Կառավարությունը հավանություն տվեց «Արի տուն» 2017թ. ծրագրին

Փետրվարի 2-ին, կառավարությունը հերթական նիստի ընթացքում ընդունվեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացրած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախագիծը:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում` մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը:

2016 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 900 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 38 երկրից: Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի, ճանաչողական հանդիպում-այցելություններ` հանդիպումներ ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ, որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ: Ակնկալվում է, որ «Արի տուն» ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ձևավորվելու է սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:

«Արի տուն» ամառային ճամբարի, ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի հաշվին:

Scroll Up