«Ուզում եմ, որ իմ թոռներն ավելի ծաղկած Հայաստան տեսնեն». Անի Քալաֆյան

Անի Քալաֆյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում: Հայրենիք վերադառնալու որոշումը միանգամից է կայացրել: Չնայած այստեղ հանդիպած դժվարություններին՝ Անին կարծում է, որ այս որոշումը իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է: Հայրենադարձ Անիի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը խոսել է հայրենի բնության, հայրենիքից հեռու ապրելու կարոտի և ապագա ծրագրերի մասին:

Անի՛, գիտեմ, որ ծնողներդ ԱՄՆ են տեղափոխվել Իրանից: Ու՞ր են տանում պապերիդ արմատները և ինչպե՞ս դրանք հասան օվկիանոսից այն կողմ:

 – Այո՛, ծնողներս Իրանից Ամերիկա են տեղափոխվել իրանյան մեծ հեղափոխությունից առաջ` հաստատվելով Սան Ֆրանցիսկոյում: Սակայն արմատներս սերում են հայրենի լեռնաշխարհի տարբեր մասերից: Հայրիկիս տատիկը Վանում է ծնվել, սակայն Հայոց ցեղասպանության հետևանքով հայտնվել է ներկայիս Ուկրաինայի տարածքում, ապա անցել Ռուսաստան, այնտեղից էլ՝ Պարսկաստան: Այստեղ էլ հանդիպել է պապիկիս, որի արմատները ձգվում են դեպի Արցախ:

Այսպիսով՝ նրանցից մեկը պայքարի գնով կորսված, մյուսը պայքարի գնով ազատագրված տարածքներից են: Մայրիկիս կողմը ևս Իրանում է հայտնվել Եղեռնի տարիներին: Մորս տատիկը կարողացել է մարդկաց բժշկել՝ ազատելով նրանց բացասական մտքերից ու էներգիայից: Գենետիկայի ուժով այդ ձիրքը ինձ է փոխանցվել: Այսօր ես շատ եմ հետաքրքրված մեդիտացիայով և ռենկարնացիայով: Փորձում եմ նաև բնությունից փոխանցված շնորհս լրացնել տեսական գիտելիքներով:

Անի՛, ճակատագրի բերումով նախնիներդ աշխարհ են պտտել: Ինչպե՞ս որոշեցիր սկզբնակետն ու վերջնակետը միացնել իրար՝ ի վերջո վերադառնալով Հայաստան:

– 2002 և 2004 թվականներին ծնողներիս հետ եկել եմ Հայաստան հանգստանալու նպատակով: Այն ժամանակ Հայաստանը բոլորովին այլ էր: Ես միշտ էլ սիրել եմ Հայաստանը, սակայն այդ ժամանակ դեռևս չէի մտածում վերադառնալու մասին:

2014-ին Birthright Armenia ծրագրի շրջանակներում՝ որպես կամավոր, տասը տարվա ընդմիջումից հետո այցելեցի հայրենիք: Ամենը այլ էր: Ես տեսա երիտասարդների մի սերունդ, որը ուժեղ է, խելացի, ճարպիկ ու աշխատասեր: Ամենուր արվեստի մի մասնիկ կա, կյանքը եռում է, գիշերային Երևանը աննկարագրելի է իր գեղեցկությամբ: Երկու շաբաթով վերադարձա Նահանգներ՝ ծնողներիս որոշմանս մասին տեղյակ պահելու: Նրանք ուրախ էին ինձ համար, և իրենք էլ մեծ սիրով կտեղափոխվեին այստեղ, եթե չլիներ աշխատանքը և տունը թողնելու խնդիրը:

Ինձ համար էլ էր, բնականաբար, դժվար. ես այնտեղ թողնում էի իմ աշխատանքները (աշխատում էի երեք վայրում), նույնիսկ Սան Ֆրանցիսկոյում բարմենի գործով էի զբաղվում, բայց հիմնական աշխատանքս հեռուստատեսությունում էր, պրոդյուսերական գործ էի կատարում, երբեմն՝ սցենարներ գրում: Սակայն այնտեղ ապրելը շատ թանկ է:

