Հորդանանի «Երևան» երգչախմբի անդրանիկ ելույթը Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին մասնակցում էր նաև Հորդանանի Ազգային, մարզական միության «Երևան» երգչախումբը: Երգչախումբ, որը հիմնադրվել է 2008 թվականին՝ Գառնիկ Սոսոյանի ջանքերի շնորհիվ:

«Փառատոնին մասնակցությունը՝ առաջին ելույթն էր Հայաստանում, որը կայացավ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վարդուհի Թորոյանի կատարած աշխատանքի շնորհիվ: Իսկ մինչ այդ երգչախումբն իր կարճ գործունեության ընթացքում ելույթներ է ունեցել միայն Ամմանում՝ մասնակցելով փառատոների, ակումբային և համայնքային միջոցառումների»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հորդանանի Ազգային, մարզական միության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը:

Երգչախումբը երկսեռ է, բազմանդամ, բայց Հայաստան ժամանել էր 16 հոգով. 11 երգիչ և 5 երաժիշտ, որոնք նվագում են Հորդանանի ազգային նվագախմբում: 5 երաժիշտներից 4-ը՝ արաբ են, որոնք Հայաստանից հեռացել են հիացած ու վառ տպավորություններով:

Հորդանանի Ազգային, մարզական միությունն այս տարի նշում է ստեղծման 60-ամյակը: Հիմնադրվելով 1955 թվականին՝ միությունը որդեգրում է գործունեություն, որի հիմնական առանցքը ազգային, ավանդական նկարագրին հավատարիմն մնալն է:

«Միությունը փորձում է Սփյուռքում հայկական օջախ լինել, հայերին իր շուրջը համախմբել՝ մշակութային ձեռնարկների, ավանդույթների շուրջ: Ունենք «Սպիտակ» պարախումբը, որը 2013 թվականին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Պարախումբը ելույթներ է ունենում ինչպես համայնքային միջոցառուների, այնպես էլ կառավարական տոների ժամանակ: Միությանը կից գործում է «Հակոբ Պարոնյան» թատերախումբը, որն իր մոտ կեսդարյա պատմության ընթացքում 10-12 ներկայացում է բեմադրել ու ներկայացրել ոչ միայն Հորդանանում, այլև նրա սահմաններից դուրս: Թատերախումբը վերջերս «Արշակ Երկրորդ» ներկայացմամբ հանդես եկավ Դամասկոսում»,-նշեց պարոն Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը, որպես Հայոց ցեղասպանության հանձնախմբի անդամ, իր մասնակցությունն է բերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հորդանանի հայկական համայնքում իրականացվող միջոցառուներին: Նա հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններով, զրույց-հանդիպումներ է ունեցել երիտասարդների հետ, ովքեր և, պարոն Հակոբյանի խոսքերով, ժառանգելու են մեր մշակութային և ավանդական հարստությունը:

«Մեզ անհանգստացնողն այսօր մայրենիի խնդիրն է: Ցավոք, մեր երիտասարդներից շատերը հայերենին չեն տիրապետում: Լավագույն դեպքում կարողանում են միայն շատ պարզ, առօրյա խոսակցություններին մասնակից լինել: Եվ այս բացն է, որ միությունը փորձում է լրացնել՝ տարբեր ձեռնարկների ու աշխատանքների միջոցով»,-իր խոսքը եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up