Radikal. Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին,  ընդամենը մի քանի օր է մնացել, և Անկարան արդեն խուճապի մեջ է: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Թուրքական «Radikal» պարբերականի վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը: Նա վերլուծել էպաշտոնական Անկարայի քայլերն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջացրած իրարանցումը Թուրքիայում:

«Անկարան փորձում է զգացնել չտալ, բայց միմյանց հաջորդող բանաձևերի պատճառով մեծապես անհանգստացած է» – նկատել է տալիս Դեմիրթաշն ու անդրադառնում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նախօրեին հրապարակված ցավակցական հայտարարությանը: Ըստ նրա Դավութօղլու հայտարարությունը Էրդողանի նախորդ տարվա  ուղերձից տարբերվում է մասնավորապես այն բանով, որ հրապարակվել է ոչ թե ապրիլի 24-ից մեկ,  այլ չորս օր առաջ:

«Կարելի է ասել, որ այդպիսով Անկարան նպատակ ունի  Թուրքիայի այդ ժեստը երկար պահել օրակարգում, որպեսզի խոսվի, քննարկվի և իր ազդեցությունն ունենա բոլոր այն երկրների վրա, որոնք կարող են ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունենալ»:

Բացի այդ Դավութօղլուի հայտարարության մեջ ուշագրավ նորույթը, ըստ Դեմիրթաշի, այս տարի ապրիլի 24-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում կայանալիք պատարագի մասին հիշատակումն է, որը կարող է գնահատվել որպես Թուրքիայի կողմից փորձ՝ հասկանալու ապրիլի 24-ի իրողությունը և նոր կերպ արտահայտվելու:

Դեմիրթաշը նաև նշում է, որ բոլորովին պատահական չէ Դավութօղլուի ցավակցական հայտարարության հրապարակումը հենց այն օրը, երբ պարզ դարձավ, որ Գերմանիան, ամենայն հավանականութամբ, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ին հաստատելով ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագում ներկայացվելիք բանաձևը:

«Դավութօղլուի հայտարարության այն տողը, թե «մենք կոչ ենք անում բոլոր երրորդ կողմերին՝ ոչ թե փորփրելու պատմական վերքերը, այլ որդեգրելու արդար հիշողության և համերաշխ ապագայի տեսլականի վրա հիմնված մոտեցում», իրականում ուղղված է Գերմանիային և բոլոր այն երկրներին, որոնք այս պահին գտնվում են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաշեմին: Այլ կերպ ասած Դավութօղլուի այս խոսքերը կարող են գնահատվել իբրև նախազգուշացում», -գրում է Դեմիրթաշը:

Ըստ հեղինակի՝ եթե Եվրախորհրդարանի՝ ապրիլի 24-ից ընդամենը մի շաբաթ առաջ ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումից հետո հիմա էլ Գերմանիան  միանա ցեղասպանությունը ճանաչած եվրոպական առաջատար երկրներին՝  Ֆրանսիային, Հոլանդիային, Հունաստանին և մյուսներին, ապա կարելի է ասել, որ  Թուրքիան  Եվրոպայում արդեն տանուլ է տվել  «ցեղասպանության  պայքարը»:  Դա նաև բացասաբար կազդի  Եվրամիությանն անդամակցելու թուրքական գործընթաց ի վրա:

Հոդվածագիրը նաև նկատել է տալիս, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հենց ապրիլի 24-ի նախօրեին մեկնել է ԱՄՆ, որպեսզի կանխի ապրիլի 24-ին սպասվելիք Օբամայի ելույթում «ցեղասպանություն» տերմինի գործածումը:

Ամփոփելով, հեղինակը եզրակացնում է. «Թուրքիան փորձում է զգացնել չտալ, սակայն ակտիվ դիավանգիտական գործունեություն է ծավալում, որպեսզի ապիլի 24-ից հնարավորինս քիչ վնասներ կրի»:

Scroll Up