ՀՀ սփյուռքի նախարարությունը կարողացել է հավաքել Նանսենյան անձնագիր ունեցողներից մի քանիսի ժառանգների տվյալներ

Նանսենյան անձնագրի բնօրինակ այսօր ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտում չկա: WomenNet.am-ի հետ զրույցում ինտստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ անձնագրի բնօրինակ ձեռք բերելը շատ թանկ հաճույք է:
«Թանգարանում նանսենյան անձնագրի որևէ բնօրինակ չունենք, կան պատճենները: Այն թանկ հաճույք է, բայց լինելու դեպքում էլ թանգարանը պատրաստ է վճարել և ձեռք բերել այն»,-ասաց Դեմոյանը:
2011 թվականին, երբ լրանում էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, հոբելյանական միջոցառումների ծրագրում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողների և նրանց ժառանգների մասին տվյալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճենները, լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հուշագրություններ և այլն):
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը WomenNet.am-ին ասաց, որ դա եղել է կառավարության հանձնարարությունը: Նախարարությունը կարողացել է հավաքել Նանսենյան անձնագիր ունեցողներից մի քանիսի ժառանգների տվյալներ:
«Նրանք բերել էին ծնողների անձնագրերի պատճենները: Նանսենյան անձնագիր ունեցողներից որևէ մեկն այսօր ողջ չէ»,-ասաց Ֆ. Զաքարյանը:
Ֆ. Զաքարյանի խոսքով, հավաքած տվյալներն ամբողջությամբ այս պահին գտնվում են կառավարության տրամադրության ներքո:
Հիշեցնենք, որ Նանսենի անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ 1922թ. Ժնևում գումարված համաժողովի ժամանակ որոշում կայացվեց փախստականներին և հայրենազուրկներին շնորհել անձը հաստատող ժամանակավոր վկայականներ` «Նանսենյան անձնագրեր», որոնց վրա զինանշանի փոխարեն փակցված էին Նանսենի դիմանկարով նամականիշեր:
Ազգերի լիգայի 1924թ. հուլիսի 12-ի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 320.000 հայերի աշխարհի տարբեր երկրներում շնորհվեցին «Նանսենյան անձնագրեր»: Այդ անձնագրերի ձեռքբերումով վերապրողները այս համաժողովի մասնակից երկրներում ազատ տեղաշարժվելու իրավունք ստացան, և նրանց նկատմամբ դադարեցին գործել մինչ այդ քաղաքացիություն չունեցողների համար կիրառված սահմանափակումները:
Հ. Կարապետյան