Հայաստանում աշխատում եմ մի քանի վայրում՝ Bars media ընկերությունում, հանդես եմ գալիս PR ոլորտում, սոցիալական մեդիայի նորարարություններով եմ հետաքրքրված, նաև թարգմանություններ եմ անում: Մասնակցում եմ բարեգործական տարբեր միջոցառումների, փորձում ենք օգնել մարդկանց:

Այստեղ էլ դժվարություններ կան. ես մենակ եմ ապրում, կարոտում եմ ընտանիքիս, քրոջս փոքրիկը մեծանում է ինձնից հեռու, սակայն ինձ այս հողի հետ շատ բան է կապում:

Քեզ հայրենիքին կապող օղակներից որո՞նք հատկապես կառանձնացնես:

 -Գիտեք՝ ես երբեք հայկական դպրոց չեմ գնացել, հայերեն խոսել ենք ընտանիքում միայն: Այն սփյուռքահայերը, որոնք ապրում են հայկական մեծ համայնքներում, շփվելով միմյանց հետ, հայրենիքի կարոտը այդ ձևով են լրացնում, հյուրընկալվում են իրար, հայկական խնջույքներ կազմակերպում: Այսպես ասած՝ իրենց հայրենիքի երազը փորձում են օտար հողի վրա իրականություն դարձնել:

Ես այդ հնարավորությունից զրկված եմ եղել: Դրա համար էլ ինձ իրական պատմական հայրենիքս է ձգել: Երբ եկա այդ հայրենիք, սիրահարվեցի նրա բնությանը, ջրին, որի մեջ մի տեսակ մագնիսականություն կա: Հիմա երբ տարվա մեջ մեկ-երկու անգամ գնում եմ Ամերիկա, այնտեղ ախորժակս փակվում է, մաշկս ջրից չորանում է: Ես բուսակեր եմ, այստեղ մերգերն ու բանջարեղենը շատ մաքուր են: Դրսում դրանք արհեստական են աճեցվում, քիմիական նյութեր շատ են պարունակում:

Եվ վերջապես՝ ես այստեղ ինձ ազատ ու ապահով եմ զգում: Ամերիկայում մարդիկ կարծում են, թե իրենք ազատ են, բայց միայն կարծում են:

 – Անի՛, ասացիր, որ հայրենի բնությունը շատ ես սիրում: Որտե՞ղ ես հասցրել լինել և ո՞ր վայրերն են քեզ առավել դուր եկել:

– Երբ Երևանից դուրս գալու հնարավորություն եմ ունենում, բաց չեմ թողնում: Հայաստանյան գյուղերում, որ բնության մեջ են ծվարած, մեծ էներգետիկ դաշտ կա: Հատկապես սիրել եմ Տաթևը, հասցրել եմ վեց-յոթ անգամ լինել այնտեղ: Արցախում եմ եղել: Նրա բնության գեղեցկությունն ու ներդաշնակությունը ոչնչի հետ չեմ փոխի: Հեռավոր ապագայում նշանածիս հետ պլանավորել ենք այնտեղ տուն գնել: Արցախցիները շատ բարի ու լուսավոր մարդիկ են, չնայած որ տխուր պատմություն ունեն: Նրանց համար կյանքը արժեք ունի, նրանք կռիվ են տալիս իրենց հողում մնալու համար: Շատ եմ սիրում նաև Գառնիի տաճարը: Այն կապվում է հեթանոսական շրջանի հետ, իսկ ես մեր պատմության այդ շրջանը շատ եմ ուսումնասիրել: Ամերիկայում շատ ժամանակ չէի ունենում եկեղեցի գնալու համար , իսկ այստեղ մեր հին վանքերը շատ եմ սիրում:

Ծրագրում եմ մի օր գնալ Արևմտյան Հայաստան: Վերջերս ներգրավված էի մի ծրագրում, որը ի կատար ածեցին Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը: Նրանք Մատենադարանի ձեռագրերում գտան հին հայկական երգերը, դրանք համադրեցին նոր գործիքավորման հետ և երգեցին Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի տարբեր վանքերում, այդ ամենը նկարահանվել է և վերածվել մի ֆիլմի:

