ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սիրիայում ապրող ՀՕՄ-ուհիներին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ՀՕՄ Սիրայի պատվիրակության անդամներ Զեփյուռ Ռեիսյանին, Աննա Տեր-Հակոբյանին, Հռիփ Կանայանին, Թալին Մինասյանին և Անի Մուրադյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը նրանց անվանեց «Սիրիայում ապրող  հերոսուհիներ, ովքեր ամենօրյա ռմբակոծությունների և բռնությունների պայմաններում շարունակում են ազգային-հասարակական գործունեությունը»: Այնուհետև, նախարարը խնդրեց մանրամասն պատմել Սիրիայի տարբեր շրջաններում գտնվող հայության  վիճակի մասին:

 Ներկայացնելով իրավիրճակը՝ հյուրերը նախարարին խորին շնորհակալություն հայտնեցին սիրիահայության հանդեպ ցուցաբերվող սրտացավության և պատրաստակամության համար և հանձնեցին Հալեպի Հայ ծերանոցի տնօրեն Ավո Գաթրճյանի և Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչության ատենադպիր Մարալ Դիքպիքյանի ու ատենապետ Հռիփ Կանայանի շնորհակալական նամակները՝ ուղղված նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ում նախաձեռնությամբ ազգային բարերար, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց օրհասական վիճակում հայտնված Հալեպի Հայ ծերանոցին:

«Մղձաւանջային Հալեպեն եւ յատկապես Հայ Ծերանոցէն մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք Ձեզի, Ձեր ուշադրութեան, ազնիւ վերաբերմունքին, բծախնդիր հոգատարութեան եւ զանազան տեսակի օժանդակութեան համար, քանի որ Ձեր կատարած ամէն տեսակի ներդրումը մեծապես օգտակար կը դառնայ մեզի՝ մեր դիմագրաւած բազում դժվարութիւնները յաղթահարելու», – նշված է Ավո Գաթրճյանի նամակում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ սիրիահայ հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելը նախարարության աշխատանքի առաջնահերթություններից է, և նախարարությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի նրանց խնդիրները Հայրենիքում արագ լուծում ստանան:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց ՀՕՄ-ի պատգամավորական ժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ օգնության միության միջև  համագործակցության հուշագրի ստորագրումը, որը լայն հնարավորություններ կտա հետագա համագործակցությունն ընդլայնելու ճանապարհին:

a1 a2

Scroll Up