«Մենք քարի ճարտարապետություն ունենք, որն արդեն կերտված է». Գոհար Թութունջյան

Երևանում ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության 3-րդ համաժողովը: «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Քաթարից համաժողովին մասնակցող ճարտարագետ, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի համանախագահ  Գոհար Թութունջյանի հետ:

– Տիկի′ն Թութունջյան, սա արդեն Ճարտարագետների թվով 3-րդ համաժողովն է. Ձեր կարծիքով ի՞նչ կարող է տալ այն, ի՞նչ կարող է ավելացնել հայ ճարտարապետության, ճարտարագիտության պատմության էջերին, մեր ժամանակներում ձևավորված նորարարական մոտեցումներին և համաժողովի մասնակիցներին: 

– Մեր նպատակն է Համահայկական ասոցիացիայի միջոցով այս մասնագետներին հավաքել մի տանիքի ներքո, որի հետ կարող ենք աշխատել ասոցիացիայի հայտարարած գլխավոր հիմնասյուների հիման վրա. այդ հիմնասյուների մանրամասները մենք հրապարակելու ենք մեր պաշտոնական կայք-էջում, դրանք լինելու են դիրեկտիվները` շատ հստակ, պարզ ու հասանելի: Առաջինը լինելու է ողջ Սփյուռքով մեկ տարածված մեր հայրենակիցների, մասնագետների, ընկերությունների, շինարարական խմբերի, կազմակերպությունների (եթե անգամ այն չունի հայկական ծագում, սակայն թեկուզ մի հայ է աշխատում այնտեղ) տվյալների բազայի հավաքագրումը, մեկտեղելը մի շտեմարանում: Այդ կազմակերպություններին կարող ենք կապել Հայաստանի նմանատիպ կազմակերպությունների հետ, իսկ սրա առանցքում արդեն գալիս է 2-րդ հիմնասյունը` երիտասարդ մասնագետների օղակը, ովքեր, վերապատարստվելով, կկարողանան այդ երկու կազմակերպություններին կապել` ի շահ մեր Հայրենիքի տնտեսության, ճարտարագիտական մտքի զարգացման: 3-րդ հիմնասյունը միտված է զարգացնելու մեր դիզայներական արտադրությունը, արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների միջոցով ցույց տալու Հայաստանի, հայկական դիզայներական արվեստի դիմագիծը: 4-րդ հիմնասյունը միտված է ասուլիսներով, հրատարակություններով, հրապարակումներով, գրքերով, համաժողովներով օգնել երիտասարդ մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան կայանալ նախընտրած ոլորտում: 

– Տի′կին Թութունջյան, համաժողովի ընթացքում հետաքրքիր թեմաներով բազամաթիվ ուշագրավ ելույթներ եղան. արդյոք հայկական ճարտարապետությունը հետաքրքրո՞ւմ է Եվրոպային ու եվրոպացիներին: 

– Անշո′ւշտ: Մի փոքր օրինակ բերեմ. երկու տարի առաջ ես Անգլիայում էի, ուր Խորհրդային ճարտարապետության ցուցահանդես էր կազմակերպվել, որում հայկական ճարտարապետությունը մի առանձնահատուկ տեղ ուներ. այն վերնագրված էր` «20-րդ դարի հայկական ճարտարապետական դպրոցը», իսկ 20-րդ դարը դեռ երեկ էր, և մենք շարունակում ենք լավագույն ավանդույթները:

Մեր հինավուրց և ինքնատիպ հայկական ճարտարապետությունից օտարներն արդյոք որևէ դետալ ընդօրինակո՞ւմ են, ասենք` որևէ զարդանախշ:

– Անպայմա′ն: Զարդանախշը արտաքին հարդարանքն է, բայց… մենք ունենք քա′ր, քարի ճարտարապետություն, որը չկա Արաբական երկրներում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում և այլուր: Շատ կարևոր է շինարարական նյութը. մի տեղ աղյուսն է, մի տեղ` փայտը, մի այլ տեղ` ծեփը, կավը, իսկ մենք քար ունենք` տուֆ, տրավերտին, բազալտ, մարմար, ֆելզիդ… Մենք քարի ճարտարապետություն ունենք, որն արդեն կերտված է: Շինարարական նյութը շատ հետաքրքիր ձևով ազդում է տեղի ճարտարապետության վրա: Քարը մեր առավելությունն է ճարտարապետության բնագավառում: Մյուսը ծավալատարածական մոտեցումն է քարի նկատմամբ. մենք քարից կոթողներ ենք կերտում, որոնք անչափ ժամանակակից են իրենց սիմվոլիկայով, դրանից ավելի կայացած ճարտարապետություն ես չեմ տեսնում:

Տի′կին Թութունջյան, տարբեր երկրներից ժամանած համաժողովի մասնակիցները լսեցին միմյանց, շփվեցին, կարծիքներ փոխանակեցին… Արդյոք որևէ երկրից ժամանած մի ճարտարապետ կարո՞ղ է իրեն դուր եկած միտքը, ճարտարապետական և ճարտարագիտական, դիզայներական հետաքրքիր դետալն օգտագործել իր ապրած երկրում, դասախոսել այդ թեմայով:

– Ամեն հայ մասնագետ ցանկություն ունի արարել Հայաստանում, իսկ ի՞նչ կարող է անել արտերկրում. ձևաչափեր է պետք փնտրել, համագործակցության ձևեր: Համաժողովի բոլոր նյութերը հրատարակվելու են, նաև հրապարակվելու են մեր պաշտոնական կայք- էջում, և ցանկացողները, հետաքրքրված մասնագետները կարող են կարդալ, ծանոթանալ, օգտվել:

– Ի՞նչ հետաքրքիր թեմա կառանձնացնեք, որի իրագործումը նաև շատ կարևոր կլինի Հայաստանի ներկայիս տնտեսության համար:

-Գրեթե բոլոր թեմաները հետաքրքիր էին , ուսանելի, կիրառելի, օգտակար. շատ եմ կարևորում «Էներգիա խնայող շինությունների նախաձեռնությունը Հայաստանի համար» թեման:

– Դե ինչ, տի′կին Թութունջյան, շնորհակալություն բովանդակալից հարցազրույցի համար: Հուսանք, որ Ձեր բնութագրմամբ` այս 3-րդ` թիրախային համաժողովին հաջորդող 4-րդ համաժողովի ընթացքում արդեն կխոսեն շոշափելի արդյունքների մասին:

Կարինե Ավագյան

Scroll Up