Հացառատում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան­ խաչքար

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի» միջոցներով բացվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան­խաչքար:

«Արմենպրես»-­ի տեղեկացմամբ՝ նորակերտ հուշարձան­ խաչքարը տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին, բնակավայրի արեւմտյան հատվածի բարձունքում: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գավառի տարածքի գյուղական համայնքների ղեկավարները, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հացառատ թաղամասը ներկայացնող անվանի մտավորականներ, պատանի երկրապահներ, բազմաթիվ հացառատցիներ: Հուշարձան­խաչքարի բացման նախապատվությունը տրվեց Արցախյան ազատամարտում զոհված ազտամարտիկների ծնողներ Խաժակ Բալաբեկյանին եւ Էմմա Տիժոյանին: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան­խաչքարի բացման օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:

Նորաբաց հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատանի երկրապահները: Ելույթներով հանդես եկան հայտնի գիտնական­մտավորականներ, ծնունդով հացառատցի Ազատ Եղիազարյանը, Ռաֆիկ Եդոյանը, Լալիկ Խաչատրյանը: Գրական­երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների աշակերտները եւ մանկապարտեզի սաները:

«Անցյալ դարում հայ ժողովրդի գլխին երկու արհավիրք պայթեց՝ Մեծ եղեռնը եւ Հայրենական Մեծ պատերազմը: Երկու դեպքում էլ դրված էր մեր գոյության հարցը, եւ երկու դեպքում էլ կարողացանք վերապրել դաժան փորձությունները: Շատ ճիշտ եմ համարում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման վայրը, քանի որ դրանով մեկտեղվում են հիշատակներն այն մարդկանց, ովքեր զոհ են գնացել մեր թշնամիների վայրագություններին: Մեր սերունդները միշտ պետք է ոգեկոչեն հայ անմեղ նահատակների սուրբ հիշատակը եւ իրենց հոգում վառ պահեն ազգասիրության կրակը, որպեսզի այլեւս մեզ նման արհավիրքներ չսպառնան»,­ նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը: Հուշարձան­խաչքարի քանդակագործը ծնունդով հացառատցի Մարատ Ասոյանն է: Հուշարձանն ունի 95 սանտիմետր լայնություն եւ 191 սանտիմետր բարձրություն:

«Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»­ի միջոցներով նորաբաց հուշարձանի տարածքում տնկվել է 300 ծառ, անցկացվել է գիշերային լուսավորվածության ցանց: Խոսրով Խլղաթյան

Scroll Up