Դիտողները պատերին կարող են տեսնել վանքերի նկարները և լսել երաժշտությունը: Ներկաների մոտ մի տեսակ ներկայության պատրանք է ստեղծվում:

Ինչպիսի՞ ուղիներ ես դու առաջարկում Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար:

– Մենք քրիստոնյա երկիր ենք բառի բոլոր իմաստներով: Ամբողջ Եվրոպան գնում է իտալական եկեղեցիները տեսնելու: Այո՛, դրանք շատ գեղեցիկ են, սակայն չես համեմատի Խոր Վիրապի, Տաթևի վանական համալիրի, Գանձասարի հետ, որտեղ Աստծո տունը իր ստեղծած բնության մեջ է, միայն քար ու ճարտարապետություն չեն, հավատ կա, ուժ կա, աստվածայինն է իշխում: Մեր տոներն էլ են շատ լավը: Պիտի շահագրգռել օտարերկրացիներին, որ գան այդ տոներին մասնակցելու: Տեսեք՝ ԱՄՆ-ում Սուրբ Զատիկը նշելու համար ահռելի գումարներ են ծախսում, նվերներ գնում, կոմերցիան շատ է:

Փետրվարի 13-ին Վանաձորում Տեառընդառաջն էինք տոնում: Գումար ծախսել պետք չէ, միայն կրակ ու լավ տրամադրություն է անհրաժեշտ: Ես նաև ֆեյսբուքյան էջ ունեմ՝ Energy Healing Armenia, նկարահանում եմ այդ ամենը և տեղադրում, մեր պատմության, ավանդույթների մասին եմ գրում, նյութերիս նկարներ կցում:

Շատ հետաքրքիր է Սուրբ Սարգիսի տոնը: Անցած տարի ես առաջին անգամ աղի բլիթ կերա և տեսա իմ ապագա նշանածին, որի անունը ևս Սարգիս է:

Անի‘, Սարգիսը ևս հայրենադարձ է: Որտեղի՞ց է նա եկել, և ինչպե՞ս հանդիպեցիք:

– Սարգիսը սիրիահայ է: Պատերազմի պատճառով վերադարձել է հայրենիք: Մեզ ծանոթացրեց իմ լավ ընկերներից մեկը: Սկզբում ընկերական էինք շփվում, սակայն անցած տարի իմ տարեդարձին Սարգիսը ինձ խոստովանություն արեց. այդ ժամանակ ծնողներս էլ էին այստեղ: Դա անակնկալ էր ինձ համար: Մենք շատ տարբեր մարդիկ ենք. ես չափից դուրս ամերիկահայ եմ, իսկ նա՝ չափից դուրս սիրիահայ: Սկզբում նրա արևմտահայերենը չէի հասկանում, բայց հիմա արդեն սովորել եմ: Նա այստեղ է իր ընտանիքի հետ, և եթե նրանք պատերազմից հետո հետ գնան, դա կլինի միակ պատճառը, որ ես կլքեմ Հայաստանը՝ իր հետ գնալու համար:

Ես ցավում եմ, որ շատերը հեռանում են հայրենիքից: Ուզում եմ՝ իմ թոռներն ավելի ծաղկած Հայաստան տեսնեն: Ես դրա համար եմ այստեղ:

Անի՛, և մեր վերջին ավանդական հարցը: Ո՞րն է քո խորհուրդը բոլոր այն հայերին, որոնք ցանկանում են օտար ափերից հետ գալ, բայց տատանվում են:

 – Թո՛ղ գան ու տեսնեն Հայաստանի գարունը, այստեղի մարդկանց, երիտասարդությանը: Երբ դպրոցում իմ դասընկերուհին ինձ փորձում էր համոզել, որ Ցեղասպանություն չի եղել, ես նրա հետ կռվեցի և ինձ անգամ դասարանից դուրս թողեցին:

Հիմա եմ հասկանում, որ արդարացի դատավճռի կարող ենք հասնել միայն մեկ բռունցք դառնալով: Ավելի ամրացնենք Հայաստան-Սփյուռք կամուրջը, որը գուցե շատ հայրենադարձների հայրենիք բերի:

Ամալյա Կարապետյան

Անի3Անի4ԱնիԱնի1 Անի2

Scroll Up