…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up