ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը Վրաստանում մասնակցեց «Տարածաշրջանային սփյուռքի տնտեսական կոնֆերանս»-ին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/Vrastan.jpg)
Հոկտեմբերի 13-ին Վրաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանում անցկացվեց «Սփյուռքի գլոբալ շաբաթ», որին մասնակցեցին աշխարհի 21 երկրներից ժամանած պատվիրակություններ: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
Սփյուռքի նախարարության պատվիրակության անդամները «Սփյուռքի գլոբալ շաբաթ»-ի շրջանակներում հոկտեմբերի 13-ին հանդես եկան թեմատիկ զեկուցումներով՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության 7-ամյա փորձն ու իրականացրած ծրագրերը, որը ներկաների կողմից ընդունվեց մեծ գոհունակությամբ:
Ֆորումի ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Ներկաներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և կարևորելով նման ֆորումների անհրաժեշտությունը՝ նշեց. «Այսօր մենք բոլորս մասնակիցն ենք շատ կարևոր մի համաժողովի: Սփյուռքի նախարարության համար մի քանի տարին կարճ ժամանակ է, սակայն Վրաստանի սփյուռքի նախարար պարոն Դումբաձեին հաջողվել է շատ կարճ ժամանակում ստեղծել մի կառույց, որն կարողացել է ջերմացնել արտերկրում ապրող վրաց մշակութային գործիչների և գործարարների սրտերը և բերել դեպի Հայրենիք: Ես սրտանց շնորհավորում եմ Վրաստանի սփյուռքի նախարարությանը, որ կարճ ժամանակում հասել է բարձր արդյունքի, և, որի ապացույցն այսօրվա համաժողովն է: Գովելի է այն, որ բարեկամ երկրի նախարարությունը շահեկանորեն կիրառում է մեր փորձը՝ աշխատանքների ավելի արդյունավետ հունով ուղղորդելու համար»:
Ֆորումի ավարտից հետո տեղի ունեցավ ակտիվ և կառուցողական քննարկում: